ՀամայնքՔաղաքական

ՓՈԹՈՐԿԻ ՄԷՋ «ԱԼԻՔ»-Ի ՁԱՅՆԸ

Տարեվերջի այս համարը լոյս է տեսնում մի ժամանակ, երբ օրացոյցի խաղաղ հերթականութիւնն է խախտւած։ Մեզ են մօտենում արձակուրդային օրերը, որոնք այս անգամ ոչ միայն Նոռուզի տօնական դադարն են, այլեւ պատերազմի ստւերով փակւած, երբեմն էլ՝ քաղաքի վրայից անցնող պայթիւնների արձագանքով լռած օրեր։

Այսպիսի պայմաններում ուրախ պատգամով թերթային խօսքը՝ լարից ընկած թաւջութակի ձայնի պէս կը լինէր։ Առաւել եւս, երբ թերթի ներսի էջերը լի են պատերազմի հետքերով, մարդկանց պատմութիւններով, կորուստների ու դիմադրութեան վկայութիւններով։

Այնուամենայնիւ մամուլի առաքելութիւնը միայն իրականութեան մերկ նկարագրութիւնը չէ։

Այս տարեվերջը մեզ համար նաեւ յիշեցում է մի այլ սկզբի մասին։ Մօտ իննսունհինգ տարի առաջ՝ նոյն այս օրերին, մարտի 21-ին, լոյս տեսաւ «ԱԼԻՔ»-ի առաջին համարը։ Այդ օրւանից ի վեր «ԱԼԻՔ»-ը, տարիների ընթացքում արմատներ ձգելով համայնքի կեանքի մէջ, դարձել է հաստաբուն ծառ, որը չի խոնարհւել պատերազմների, փոթորիկների եւ ժամանակի ծանր հողմերի առաջ, եւ շարունակել է կանգուն մնալ՝ վստահելի ստւեր դառնալով համայնքի ձայնի եւ յիշողութեան համար։

Այս օրերին նաեւ մեր թւային հարթակներից մէկում բացւած «ԱԼԻՔ»-ի լրահոսը դարձաւ փոքրիկ, բայց կենսական կապ։ Այն պահին, երբ վերեւից երկինքը երբեմն կրակ էր թափում մարդկանց գլխին, այդ ալիքը եկաւ յիշեցնելու, որ «ԱԼԻՔ»-ը չի նահանջելու ոչ մի պայթիւնի ալիքից։ Իր առաքելութիւնը գիտակցելով՝ այն կը մնայ համայնքի կողքին, կը կիսի նրա ցաւն ու ուրախութիւնը, դժբախտութիւնը կը չափի նւազագոյն վնասների ակնոցով՝ ամէն ինչից վեր դասելով մարդկային կեանքի արժէքն ու դրա պաշտպանութիւնը։

Այդ նոյն հարթակում մենք երկու օրում միասին դարձանք հազարից աւելի։ Թիւ, որը մեզ համար պարզ վիճակագրութիւն չէ, այլ վստահութեան չափ։ Եւ կուզենայինք բախտը ժպտայ այնքան ժամանակ, որ այս թիւը առիթ ու ժամանակ չունենայ հասնելու 2 կամ 3 հազարների։

Այս մտքով էլ փակում ենք տարին՝ պահելով այն լուռ յոյսը, որ վաղը կրկին կարելի կը լինի գրել խաղաղութեան մասին։

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹ

Related Articles

Back to top button