ԹեհրանՀամայնք

Պայթիւնի հարեւանութեամբ՝ Վարդան Վարդանեանի վիրաւոր, բայց կանգուն տունը

«ԱԼԻՔ» – Թեհրանի մարտի 16-ի ռմբակոծութիւնից յետոյ Բահար պողոտային յարակից թաղամասում ժամանակը կարծես կանգ էր առել։ Փոշու եւ լռութեան մէջ կանգուն էին մնացել միայն շէնքերը, որոնք այլեւս չունեն ապահով գիրկ տնեցիների համար:

Այդ շէնքերից մէկում է գտնւում Վարդան Վարդանեանի ընտանիքի բնակարանը։

«ԱԼԻՔ»-ի լրագրողին մի կերպ յաջողւել է անցնել դէպքի վայրում տեղակայւած անվտանգութեան ուժերի հսկողութիւնը եւ հասնել բնակարան։ Այստեղ նա հանդիպել է Վարդան Վարդանեանի այրիին՝ տկն. Անահիտին, եւ ընտանիքի միւս անդամներին։ Նրանք ողջ են եւ նրանց կեանքին վտանգ չի սպառնում։ Դա մեր պատմութեան ամենակարեւոր լուրն է։

Ընտանիքը ժամանակաւորապէս տեղափոխւել է հարազատների տուն՝ հեռու պայթիւնի արձագանքներից։

Բնակարանը կանգուն է մնացել, սակայն վտանգը չի անցել։ Շինութիւնը հին է եւ գտնւում է ռմբակոծւած տարածքի մերձաւորութեամբ։

Երբ լրագրողը հանդիպել է ընտանիքին, նրանք դեռ շոկային վիճակում էին։

Շէնքի բակում դեռ կանգնեցւած են եղել Վարդան Վարդանեանի յիշատակին բերւած ծաղկեպսակները։ Լրագրողի խօսքով այդ անշարժ ծաղիկները, փոշու եւ փլատակների ֆոնին, պահը դարձնում էին առաւել ծանր ու խօսուն։

Բնակարանի մուտքի փայտէ փեղկերն արդէն կոտրւած էին կամ պատերից պոկւած՝ պայթիւնի ալիքի հետեւանքով։ Պատուհանների ապակիները՝ ջարդւած։ Կահոյքը՝ դէս ու դէն շպրտւած։ Տունը կարծես խօսէր այն վայրկեանների մասին, որոնք բնակիչների յիշողութիւնից ջնջւել են։ Այդպէս է երբեմն գործում մարդու ուղեղը՝ պաշտպանելով իրեն այն պատկերներից, որոնք չափազանց ծանր են տանելու համար…նշում է լրագրողը դժւարանալով յիշել պատմութեան մանրուքների մասին:

Related Articles

Back to top button