Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ներկայ գտնւեց նահանգապետի պաշտօնակալման հանդիսութեանը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ՝ հոկտ. 5-ի ժամը 14:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան գտնւում էր պաշտօնական հրաւիրեալների շարքում, որոնք Թաւրիզի կենտրոնական մզկիթի յատակեայ սրահում ներկայ գտնւեցին, Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ դոկտ. Բահրամ Սարմասդի պաշտօնակալման հանդիսութեանը: Սրբազան հօրը ընկերակցեց՝ Թեմական խորհրդի ատենադպիր՝ Վարդան Կարապետեանը:
Աւելի քան երկու հազար հանդիսականների ներկայութեան արտասանւած բացման խօսքից յետոյ, տեսերիզով սփւռեց ինքնաթիռի զոհ եղած նախկին նահանգապետի, ինչպէս նաեւ Թաւրիզի նախկին աղօթապետի կեանքից եւ խօսքերից հատւածներ:
Իր պաշտօնական խօսքը արտասանեց Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետ՝ Ահմատ Մոթահարի Ասըլ, անդրադառնալով կրօնական ղեկավար այաթ. Խամենէին արտայայտած մտածումներին: Խօսք առնողների շարքում էր, անցնող ամիսների ընթացքում նահանգապետի բաց թողւած պաշտօնը ստանձնած եւ նահանգապետարանի համար հարկ եղած բարձրագոյն պատասխանատւութեամբ աշխատանքները դասաւորած՝ Թորաբ Մոհամմադի: Այս առիթով նա բարձր գնահատանքի արժանացաւ, դժւարին պայմաններում իրեն յանձնւած պաշտօնը լաւապէս կատարելու համար:
Շնորհաւորանքի եւ բարեմաղթութիւնների խօսքերով ելոյթ ունեցաւ նախարար Էսքանդար Մոմենի: Նա յիշատակեց նախկին նահանգապետի աշխատանքային կարճ միջոցում կատարած իրագործումները, եւ այն մեծ ծրագրերը, որոնք ունէր հանգուցեալը ապագայի համար: Նշենք, որ պետական ներկայացուցիչը եւ նախորդ խօսք առնողները անձամբ շնորհակալութիւն յայտնեցին Սրբազան հօր ներկայութեան համար եւ իրենց յարգանքը ընծայեցին հայ համայնքին, որ միշտ մասնակից է կազմակերպւած բոլոր աշխատանքներին:
Շնորհակալական խօսքերով եւ վերջապէս ապագայ փայլուն ծրագրերի մղիչ ոյժը հանդիսանալու հեռանկարով հանդէս եկաւ նորանշանակ Նահանգապետը: Նոր բացւող ժամանակահատւած ակնկալիքներով փակւեց ծրագիրը, որի աւարտին Սրբազանը անձամբ, Ատրպատականի հայոց թեմի անունից շնորհաւորեց նորանշանակ նահանգապետին, յայտնելով, որ մօտաւոր ապագային շնորհաւորական այցով լինելու է նրա մօտ: