Լաւրովը նշել է Ուկրաինայում պատերազմի հիմնական պատճառներից մէկը

«ԱԼԻՔ» – Անվտանգութեան ոլորտում ռուսաստանեան շահերի խախտումը դարձել է տեղի ունեցածի հիմնական պատճառներից մէկը։ Այս մասին NBC News-ին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։
Ըստ Լաւրովի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Ալեասկայում քննարկել են գործնական քայլեր, «եւ ոչ թէ պարզապէս, թէ ով ում հետ կը հանդիպի եւ ինչպէս դա կը լուսաբանւի»։
«Չէ՞ որ անվտանգութեան ոլորտում ռուսաստանեան շահերի խախտումը դարձել է տեղի ունեցածի հիմնական պատճառներից մէկը։ Դա կապւած է այն ստի հետ, որը շարունակւել է երկար տարիներ. 1990 թւականից սկսած՝ մեզ բազմիցս խոստացել են, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնւելու։ Իմ կողմից արդէն նշւած ԵԱՀԿ գագաթնաժողովների փաստաթղթերում յստակ գրւած է (եւ այդ դրոյթները ոչ ոք չի չեղարկել), որ ոչ մի կազմակերպութիւն չպէտք է գերակայութեան յաւակնի Եւրոպայում, իսկ ՆԱՏՕ-ն իրեն տրամագծօրէն հակառակ կերպ է պահում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ըստ Լաւրովի՝ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է անվտանգութեան երաշխիքների նախագծեր մշակել։
«2008 թւականին մենք առաջարկեցինք համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ Նրանք անտեսեցին այս առաջարկը։ 2021 թւականին, նախքան յատուկ ռազմական գործողութիւն սկսելու որոշում կայացնելը, մենք երկու պայմանագիր առաջարկեցինք՝ մէկը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, միւսը՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ Սա նոյնպէս անտեսւեց, ընդ որում՝ շատ ամբարտաւան կերպով։
Էնթոնի Բլինքենը, որն այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, 2022 թւականի յունւարին Ժնեւում կայացած մեր հանդիպմանն ինձ յայտարարեց. «Մոռացէ՛ք այդ մասին։ Մենք կարող ենք քննարկել զէնքի մատակարարումների որոշ սահմանափակումներ, որոնք մենք՝ Արեւմուտքս, կը մատակարարենք Ուկրաինային։ Բայց ՆԱՏՕ-ին անդամակցութիւնը ոչ մէկի հետ չի քննարկւում»։ Անբաժանելի անվտանգութեան սկզբունքի կոպտագոյն խախտում լինելու մասին իմ խօսքերին նա պատասխանեց, որ ԵԱՀԿ-ում անբաժանելի անվտանգութիւնը քաղաքական հռչակագիր է։ Բայց առաջնորդների կողմից ստորագրւած քաղաքական հռչակագիրն այն է, ինչը պէտք է յարգել՝ ելնելով տարրական դիւանագիտական եւ քաղաքական պարկեշտութիւնից»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։