«Պատմականից» մինչեւ անհետացող Հայաստան. ռազմավարական մտածողութիւնը մերժելու գինը

ԱՐԱ ԱՅՒԱԶԵԱՆ
ՀՀ նախկին ԱԳ նախարար
Համաշխարհային համակարգը վերապրում է խոր փոփոխութիւնների եւ փոխակերպումների փուլ։ Ո՛չ Վեստֆալեան ինքնիշխանութիւնների համակարգը, ո՛չ 19-րդ դարի ուժերի հաւասարակշռութիւնը, ո՛չ Սառը պատերազմի գաղափարախօսութիւնը, ո՛չ էլ կոլեկտիւ անվտանգութեան լիբերալ կարգն այլեւս չեն բնորոշում ներկայիս իրականութիւնը։ Այսօր ուրւագծւում է նոր, մասնատւած աշխարհակարգ, որտեղ անվերահսկելի ուժն ու շահը դուրս են մղում գաղափարախօսութիւնը, իրաւունքը եւ համընդհանուր արժէքները։
Այս փոփոխութեան կիզակէտում Միացեալ Նահանգների դերի վերափոխումն է։ Երկար ժամանակ լինելով համաշխարհային կարգուկանոնի երաշխաւորը՝ Ամերիկան ներկայիս վարչակազմի օրօք անցել է գործարքային գերիշխանութեան, որտեղ «America First» սկզբունքը եկել է փոխարինելու համաշխարհային պատասխանատւութեանը։ Միացեալ Նահանգները դեռեւս պահպանում է կայսրութեան բնութագիրը՝ ռազմական, ֆինանսական եւ տեխնոլոգիական հեգեմոնիան, բայց հրաժարւում է իր նախկին ունիւերսալիստական առաքելութիւնից։ Խօսքը ոչ թէ նոր ինքնամեկուսացման, այլ նոր եսակենտրոն վարքի մասին է. համաշխարհային դերակատարութիւն, այո՛, բայց միայն սեփական շահով եւ պայմաններով։ Արդիւնքում՝ միջազգային յարաբերութիւնների նախկին ճարտարապետութիւնը, որը հիմնւած էր կանոնների, դաշինքների, գաղափարախօսական շրջանակների եւ պարտաւորութիւնների վրայ, փլուզւում է։
Ունիւերսալիզմի այս մերժումն ամրապնդւում է գլոբալացման վերագնահատմամբ։ Այն, ինչն անցեալում ընկալւում էր որպէս հզօրութեան աղբիւր, այժմ ամերիկեան քաղաքական շրջանակների կողմից աւելի ու աւելի յաճախ է որակւում որպէս սպառնալիք՝ արդիւնաբերական առաջատարութեան կորուստ, մատակարարումներից կախւածութիւն, տեխնոլոգիական եւ ժողովրդագրական մարտահրաւէրների նկատմամբ խոցելիութիւն։ Միացեալ Նահանգները սկսել է սահմանափակել այն գլոբալիզացիան, որն ինքը ժամանակին քաջալերում էր եւ որում գերիշխում էր, ու վերակողմնորոշւում է դէպի ռազմավարական ինքնիշխանութիւն եւ տնտեսական ինքնաբաւութիւն։
Այս գործընթացում ամենախոցելի կողմը Եւրոպան է։ Եւրոպական Միութիւնը տասնամեակների ընթացքում զարգացել է որպէս հետազգային նախագիծ, որի համար վստահութիւնը, վստահելիութիւնն ու անվտանգութիւնը, եւ ոչ թէ ուժն են եղել միջազգային կանոնների միջուկը: ԱՄՆ-ի կողմից երաշխաւորւած ՆԱՏՕ-ի հովանոցը թոյլ էր տալիս Եւրոպային՝ չլինել աշխարհաքաղաքականութեան վտանգաւոր առաջնագծում։ Սակայն ներկայիս՝ գործարքային արտաքին քաղաքականութեան դարաշրջանում ամերիկեան պաշտպանութիւնն այլեւս չի ընկալւում որպէս անվերապահ։ Միացեալ Նահանգները պահանջում է, որ իր դաշնակիցները վճարեն իրենց անվտանգութեան համար եւ մասնակցեն դրա ապահովմանը նոր պայմաններով ու յաւելեալ պարտականութիւններով։ Այս ամէնը ոչնչացնում է եւրոպական անվտանգութեան ձեւաւորւած մոդելը։ Դրան գումարւում են միգրացիոն ճգնաժամը, եւրասկեպտիցիզմի աճը, որոշ երկրներում՝ աւտորիտարիզմի միտումները, Եւրոպայի հիւսիսի եւ հարաւի միջեւ տնտեսական տարաձայնութիւնները։ ԵՄ-ն անկարող է արագ արձագանքել սպառնալիքներին, քանի որ որոշումներն ընդունւում են կոնսենսուսի միջոցով, իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի եւ Բալթեան երկրների շահերը յաճախ տարբերւում են։ Ռազմավարական համերաշխութիւնը գնալով աւելի է զիջում իր տեղը ազգային եսասիրութեանը։ ԵՄ-ն մնում է տնտեսական տարածք, բայց կորցնում է քաղաքական եւ ռազմավարական նշանակութիւնը։ Ռազմական կախւածութիւնը մեծանում է, իսկ ներքին համերաշխութիւնը թուլանում։ Ի յայտ են գալիս «տարբեր արագութիւնների Եւրոպաներ»։ Հետեւաբար, ԵՄ-ն կանգնած է լրջագոյն երկընտրանքի առջեւ. կամ դառնալ լիարժէք դերակատար՝ իր սեփական բանակով, արտաքին քաղաքականութեամբ եւ ռազմավարական մտածողութեամբ, կամ էլ մնալ տնտեսական տարածք՝ աճող արտաքին ճնշման ներքոյ։
Աշխարհը գնում է դէպի բազմաբեւեռութիւն, բայց դա չի նշանակում, որ այն դառնում է աւելի արդար։ Առանց մէկ համակարգող կենտրոնի աշխարհակարգը տրոհւում է երկու հնարաւոր սցենարներում։ Առաջինը տարածաշրջանային հեգեմոնիաների աշխարհ է, որտեղ խոշոր տէրութիւնները վերահսկում են իրենց ազդեցութեան գօտիները եւ մրցում են ծայրամասում՝ առանց համաշխարհային յաւակնութիւնների։ Երկրորդը իրավիճակային, գործարքային յարաբերութիւնների աշխարհն է, որտեղ իւրաքանչիւր պետութիւն գործում է մենակ՝ հիմնւելով կարճաժամկէտ շահերի եւ ժամանակաւոր դաշինքների վրայ։ Երկու պարագաներում էլ տեղի կունենայ համընդհանուր նորմերի գաղափարից հրաժարում եւ միջազգային յարաբերութիւնների վերածում ուժերի մրցակցութեան, այլ ոչ թէ՝ օրէնքների։
Իսկ այն աշխարհակարգում, որում չկան համընդհանուր ընդունւած վարքագծի կանոններ եւ օրինական արբիտրներ, նոյնիսկ «միջազգային հանրութեան» գաղափարն է ինքնին անհետանում։ Նման պայմաններում ուժի կիրառումը դադարում է անընդունելի եւ արտակարգ բացառութիւն լինել, այն կրկին դառնում է օրինական գործիք։ Պատերազմը կրկին դիտւելու է ոչ թէ որպէս շեղում, այլ՝ որպէս ռազմավարական հաշւարկի մաս։ Որքան աւելի քայքայւեն միջազգային ինստիտուտները, այնքան աւելի գրաւիչ եւ արդիւնաւէտ է թւալու ագրեսիան։ Իսկ այսպիսի աշխարհում կը գոյատեւեն միայն այն պետութիւնները, որոնք կը պահպանեն զսպելու եւ ուժ գործադրելու իրենց ունակութիւնը։
Այս ֆոնի վրայ յատկանշական է Հայաստանի ներկայիս ղեկավարութեան որդեգրած ուղին։ 2020-2023 թւականների պարտութիւններից յետոյ իշխանութիւնները յայտարարել են նոր ռազմավարութեան մասին, որը հիմնւած է «խաղաղութեան դարաշրջանի» գաղափարի, առճակատման մերժման եւ ժողովրդավարական վերածննդի վրայ։ Այդ տեսլականը ենթադրում է, որ ներքին բարեփոխումների եւ ազգային մտածելակերպի վերաձեւաւորման արդիւնքում կը ստեղծւեն պայմաններ երկարատեւ խաղաղութեան համար։
Սակայն ուրւագծւող միջազգային նոր կարգի համատեքստում նման ռազմավարութիւնը թւում է վտանգաւոր եւ ժամանակավրէպ։ Խաղաղութիւնը, որը ձգտում է հաստատել Երեւանը, ենթադրում է երաշխաւորների, կանոնների եւ ինստիտուցիոնալ շրջանակների գոյութիւն։ Մինչդեռ անտեսւում է, որ երաշխաւորները կորցրել են իրենց հետաքրքրութիւնն ու կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Նման միջավայրում միակողմանի հաշտեցման քաղաքականութիւնը դառնում է ոչ թէ խաղաղութեան, այլ՝ խոցելիութեան բանաձեւ։ Պատահական չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, գործելով ուժային քաղաքականութեան տրամաբանութեանը համապատասխան, Հայաստանի «բարիացակամութիւնը» չեն դիտարկում որպէս դեէսկալացիայի խթան։ Նրանք, ընդհակառակը, դա համարում են թուլութեան նշան, ուստի հետեւողականօրէն ուժեղացնում են ռազմական, տարածքային, դիւանագիտական եւ գաղափարական ճնշումը։
Պետութիւնները մահանում են ոչ թէ երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողութիւնից:
Իւրաքանչիւր պետութեան հիմնական գործառոյթը քաղաքացիների անվտանգութեան ապահովումն ու ինքնիշխանութեան պաշտպանութիւնն է։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրւած փաստաթուղթ չեն կարող փոխարինել այս կենսական գործառոյթի ուժային բաղադրիչին։ Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխաւորների, նրա պաշտպանական կարողութիւնները սահմանափակ են, իսկ շրջակայ միջավայրը՝ ագրեսիւ։ Նման իրավիճակում դրօշակ դարձնել խաղաղութիւնը՝ առանց զսպման, եւ արժէքները թողնել առանց պաշտպանութեան, նշանակում է երկիրը մղել դէպի ռազմավարական խոցելիութեան ուղի։
Հէնց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարութեան գործողութիւնները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանութեանը։ Պաշտօնական Երեւանի քայլերը զուրկ են աշխարհում տեղի ունեցող գործընթացների եւ Հայաստանին գոյաբանական մարտահրաւէր ներկայացնող հարեւանների իրական նպատակների ռազմավարական վերլուծութիւնից: Հայաստանի իշխանութիւնները հաշւի չեն առնում գլխաւորը. ո՛չ ժողովրդավարացումը, ո՛չ խաղաղ հռետորաբանութիւնը, ո՛չ էլ նոյնիսկ իրաւական զիջումները չեն ապահովում անվտանգութիւնն այնպիսի աշխարհում, որտեղ օրէնքի փոխարէն իշխում է ուժը։
Հիմա մեզ առաջարկւում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրեւ անցեալի «առասպելների ու յոյսերի սթափեցնող մերժում» եւ հրաժարում «Պատմական Հայաստանից», որի արժէքներն ու յաւակնութիւնները ենթադրաբար յանգեցրել են շարունակական աղէտների։ Սակայն ողբերգութիւնն այն է, որ հէնց յիշողութեան, պատմութեան դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է յանգեցնել ոչ թէ պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյութիւն ունի որպէս ինքնիշխան պետութիւն։
Ռազմավարական առումով չմտածւած ընթացքը, որը ներկայացւում է որպէս «սթափութիւն» եւ «իրատեսութիւն», կարող է մեզ մղել վերապրելու մեծ աղէտ, որի վերաբերեալ մենք վճռել էինք «այլեւս երբեք»: Եւ այդ ժամանակ Պատմութիւնը, ոչ թէ որպէս առասպել, այլ՝ որպէս ողբերգութիւն, կը վերադառնայ՝ մեզ յիշեցնելու, որ պետութիւնները մահանում են ոչ թէ երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողութիւնից։
Յաջորդիւ կը ներկայացնեմ խնդրի այլ դիտանկիւններ։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»