Նասեր Քանանին պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ ԱՄՆ-ի եւ եւրոպական երեք երկրների համատեղ յայտարարութեանն
«ԱԼԻՔ» – Իրանի ԱԳ նախարարութեան խօսնակ Նասեր Քանանին յստակեցրել է. «Իրանի ուրանի հարստացման կենտրոններում 60%-ի մակարդակով հարստացումը միշտ եղել է եւ կը լինի երկրի խաղաղ կարիքներին համապատասխան եւ ամբողջութեամբ Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան հսկողութեան ներքոյ»:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ Նասեր Քանանին ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ ԱՄՆ-ի եւ եւրոպական երեք երկրների համատեղ յայտարարութեանն, ասել է. «Ինչպէս բազմիցս ընդգծւել է, Իրանի Իսլամական Հանրապետութեան միջուկային ծրագիրը միշտ եղել է եւ լինելու է խաղաղասիրական բնոյթի»։
Արտգործնախարարութեան խօսնակը ընդգծել է. «Զաւեշտական է, որ այն երկրները, որոնք իրենք են պատասխանատու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծւած իրավիճակի համար, իրականութիւնը շեղելով փորձում են փոխել մեղաւորի ու զոհի տեղերը»: Նրա հաւաստմամբ. «Աւելի լաւ է, որ այս երկրները հարցերը խեղաթիւրելու եւ քաղաքական դիրքորոշումներ կիրառելու փոխարէն, վերանայեն վերջին 2 տարւայ ընթացքում պատժամիջոցների վերացման բանակցութիւններում իրենց գործընթացը եւ տեսնեն իրենց ոչ կառուցողական քաղաքականութեան արդիւնքները»։
Նասեր Քանանին ընդգծել է. «Իրանը իրազեկ է իր բոլոր միջազգային իրաւունքներին եւ պարտաւորութիւններին եւ այս շրջագծում կը շարունակի իր համագործակցութիւնը ՄԱԳԱՏԷ-ի հետ»: Նա նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ինչպէս միշտ բանակցութիւնը եւ դիւանագիտութիւնը համարում է լաւագոյն տարբերակը, իր միջուկային խաղաղասիրական ծրագրի մասին շինծու մտահոգութիւնները փարատելու համար»: