ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Իրանն ու Ռուսաստանը նւազագոյնի կը հասցնեն Թուրքիայի ներկայութիւնը տարածաշրջանում»

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագրի վերաբերեալ Alpha News-ը զրուցել է իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ։

«Ակնյայտ է՝ թէեւ պայմանագրով արձանագրւած չի լինի, բայց հանդիպումից յետոյ կամ առաջ քննարկւել է Հարաւային Կովկասի խնդիրը։ Այս տարածաշրջանում ստեղծւել է նոր իրավիճակ, ե՛ւ ռուսական, ե՛ւ իրանական կողմի շահերից չի բխում Թուրքիայի ներկայութիւնը մեր տարածաշրջանում։ Բայց նրանք հաշւի են առնում նաեւ իրենց ռեսուրսային ծանրաբեռնւածութիւնը՝ Իրանի պարագայում՝ Մերձաւոր Արեւելքում, Ռուսաստանի՝ յատկապէս ուկրաինական պատերազմում»,- նկատել է իրանագէտը։

Վարդան Ոսկանեանի խօսքով՝ նրանք եթէ չչէզոքացնեն, ապա կը փորձեն գոնէ նւազագոյնի հասցնել Թուրքիայի ներկայութիւնը մեր տարածաշրջանում։

«Ըստ էութեան, այժմ փորձում են դիրքաւորւել այնպիսի իրականութեան մէջ, որտեղ Հարաւային Կովկասում կայ Թուրքիա։ Սա չի նշանակում, որ կողմերը հաշտւելու են թուրքական ներկայութեան հետ ու փորձեր չեն անելու այդ ներկայութիւնը զրոյացնել կամ հասցնել նւազագոյնի»,- եզրափակել է Վարդան Ոսկանեանը։

Յիշեցնենք, որ ռուսական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագիրը կը փոխարինի երկու երկրների միջեւ յարաբերութիւնների հիմքերի եւ համագործակցութեան սկզբունքների վերաբերեալ համաձայնագրին, որը ստորագրւել էր դեռ 2001 թւականին։

Կողմերը նոր համաձայնագրի մշակման վրայ աշխատում են 2022 թւականից։

Վլադիմիր Պուտինը ստորագրւած համաձայնագիրը բեկում է անւանել երկու երկրների եւ ողջ տարածաշրջանի կայուն զարգացման համար։ Պուտինը Իրանի ղեկավարի հետ բանակցութիւնները որակել է որպէս բարեկամական եւ կառուցողական՝ նշելով, որ Մոսկւայի եւ Թեհրանի դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի մեծ մասում համընկնում են։

Related Articles

Back to top button