Քրիստինէ Վարդանեան. «Ռամիլսաֆարովներն են գալու Հայաստանում ապրելու»
2023 թւականը գուցէ շատերի համար եղել է անհատական յաջողութիւնների տարի, բայց հաւաքական առումով այս տարին մեր ողջ ազգի համար եղել է Արցախի յանձնման, Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու տարի։
Այո՛, գուցէ հիմա Ինստագրամ ունենք, նկարները գունաւոր են, բայց միեւնոյն է, դրանից Ցեղասպանութեան փաստը չի փոխւում, իսկ այս համատեքստում որեւէ քաղաքական ուժ չի կարող խօսել իր օրակարգի յաջողութեան մասին, ուստի չեմ կարող որեւէ յաջողութիւն արձանագրել ո՛չ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան, ո՛չ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը՝ լրացնելով միտքը.
«Մենք շարունակեցինք կորուստներ ունենալ, իսկ Ադրբեջանը շարունակեց իր պահանջները, եւ հայ ազգի անվտանգային ճգնաժամն էլ աւելի խորացաւ։ Ուզում եմ ամէն հայ ճշգրիտ պատկերացնի մեր անվտանգային վտանգերի ամբողջ մասշտաբը։ Օրինակ՝ Գեղարքունիքում էինք վերջերս, մարդիկ մեզ պատմում էին, որ Սոթքի հանքի՝ Ադրբեջանին մեծ մասով անցնելուց յետոյ իրենք այսօր ունեն հացի խնդիր, եւ դա է հէնց անվտանգային ճգնաժամի հետեւանքը։ Գեղարքունիքում մարդը մեզ ասում էր՝ խնդրում եմ, էդ ինքնիշխանութեան մասին խօսողներին ասէք՝ Հայաստանի տարածքում զինւորի մարմնի մասունքները դեռ չենք կարողանում բերել եւ յանձնել ընտանիքին»։
Ըստ ընդդիմադիր պատգամաւորի՝ ինչպէս իրենց խմբակցութիւնը, այնպէս էլ՝ խորհրդարանում ներկայ միւս ընդդիմադիր ուժն իրենց գործունէութեամբ փորձում են քաղաքացուն հասկանալի դարձնել հէնց այս խնդիրները եւ անվտանգային ճգնաժամը՝ միեւնոյն ժամանակ չշեղւելով այն հիմնական օրակարգից, որը դրել էին՝ 2021 թւականի արտահերթ ընտրութիւններին մասնակցելով։
«Այս կառավարութիւնը մեզ միայն փորձանք է բերելու։ Մենք լսում ենք մեր քաղաքացիներին ու հասկանում, որ, անվտանգութիւնից բացի, նաեւ սոցիալական խնդիրներն են նրանց անհանգստացնում, եւ դրա մասին պէտք է խօսել։ Քաղաքացին պէտք է տեսնի, որ իր հոգսերն ընդդիմադիր պատգամաւորներին մտահոգում են, ուստի պէտք չէ քննադատել ընդդիմութեանը՝ Ազգային ժողովի նիստերին մասնակցելու եւ սոցիալական հարցեր բարձրաձայնելու համար, չէ՞ որ քաղաքացուն դարձրեցին տուգանքի մատերիալ»,- ասաց Վարդանեանը՝ շարունակելով, որ սոցիալական խնդիրներին աւելանում է Հայաստանից Ադրբեջանին գիւղեր յանձնելու, ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը, ինչի վտանգը մեզ կանգնեցնելու է փաստի առաջ.
«Մենք մեր երկրում չենք կարողանալու ապրել. բանակցում են, որ ռամիլսաֆարովներ գան, բնակւեն Հայաստանում»։