ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ. «Անվիճելի է, որ Հարաւային Կովկասում խաղաղութիւնն ու կայունութիւնը շահաւէտ են տարածաշրջանի բոլոր երկրների համար»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Կովկասի զարգացումների վերաբերեալ:

«Իրան Իսլամական Հանրապետութիւնը ուշադիր հետեւում է Հարաւային Կովկասի տարածաշրջանի ընթացիկ գործընթացներին եւ երկու հարեւան երկրների՝ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան հետ գտնւում է շփման մէջ այս զարգացումների կապակցութեամբ։ Անվիճելի է, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղութիւնն ու կայունութիւնը շահաւէտ են տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, ողջունելով երկու երկրների միջեւ խաղաղութեան պայմանագրի տեքստի վերջնականացման փաստը, այս իրադարձութիւնը գնահատում է որպէս կարեւոր քայլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հասնելու ուղղութեամբ։

Միեւնոյն ժամանակ, Իրանը մտահոգութիւն է յայտնում ցանկացած ձեւով եւ կերպով իրականացւող արտաքին միջամտութիւնների հնարաւոր բացասական հետեւանքների կապակցութեամբ, յատկապէս՝ համատեղ սահմանների հարեւանութեամբ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգութիւնն ու կայունութիւնը։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, միաժամանակ շեշտելով իր ազգային իրաւունքների եւ շահերի ապահովման նպատակով բոլոր քաղաքական, իրաւական եւ տնտեսական միջոցների կիրառման անհրաժեշտութիւնը, համոզւած է, որ հաղորդակցման ուղիների ստեղծումն ու տրանսպորտային ցանցերի ապաշրջափակումը կարող են ծառայել տարածաշրջանի ժողովուրդների կայունութեանը, անվտանգութեանը եւ տնտեսական զարգացմանը միայն այն դէպքում, երբ դրանք իրականացւեն փոխադարձ շահերի շրջանակներում, յարգելով երկրների ազգային ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը եւ առանց արտաքին միջամտութեան։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատրաստ է շարունակել փոխշահաւէտ եւ կառուցողական համագործակցութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան հետ՝ տարածաշրջանի խաղաղութեան, կայունութեան եւ տնտեսական զարգացման պահպանման նպատակով, ինչպէս երկկողմ, այնպէս էլ տարածաշրջանային ձեւաչափերով, այդ թւում՝ «3+3» մեխանիզմի միջոցով»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button