Հայաստան - ԱրցախՔաղաքական

ԹՈՒՐԱՆԻՍՏՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՒ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԻՐ ՈՂՆԱՇԱՐԻՑ՝ ՍԻՒՆԻՔԻՑ

TRUMP ROUTE FOR INTERNATIONAL PEACE AND PROSPERITY

Եւ վերջապէս տեղի ունեցաւ այն, ինչը որի մասին բարձրաձայնում եւ ահազանգում էինք 5 տարի շարունակ:

Երէկ՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը, ԱՄՆ-ի շփացած նախագհի կնքահայրութեամբ, Բաքւի բռնապետի յաղթական հայեացքի ներքոյ, ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, ցինիկ ժպիտը դէմքին ստորագրեց Հայաստանի երկրորդ կապիտուլեացիայի ակտը՝ թշնամուն փաստացի յանձնելով Հայոց հայրենիքի հարաւային դարպասների բանալին:

Վաշինգտոնում, Փաշինեանը տւեց Թուրանական աշխարհի երազած «Զանգեզուրի միջանցք»-ը՝ Սիւնիքով ճանապարհը, որն ամերիկա-անգլօ-սիոնիստական «գեղեցիկ» փաթեթաւորմամբ կը կոչւի «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման»:

Բացի այդ, տեղի ունեցած երկկողմ եւ եռակողմ հանդիպումների արդիւնքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների համաձայն.

– Լուծարւեց ԵԱՀԿ Մինսկի խումբը:

– ԱՄՆ-ը հանեց պաշտպանութեան համագործակցութեան սահմանափակումները  Ադրբեջանի հետ, որոնք գործում էրն դեռեւս 1992 թւականից (ԱՄՆ Կոնգրեսի ընդունած 907-րդ բանաձեւ` Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով):

– ՀՀ գործող իշխանութիւնների եւ ԱՄՆ-ի միջեւ նախնական համաձայնութիւն կայացաւ էներգետիկ համագործակցութեան (մոդուլային ատոմակայանի կառուցում, որի անվտանգութեան մասով մասնագէտները վերապահումներ ունեն) մասին, որը փաստացի կարելի է համարել թուրք-ադրբեջանական անլիանսի մէկ այլ պահանջի՝ Հայկական ատոմային էլեկտակայանի փակման նախերգանքը:

– Փաշինեանը եւ Ալիեւը յայտարարեցին, որ կաջակցեն որպէսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստանայ Խաղաղութեան նոբէլեան մրցանակ:

Փոխարէնը՝ Հայաստանի համար չլուծւեց անգամ ամենահրատապ հարցերից գոնէ մէկը.

– Ակնարկ անգամ չկատարւեց Հայաստանի համար կենսական նշանակութեան հարցերին՝ տարածքային ամբողջականութեանը, ինքնիշխանութեանը եւ անվտանգութեան պատշպանութեանը:

– Հայաստանի բռնազաւթւած տարածքների դէօկուպացիայի հարցը մնաց չքննարկւած:

– Ադրբեջանին տրւած միջանցքից բացի, միւս հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման հարցը մնաց օդից կախւած:

– Արցախահայութեան իրաւունքների պաշտպանութիւնը, մասնաւորապէս՝ նրանց Արցախ վերադառնալու հարցը մնաց անպատասխան:

– Ոչ մի խօսք չգնաց Բաքւում պահւող հայ գերիների ու պատանդառւածների վերադարձի մասին:

Արդիւնքում.

-Թրամփն ստացաւ որպէս «խաղաղութիւն» հաստատողի՝ իր իմջի համար այնքան անհրաժեշտ «շռնդալից» ու «գունեղ» շոուն:

-Ալիեւը, ինչպէս նախօրէին իր խորհրդական Հիքմեթ Հաջիեւն էր ասել. «Յաղթեց պատերազմում, իսկ Վաշինգտոնում էլ նւաճեց խաղաղութիւնը» (խօսքի անուղղակի մէջբերում, նկատի ունի ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները):

– Իսկ Փաշինեանն էլ ստացաւ ցնորային «խաղաղութեան» մասին իր այնքան երազծ թղթի կտորը, որը նա անխնայ օգտագործելու է Հայաստանում, սեփական վերարտադրութիւնը երաշխաւորելու համար:

Իսկ Հայաստա՞նը…ինչպէս վերջին 5 տարիները՝ ոչի՛նչ, բացարձակապէս ոչի՛նչ: Հայաստանը կրկին տւեց միայն, ինքն իրեն զրկելով տարածաշրջանային հետագայ աշխարհաքաղաքական զարգացումներում մանեւրի նւազագոյն հնարաւորութիւնից: Դա միանշանակ փաստ է, որի դէմ դիմանալ չեն կարող ՀՀ իշխանութիւնների ամենատարբեր կալիբրի եւ նշանակութեան գործիչների ու քարոզիչների միջոցով առաջ քաշւող տարաբնոյթ փաստերը, «իմաստուն» մեկնաբանութիւններն ու վերլուծութիւնները, «խաղաղութեան» անշրջելիութեան եւ այլեւս «չաղ ու բախտաւոր» ապրելու մասին հաւաստիացումները:

Եւ ինչքան էլ փրփուրը բերաններին փորձեն որպէս մեծ ձեռքբերում ներկայացնել իրենց շէֆի պիւռոսեան, կասէի՝ քաջնազարեան յաղթանակը, մէկ է եւ միանշանակ իրակունթիւնը ծուռ հայլիներում խեղել չի ստացւի: Ջրերը կը հոսեն, կը զուլալւեն ու պատմութեան ահեղ եւ արդար դատաստանն ամէն ինչ իր տեղը կը դնի, քանզի հայրենադաւութիւնը, հայրենավաճառութիւնն այնպիսի եղծելի յանցանք է, որը չունի դաւաճանութիւնից բացի այլ բնութագիր:

Միայն թէ վախեմ՝ որ ուշ կը լինի:

Իսկ վերջում, յիշենք մեծ սպարապետի, Սիւնիքը փրկողի եւ պահողի՝ Գարեգին Նժդեհի անժամանցելի խօսքը. «Սիւնիքը աշխարհագրական մեր Հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյութիւն ունենալ չի կարող»:

Սրանք հիմա փաստացի Հայաստանին զրկում են այդ ողնաշարից, ինչպէս զրկեցին իր պահապան վահանից ՝ Արցախից:

ԽՄԲ.

Related Articles

Back to top button