Նոր դեղամիջոցն օգնել է 60%-ով նւազեցնել ուղեղի վնասը կաթւածից յետոյ

Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են դեղամիջոց, որը կարող է զգալիօրէն նւազեցնել ուղեղի հիւսւածքի վնասը կաթւածից յետոյ: Մկների վրայ կատարւած փորձի ժամանակ արեան հոսքի վերականգնման ընթացքում թթւային մալոնատ (aDSM) կոչւող նիւթի ներմուծումը վնասի մակերեսը կրճատել է 60%-ով: Աշխատանքը հրապարակւել է Cardiovascular Research բժշկագիտական հանդէսում:
Կաթւածի բուժման հիմնական խնդիրներից մէկը ոչ միայն արեան հոսքի խցանման վերացումն է, այլեւ դրա կտրուկ վերականգնման հետեւանքները: Երբ թթւածինը կրկին թափանցում է հիւսւածք, ակտիւանում է ազատ ռադիկալների արտազատումը, ինչը մեծացնում է բորբոքումը եւ վնասում ԴՆԹ-ն, նոյնիսկ յաջող թրոմբէկտոմիայից յետոյ:
Գիտնականները պարզել են, որ ոչնչացման հիմնական մեխանիզմն ակտիւանում է բջիջներում կուտակւող նիւթի՝ սուկցինատի օքսիդացմամբ: aDSM դեղամիջոցը կանխում է այդ գործընթացը՝ իր թոյլ թթւայնութեան շնորհիւ թափանցելով արիւն-ուղեղային պատնէշը:
Հեղինակներն ընդգծում են, որ որքան փոքր է վնասւած հիւսւածքի ծաւալը, այնքան բարձր է խօսքի, շարժիչային ակտիւութեան եւ ճանաչողական գործառոյթների պահպանման հաւանականութիւնը: Մշակումն այժմ փորձարկւում է Camoxis Therapeutics ստարտափի շրջանակում: Ապագայում տեխնոլոգիան նախատեսւում է օգտագործել իշեմիայի եւ արեան մատակարարման արագ վերականգնմանն առնչւող այլ վիճակներում, օրինակ՝ միոկարդի ինֆարկտի կամ օրգանների փոխպատւաստման ժամանակ։
Աւելի վաղ հաղորդւել էր, որ գիտնականները ստեղծել են կաթւածի եւ սրտի կաթւածի ռիսկը կանխատեսելու ունակ ալգորիթմ՝ հիմնւած ակնահատակի պատկերի վրայ, շուրջ 70% ճշգրտութեամբ բացայայտելով անօթային խանգարումները:
News.am