Քաղաքական

Խաղաղութեան Նոբէլեան մրցանակ՝ Թրամփին, ճանապարհ՝ Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ

Ինչպէս եւ սպասւում էր, նախագահ Դոնալդ Թրամփը Կովկասում «խաղաղութեան» համար Սպիտակ տանը կազմակերպւած գագաթնաժողովը վերածեց ծիծաղելի ներկայացման՝ անընդհատ զբաղւելով ինքնագովութեամբ, իրեն վերագրելով այնպիսի բաներ, որոնք իրականում չէր արել, մեղադրելով նախագահ Բայդէնին եւ յաճախ շեղւելով հանդիպման թեմայից։

Թրամփը միայն մէկ նպատակ ունէր Սպիտակ տան այս միջոցառումը կազմակերպելու համար. ապահովել Խաղաղութեան Նոբէլեան մրցանակը՝ իբրեւ թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան միջնորդութեան համար՝ պնդելով, թէ ոչ ոք չի կարողացել դա անել վերջին 35 տարւայ ընթացքում։

Թրամփն իր Truth Social հարթակում անամօթաբար գովաբանեց ինքն իրեն. «Շատ ղեկավարներ են փորձել վերջ դնել այդ պատերազմին, սակայն մինչեւ այս պահն ապարդիւն, եւ միայն հիմա՝ շնորհիւ «ԹՐԱՄՓԻ»։ Նա նաեւ իրեն վերագրեց մի քանի այլ հակամարտութիւնների կարգաւորում, որոնցում որեւէ մասնակցութիւն չէր ունեցել։ Նա յարմար կերպով չյիշատակեց իր ամբարտաւան նախընտրական խոստումը՝ լուծել ուկրաինական պատերազմը՝ «նախագահի պաշտօնը ստանձնելուց 24 ժամ անց»։ Նա արդէն եօթ ամիս նախագահ է, սակայն պատերազմը շարունակւում է։

Խորամանկօրէն, վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը՝ տեղեակ լինելով  Թրամփի եսասիրական հակումներին, խանդավառութեամբ սկսեցին քծնել նրան։ Նոյնիսկ առաջարկեցին ստորագրել համատեղ նամակ՝ կոչ անելով Նոբէլեան կոմիտէին՝ Թրամփին շնորհել Խաղաղութեան մրցանակ, մի քայլ, որը նրա համար շատ հաճելի էր։

Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանից դէպի Նախիջեւան տանող վիճելի տարանցիկ ճանապարհի լուծման լուրջ խնդիրն արագ վերածւեց ֆարսի՝ յայտարարութեամբ, որ այն կը կոչւի «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP)․ Թրամփի փառամոլութեան եւս մէկ օրինակ։

«Խաղաղութեան պայմանագիրը», որի մասին Փաշինեանը ամիսներ շարունակ խօսում էր, չստորագրւեց, ինչպէս յայտարարւել էր, այլ միայն նախաստորագրւեց անցեալ շաբաթ Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ վերածւելով ոչ պարտադիր փաստաթղթի։ Ալիեւը շահագրգռւած չէ պայմանագրի ստորագրմամբ՝ գիտակցելով, որ  կը զրկւի իր լծակներից՝ պահանջելու հետագայ զիջումներ Փաշինեանից, որը մինչ օրս հնազանդւել է նրա բոլոր պահանջներին: Ալիեւը կը հետաձգի պայմանագրի ստորագրումը մինչեւ Փաշինեանը չկատարի Ադրբեջանի եւս մէկ պահանջը՝ փոփոխութիւններ կատարելու Հայաստանի Սահմանադրութեան մէջ, գործընթաց, որը կը տեւի եւս 10 ամիս:

Հայերը դեռեւս տեղեակ չեն «Խաղաղութեան պայմանագրի» պայմաններից։ Ըստ որոշ տեղեկութիւնների, այն պէտք է հրապարակւի օգոստոսի 11-ին։ Այդ ժամանակ կը պարզենք, թէ ինչպիսի զիջումներ է արել Փաշինեանն Ադրբեջանին։ Փաշինեանը նաեւ խախտում է 2018 թւականին Երեւանի Հանրապետութեան հրապարակում մեծ բազմութեան առջեւ իր տւած խոստումը, որ չի ստորագրի որեւէ համաձայնագիր՝ առանց նախապէս նրանց համաձայնութիւնը ստանալու։

Փաշինեանը խաբել է հայ հասարակութեանը՝ պնդելով, թէ իբր խաղաղութիւն է բերում Հայաստանին՝ յոյս ունենալով, որ այդ խոստումը կօգնի նրան պահպանել իշխանութիւնը յաջորդ տարւայ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Ալիեւի համար այս, այսպէս կոչւած «Խաղաղութեան պայմանագիրը» պարզապէս թղթի կտոր է, որը նա կարող է խախտել ցանկացած պահի՝ ստորագրումից յետոյ: Եթէ Ադրբեջանը յարձակւի Հայաստանի վրայ, ոչ Արեւելեան, ոչ էլ Արեւմտեան տէրութիւնները չեն միջամտելու: Հայ հասարակութիւնը չպէտք է ապարդիւն ակնկալի, որ ԱՄՆ կառավարութիւնը զօրքեր կուղարկի պաշտպանելու Հայաստանի սահմանները: Անցեալ ուրբաթ ստորագրւած յուշագիրը յստակ ասում է, որ սա խիստ առեւտրային, եւ ոչ թէ ռազմական համաձայնութիւն է:

Փաշինեանի հակասական դիրքորոշումների հետ կապւած բազմաթիւ խնդիրներ կան։ Ամիսներ առաջ, երբ մի հայ լրագրող հարցրեց, թէ արդեօք նա կը քննարկի տարանցիկ ճանապարհի կառավարումը միջազգային կազմակերպութեանը յանձնելու հարցը, նա կտրականապէս մերժեց այդ գաղափարը։ Այնուամենայնիւ, նա այժմ փոխանցեց տարանցիկ ճանապարհի կառավարումը օտարերկրեայ կառոյցի։

Ահա եւս մէկ խախտւած խոստում։ Մի քանի ամիս առաջ, երբ Ալիեւը պահանջեց, որ Հայաստանը համաձայնի լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փաշինեանն ասաց, որ դա կանի «Խաղաղութեան պայմանագիրը» ստորագրելուց յետոյ։ Այնուամենայնիւ, անցեալ ուրբաթ Փաշինեանը ստորագրեց Սպիտակ տան յուշագիրը, որով կոչ էր արւում լուծարել Մինսկի խումբը, չնայած Ալիեւը չէր ստորագրել պայմանագիրը։

Աւելի մտահոգիչ է, որ նախաստորագրւած «Խաղաղութեան պայմանագիրը» չի պարունակում որեւէ դրոյթ Բաքւում պահւող հայ պատանդների ազատ արձակման, 2021 թւականից ի վեր Հայաստանի կողմից բռնազաւթւած  տարածքներից ադրբեջանական զօրքերի դուրսբերման կամ 120 հազար բռնի տեղահանւած արցախահայերի վերադարձի իրաւունքի վերաբերեալ, չնայած Միջազգային քրէական դատարանի կողմից նրանց հայրենադարձման վերաբերեալ որոշմանը: Սա պարգեւ է Ալիեւի յանցաւոր վարքագծի համար: Մինչեւ Ադրբեջանը չվերանայի իր դիրքորոշումը այս հարցերում, Փաշինեանը պէտք է հրաժարւի նախաստորագրել կամ ստորագրել պայմանագիրը: Յուսով եմ՝ նա չի հիմնւում Թրամփի խոստումների վրայ, որն ապրիլի 24-ին հրաժարւեց ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, չնայած Կոնգրեսը եւ նախագահ Բայդէնը ճանաչել էին այն:

2020 թւականին Հայաստանը համաձայնեց Ադրբեջանին տրամադրել տարանցիկ ճանապարհ իր տարածքով՝ փոխարէնը ստանալով Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը բռնագրաւել է Արցախը եւ Լաչինի միջանցքը՝ վերացնելով Հայաստանի պարտաւորութիւնը պահպանելու հրադադարի համաձայնագիրը։ Այս տարանցիկ կապը «Թուրանի ճանապարհն» է՝ թուրքական աշխարհի դարաւոր երազանքը, որը Թուրքիան եւ Ադրբեջանը կապելու է Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետութիւններին։ Ցաւօք, այս հարցերը կարծես թէ քիչ են հետաքրքրում Փաշինեանին, որն աւելի շատ կենտրոնացած է իր պաշտօնը պահելու, քան Հայաստանի շահերը պաշտպանելու վրայ։

Ադրբեջանի հիմնական ձեռքբերումներից մէկը Սպիտակ տան արարողութեան ժամանակ եղաւ 1992 թւականին Կոնգրեսի կողմից ընդունւած «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդւածի կասեցումը, որն արգելում էր ԱՄՆ կառավարութեան ուղղակի օգնութիւնը Ադրբեջանին։ Այժմ Ադրբեջանը կարող է գնել միլիարդաւոր դոլարների արդիական ամերիկեան զէնք, որը կարող է օգտագործւել Հայաստանի դէմ։ Ինչպէ՞ս է սա նպաստում խաղաղութեանը։

Հանրութեանը որեւէ մանրամասնութիւն չի ներկայացւել ԱՄՆ-ի կողմից ճանապարհի կառավարման վերաբերեալ: Ինչո՞ւ այն տրամադրւեց 99 տարով՝ եւս 99 տարի երկարաձգելու հնարաւորութեամբ՝ փաստացի այն վերջնականապէս յանձնելով ԱՄՆ կառավարութեանը՝ Հայաստանի ինքնիշխանութեան հաշւին: Նաեւ պարզ չէ, թէ ինչ օգուտ է ստանալու Հայաստանն իր տարածքով միլիարդաւոր դոլարների արժողութեամբ ապրանքների տարանցումից:

Տարիներ շարունակ Փաշինեանը դէմ էր Ալիեւի պահանջին՝ Հայաստանով անցնող ճանապարհի փոխարէն «միջանցք» ստեղծելու վերաբերեալ։ Միջանցքը ենթադրում է, որ տարանցիկ ճանապարհը կը համարւի ադրբեջանական տարածք։ Այնուամենայնիւ, երբ նախագահ Թրամփը ելոյթ ունեցաւ Սպիտակ տան գագաթնաժողովում, նա այդ ճանապարհն անւանեց «միջանցք»։ Աւելին, երեք ղեկավարների կողմից ստորագրւած համաձայնագրում ներառւած է «անխոչընդոտ տարանցում» խնդրայարոյց եզրոյթը։ Ի՞նչ է ենթադրում «անխոչընդոտ» բառը։ Արդեօք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն իրաւունք չունի ստուգելու Ադրբեջանից իր տարածք անցնող անձանց անձնագրերն ու ուղեբեռը։

Ահա Սպիտակ տան գագաթնաժողովի հիմնական արդիւնքը. Թրամփը կարող է ստանալ իր Խաղաղութեան Նոբէլեան մրցանակը, Ալիեւը, Էրդողանը եւ թուրքական աշխարհը կապահովեն իրենց տարանցումը Հայաստանի տարածքով, մինչդեռ Հայաստանը կարտայանձնի իր ինքնիշխան տարածքը եւ կը հեռացնի Իրանին՝ իր միակ տարածաշրջանային դաշնակցին։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button