Սուրճը նւազեցնում է սրտի ռիթմի խանգարումների ռիսկը

Սուրճի օգտագործումը նւազեցնում է ֆիբրիլիացիայի՝ սրտի ռիթմի խանգարման առաջացման ռիսկը, որը կարող է յանգեցնել ինսուլտի կամ սրտային անբաւարարութեան։ Այս եզրակացութեանն են հանգել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի եւ Ադելաիդայի համալսարանի գիտնականները։ Արդիւնքները հրապարակւել են JAMA ամսագրում։
Նախկինում բժիշկները սրտի հիւանդութիւն ունեցող մարդկանց խորհուրդ էին տալիս սահմանափակել կոֆէինի ընդունումը՝ առիթմիայի ախտանիշների վատթարացման ռիսկի պատճառով: Սակայն նոր ուսումնասիրութիւնը ցոյց է տւել հակառակը. օրական մէկ բաժակ սուրճ խմելը 39%-ով նւազեցնում է ֆիբրիլիացիայի զարգացման ռիսկը:Այս մասին հաղորդում է 168.am-ը:
Հետազօտութեանը մասնակցել է 200 մարդ: Մասնակիցները բաժանւել են երկու խմբի. մէկ խումբը օրական խմել է առնւազն մէկ բաժակ սուրճ, մինչդեռ միւս խմբի մասնակիցները վեց ամսւայ ընթացքում ամբողջութեամբ բացառել են կոֆէինը իրենց սննդակարգից:
Արդիւնքները ցոյց են տւել, որ սուրճ խմողների մօտ առիթմիայի ռիսկը զգալիօրէն ցածր է եղել։ Հետազօտողները ենթադրում են, որ սուրճը կարող է ունենալ հակաբորբոքային ազդեցութիւն:



