Որ ախտանշաններն են նախազգուշացնում սրտամկանի ինֆարկտի մասին
Հանգստի կամ ֆիզիկական ակտիւութեան ժամանակ ի յայտ եկող կտրուկ թուլութիւնը եւ հեւոցը կարող են լինել սրտամկանի ինֆարկտի մասին նախազգուշացնող ախտանշաններ: Այս մասին «ФедералПресс»-ի հետ զրոյցում նշել է KDL լաբորատորիաների ցանցի բժշկական բաժնի ղեկավար Օլգա Մալինովսկայան։
Նրա խօսքով՝ սրտանօթային համակարգի այս վտանգաւոր ախտաբանութեան մասին կարող են յուշել օդի պակասի զգացողութիւնը, հեւոցը, գունատութիւնը, կտրուկ թուլութիւնը, գլխապտոյտը, առատ քրտնարտադրութիւնը եւ անսպասելի տեւական ու ուժգին ցաւը կրծքաւանդակի հատւածում։ Բացի այդ, սրտամկանի ինֆարկտի դէպքում ցաւը կարող է տարածւել նաեւ ծնոտի, թեւի ու թիակի հատւածում։
Մասնագէտը նախազգուշացրել է, որ այս խանգարման դէպքում ախտանշանները կարող են ի յայտ գալ ինչպէս հանգստի ժամանակ, այնպէս էլ ֆիզիկական ակտիւութեան։ Դրանք ոչ մի դէպքում չի կարելի անտեսել, իսկ ցանկացած կասկածի պարագայում հարկաւոր է անյապաղ դիմել բժշկի։
Սուր կորոնար համախտանիշն ի յայտ է գալիս այն ժամանակ, երբ սրտի մկանները բաւարար քանակութեամբ թթւածին չեն ստանում: Այս վիճակը կարող է յանգեցնել սրտի բջիջների անդառնալի կորստի: Ընդորում՝ ժամանակակից կենսակերպը՝ ֆիզիկական ակտիւութեան պակասը եւ անառողջ սննդակարգը, յանգեցրել են հիւանդութեան երիտասարդացման, ուստի ներկայում այն հանդիպում է ոչ միայն տարեցների մօտ, այլեւ երիտասարդների շրջանում։
Tert.am