Այլ

Կաթնամթերքը կայունացնում է արեան մէջ շաքարի մակարդակը

Կաթնամթերքի չափաւոր օգտագործումն արեան մէջ շաքարի մակարդակն աւելի լաւ է կայունացնում, քան խիստ վեգանական սննդակարգը։ Նման եզրակացութեանն են հանգել Հնդկաստանի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Clinical Nutrition (CN) բժշկագիտական  հանդէսում։

Փորձին մասնակցել են 30 առողջ չափահասներ, որոնք երկու շաբաթ շարունակ պահպանել են երկու սննդակարգերից մէկը։ Մի խումբը կաթնամթերքի հետ համակցւած (լակտոբուսակերական դիետա) բուսական սնունդ էր ուտում, մինչդեռ միւս խումբը ուտում էր բացառապէս բուսական սնունդ՝ սոյայի կաթի փոխարինիչներով, մասնաւորապէս՝ տոֆու եւ սոյայի կաթ։ Ընդ որում, երկու տեսակի սնունդն էլ կալորիականութեան եւ սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի պարունակութեան առումով նոյնական էին։

Գիտափորձի մասնակիցների վրայ տեղադրւել են գլիւկոզայի չընդհատւող մոնիթորինգի սենսորներ, որոնք իւրաքանչիւր 15 րոպէն մէկ չափում էին նրանց շաքարի մակարդակը։ Այդ մօտեցումը հնարաւորութիւն է տւել ամբողջ օրւայ ընթացքում գլիւկոզայի տատանումների վերաբերեալ ճշգրիտ տւեալներ ստանալ։

Արդիւնքները ցոյց են տւել, որ կաթնամթերք օգտագործող մարդիկ արեան մէջ շաքարի աւելի ցածր եւ աւելի կայուն մակարդակ ունէին։ Նրանք նաեւ ունէին ճարպի օգտագործմանը եւ օքսիդատիւ ստրեսից պաշտպանութեանը մասնակցող ացետիլկարնիտինի աւելի բարձր մակարդակ։ Մինդեռ խիստ վեգանական սննդակարգ պահպանած մասնակիցների օրգանզիմում բարձրացել է ֆենիլալանինի մակարդակը. ֆենիլալանինը ամինաթթու է, որն ընդունակ է խաթարել գլիւկոզայի իւրացումը չափից շատ օգտագործելու դէպքում:

Հեղինակները նշում են, որ արդիւնքները յատկապէս կարեւոր են 2-րդ տիպի շաքարախտի բարձր տարածւածութիւն ունեցող երկրների, մասնաւորապէս՝ Հնդկաստանի համար, որտեղ աւելի քան 100 միլիոն մարդ արդէն իսկ տառապում է այդ հիւանդութիւնից, իսկ 136 միլիոնին նախադիաբէտ են ախտորոշել։ Հետազօտողները ընդգծում են, որ երկու տեսակի սննդակարգերն էլ կարող են առողջ ապրելակերպի մաս կազմել, սակայն կաթնամթերքի լիակատար բացառումը միշտ չէ, որ արդարացւած է նիւթափոխանակութեան տեսանկիւնից։

news.am

Related Articles

Back to top button