Այլ

Չինացի գիտնականները մշակել են ուղեղի հիւսւածքի սառեցման ու հալեցման ամենաարդիւնաւէտ մեթոդը

Չինաստանի Ֆուդանի համալսարանական մանկական հիւանդանոցի ազգային մանկական բժշկական կենտրոնի բժշկական հետազօտողների խումբը մշակել է ուղեղի հիւսւածքը առանց վնասելու սառեցնելու եւ հալեցնելու մեթոդ:

Իրենց ուսումնասիրութեան մէջ, որը հրապարակւել է Cell Reports Methods ամսագրում, թիմը փորձարկել է ուղեղի օրգանոիդ հիւսւածքի բուժումը քիմիական նիւթերով, նախքան այն սառեցնելը հեղուկ ազոտի միջոցով: Նախորդ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ անկախ նրանից, թէ որքան արագ է սառչում ուղեղի նիւթը, սառեցման եւ հալման գործընթացը միշտ յանգեցնում է հիւսւածքների վնասմանը:

Սա դժւարացրել է հետազօտողների համար ուղեղի նիւթի ուսումնասիրութիւնը, քանի որ հետազօտութիւնը պէտք է կատարւի հիւսւածքի նմուշ ստանալուց անմիջապէս յետոյ: Այս նոր աշխատանքում Չինաստանից թիմը գտել է այս խնդիրը շրջանցելու միջոց՝ հիւսւածքները սառեցնելուց առաջ յատուկ լուծոյթով թրջելով:

Աշխատանքը ներառում էր ուղեղի օրգանոիդները (ցողունային բջիջներից ստացւած ուղեղի հիւսւածքը) համապատասխան միացութիւնների մէջ թաթախել կամ թրջել, այնուհետեւ դրանք սառեցնել եւ հալեցնել՝ տեսնելու, թէ ինչպէս են դրանք վարւում: Բազմաթիւ փորձերից յետոյ նրանք գտել են լուծումների մէկ համակցութիւն, որն ամենալաւն է աշխատում՝ էթիլեն գլիկոլի, մեթիլցելիւլոզայի DMSO եւ Y27632 խառնուրդը: Լուծումների այս խառնուրդն անւանել են MEDY:

Հետազօտական թիմն այնուհետեւ փորձարկել է MEDY-ը տարբեր պայմաններում՝ տեսնելու, թէ որքանով է այն կանխում սառցակալման վնասը: Պայմանները ներառում էին այնպիսի պարամետրերի փոփոխութիւններ, ինչպիսիք են օրգանոիդների տարիքը մինչեւ սառեցումը եւ MEDY լուծոյթում պահելու տեւողութիւնը: Այնուհետեւ նրանք թոյլ են տւել օրգանոիդներին վերսկսել աճը 150 օր դրանք հալեցնելուց յետոյ:

Հետազօտողները քիչ տարբերութիւն են գտել սառեցւած օրգանոիդների եւ չսառած օրգանոիդների միջեւ, նոյնիսկ նրանց, որոնք սառեցւել են 18 ամիս: Որպէս վերջնական թեստ՝ հետազօտական թիմն իր տեխնիկան օգտագործել է կենդանի հիւանդից ստացւած ուղեղի հիւսւածքի նմուշի վրայ եւ պարզեց, որ այն նոյնքան լաւ է աշխատում:

Գիտնականները կարծում են, որ իրենց տեխնիկան թոյլ կը տայ ուղեղի հիւսւածքի նմուշները պահել բաւական մեծ մասշտաբով, որպէսզի հնարաւորութիւն ընձեռի ուղեղի եւ նեարդային համակարգի նոր տեսակի հետազօտութիւններ:

 NEWS.am Medicine

Related Articles

Back to top button