Ուելսի արքայադուստր Քէյթի մօտ քաղցկեղ է յայտնաբերւել
Ուելսի արքայադուստր Քէյթը յայտնել է, որ իր մօտ քաղցկեղ է յայտնաբերւել. նա կանխարգելիչ քիմիաթերապիայի կուրս է անցնում։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ արքայադուստր Քէյթն այս մասին յայտնել է մարտի 22-ին հրապարակւած տեսաուղերձում։
42-ամեայ Քէյթը նշել է, որ ուռուցքը յայտնաբերւել է յունւարին տարած վիրահատութիւնից յետոյ։
«Իհարկէ, սա ահռելի ցնցում էր, եւ Ուիլեամն ու ես անում ենք ամէն բան, որ սա յաղթահարենք` յանուն մեր երիտասարդ ընտանիքի: Ինչպէս կարող էք պատկերացնել, սա ժամանակ պահանջեց: Ինձ ժամանակ էր պէտք լուրջ վիրահատութիւնից յետոյ վերականգնւելու եւ բուժումը սկսելու համար: Բայց ամենակարեւորը, մեզ ժամանակ էր պէտք, որպէսզի Ջորջին, Շառլոտային եւ Լուիին ամէն ինչ բացատրենք նրանց համար ամենայարմար ձեւով եւ վստահեցնենք նրանց, որ ինձ հետ ամէն ինչ լաւ կը լինի», -տեսանիւթում ասում է արքայադուստր Քէյթը։ Յունւարին որովայնի խոռոչի վիրահատութիւնից յետոյ Քէյթը հանրութեան առջեւ չէր յայտնւել, ինչը բազմաթիւ ասէկոսէների եւ ենթադրութիւնների տեղիք էր տւել։
Քէյթը բրիտանական թագաւորական ընտանիքի միակ անդամը չէ, որի մօտ վերջին ամիսներին քաղցկեղ է ախտորոշւել։ Ուռուցք է յայտնաբերւել նաեւ Չարլզ 3-րդ թագաւորի մօտ։