Նեթանիահուն յոյս ունի վերականգնել Թրամփի հետ սերտ համագործակցութիւնը
«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն կը ձգտի վերականգնել սերտ համագործակցութիւնը ԱՄՆ նախագահական ընտրութիւններում յաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի հետ առճակատման հարցում նրա աջակցութիւնը ստանալու համար։ Այս կարծիքն արտայայտւած է Politico եւրոպական հրատարակութեան հրապարակած նիւթում։
Նրա գնահատականներով՝ Նեթանիահուն յոյսը դնում է Թրամփի վրայ՝ աջակցելու «Մերձաւոր Արեւելքը վերափոխելու» իր ռազմավարութեանը, «որում տեղ չկայ Իրանի ղեկավարութեան համար», պաղեստինեան արմատական ՀԱՄԱՍ շարժման եւ լիբանանեան շիական «Հեզբօլլահ» կազմակերպութեան։ Պարբերականը նշում է, որ այս առումով Իսրայէլի վարչապետը, ամենայն հաւանականութեամբ, կը յենւի այն փաստի վրայ, որ Թրամփը, 2016-2020 թւականներին իր առաջին նախագահական ժամկէտում, «Իրանի վրայ մաքսիմալ ճնշման ռազմավարութեան կողմնակիցն էր»։
Նեթանիահուի նախընտրական շտաբի նախկին ստրատեգ Նադաւ Շտրաուչլերի կարծիքով՝ հրեայ վարչապետը «պէտք է ականջից ականջ ժպտալով ողջունէր Թրամփի յաղթանակի լուրը»։ «Այժմ [Նեթանիահուն] ընկեր ունի Սպիտակ տանը, դա շատ բան է նշանակում եւ կարող է շատ բան փոխել»,- Politico-ին ասել է Ստրաուխլերը: Նա կարծում է, որ այս համատեքստում Իսրայէլի վարչապետն առաջին հերթին «մտածում է Իրանի մասին»։
Հրատարակութիւնը յիշեցնում է, որ Նեթանիահուն արդէն Թրամփի յաղթանակն անւանել է «պատմութեան մէջ ամենամեծ վերադարձը»։ Ըստ Politico-ի, նման արձագանգը մասամբ «նպատակւած էր փոխհատուցել Նեթանիահուի ձախողումը 2020 թւականի նոյեմբերին», երբ նա առաջին օտարերկրեայ առաջնորդն էր, ով շնորհաւորեց ԱՄՆ նորընտիր նախագահ Ջօ Բայդէնին յաղթանակի կապակցութեամբ: Սակայն, ինչպէս ասել է Շտրաուխլերը, այդ ժամանակւանից Իսրայէլի վարչապետը «ջանքեր է գործադրել վերականգնելու երերուն համագործակցութիւնը» Թրամփի հետ։ Մասնաւորապէս, Թրամփը անցեալ ամիս նշել էր, որ Նեթանիահուն «գրեթէ ամէն օր» զանգահարել է իրեն՝ «որոշ հարցերի վերաբերեալ իր կարծիքը» ստանալու համար։
Այս առնչութեամբ Politico-ն նշում է, որ ԱՄՆ-ի նախագահութիւնից Բայդէնի հեռանալով, Նեթանիահուն աւելի քիչ կը սահմանափակւի իր գործողութիւններում։ «Թրամփը միշտ մտածում է գործարքի սկզբունքի վրայ, առաջին տեղում իր շահերն են, նա շատ անկանխատեսելի է։ Սակայն, նրանց [Նեթանիահուի] մտածելակերպը եւ բնազդները շատ աւելի մեծ չափով են համընկնում, քան Նեթանիահուի եւ Բայդէնի մտածելակերպը»,- ասել է հրատարակութեան աղբիւրը Իսրայէլի բարձրաստիճան պաշտօնեաներից: