Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ՀՀ ԱԳՆ-ից յայտնել են՝ ինչ են քննարկել Ռուբէն Ռուբինեանն ու Սերդար Քըլըչը

«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանը եւ դեսպան Սերդար Քըլըչը Երեւանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը: Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այս հանդիպման ընթացքում յատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակւած եւ համաձայնեցւած հարցերը՝ Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների լիարժէք կարգաւորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. յուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերեալ ձեռք բերւած համաձայնութեան կեանքի կոչման շուրջ։ Յատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:

Յատուկ ներկայացուցիչները նաեւ պայմանաւորւել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կը կատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրութիւնները՝ Գիւմրի–Կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Նրանք նաեւ պայմանաւորւել են, որ ջանքեր կը գործադրւեն մշակոյթի եւ ակադեմիական ոլորտներում համագործակցութիւնն ամրապնդելու ուղղութեամբ, մասնաւորապէս բարձրագոյն կրթական հաստատութիւնների ուսանողների համար կրթաթոշակների հնարաւորութիւններ ստեղծելու եւ պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

Յատուկ ներկայացուցիչները նաեւ համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտւած այլ հետաքրքրւած ընկերութիւնների կողմից 2026 թւականի ամռանից տարբեր ուղղութիւններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կաւելացնի օդային երթուղիների եւ թռիչքների թիւը երկու երկրների միջեւ:

Եզրափակելով՝ Յատուկ ներկայացուցիչները վերահաստատել են յանձնառութիւնը շարունակել այս գործընթացն առանց որեւէ նախապայմանի։

Related Articles

Back to top button