Հայաստան - Արցախ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳՈՒՄԱՐՈՎ ՉԻ ՎԱՃԱՌՒՈՒՄ

Բագրատ Սրբազան ամփոփեց մայիսի 17-ի օրը

«ԱԼԻՔ» – Ձեւաւորւած աւանդոյթի համաձայն, երէկ՝ երեկոյեան Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման անդամների եւ աջակիցների հետ ամփոփել է մայիսի 17-ի օրը:

«Այսօր Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը յայտարարութիւն է տարածել, որ աջակցում է մեր շարժմանը: Բացի այդ, իրազեկման աւտոերթեր են տեղի ունեցել Արթիկում եւ Մարալիկում»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ յաւելելով, որ Սփիւռքում նոյնպէս շարունակւում են աջակացութեան ակցիաները:

Նշենք, որ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում ուսանողների համար դասախօսութիւն է կարդացել, «Անի Գրանդ» հիւրանոցում հանդիպել է բժիշկների հետ, իսկ «Նեմեսիս» գործողութեան հերոսների յիշատակը յաւերժացնող յուշակոթողի մօտ հանդիպում է ունեցել ի սատարում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման յայտարարութեանը միացած դասախօսների հետ:

«Իմ ընթերցածը դասախօսութիւն չէ, հայեցակարգ է, մարդկանց տրւած հնարաւորութիւն է, որ մտածեն, մասնակցեն: Այստեղից այնտեղից արհեստական փախցւած թէզեր չեն, գաղափարներ են, կեանքի զարգացման հիմնադրոյթներ են»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով բժիշկների եւ դասախօսների հետ ունեցած հանդիպումներին:

Խօսելով մայիսի 18-ի ծրագրեի մասին Բագրատ Սրբազանն ասել է. «Վաղը հանդիպելու եմ քաղաքական կազմակերպութիւնների եւ կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ: Նախատեսւում է հանդիպում նաեւ մշակոյթի գործիչների եւ պահեստազօրի սպաների հետ:

Կիրակի օրւանից տեղեակ կը լինէք, թէ ինչ է տեղի ունենալու առաջիկայ շաբաթը, որովհետեւ շատ կարեւոր յայտարարութիւններով, պատգամներով եւ ուղերձներով մենք շատ լաւ անելիք ունենք։ Մենք մի քանի օրւայ անելիք ունենք ընդամէնը, որոնք մայիսը կը դարձնեն շատ լաւ ամիս»:

Հայրենիքը գումարով չի վաճառւում. կիրանցիները շարունակում են պայքարը

Կիրանցում մարզպետը եւ բարձրաստիճան պաշտօնեաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը եւ ասել, որ հայրենիքը գումարով չի վաճառւում:

Այս մասին երէկ՝ մայիսի 17-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման օրւայ ամփոփման ժամանակ, Բագրատ Սրբազանի հետ հեռախոսազրոյցի ժամանակ յայտնել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, ով այդ պահին Կիրանց գիւղում էր։

«Կիրանցում պայքարը շարունակւում է, ժողովուրդը տրամադրւած է։ Կիրանցեցիները ոգեւորւած են Երեւանում տեղի ունեցող պայքարից, եւ իրենք էլ Կիրանցում են պայքարելու»,- ասել է Գառնիկ Դանիէլեանը:

Related Articles

Back to top button