Գիտնականները սովորել են ուռուցքների բուժման ժամանակ նւազեցնել թունաւորութիւնը

Քիմիական կենսաբանութեան եւ հիմնարար բժշկութեան ինստիտուտի գիտնականները ստեղծել են ծածկոյթ ուռուցքաբանական հիւանդութիւնների բուժման եւ ախտորոշման մէջ օգտագործւող նանոմասնիկների համար: Այն նւազեցնում է թունաւորութիւնը, մեծացնում է մասնիկների ուռուցքային բջիջներին մատակարարման արդիւնաւէտութիւնը եւ վերահսկում է նանոմասնիկների չափը դրանց սինթեզի ընթացքում: Բացի դրանից, մագնիսական նանոմասնիկները կարելի է կիրառել որպէս կոնտրաստային նիւթ՝ ուռուցքների ախտորոշման համար՝ օգտագործելով մագնիասառեզոնանսային շերտագրութիւն: Աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Magnetochemistry բժշկագիտական հանդէսում:
Խառը երկաթի օքսիդի նանոմասնիկներն օժտւած են մագնիսական յատկութիւններով, որոնց շնորհիւ դրանք հաստատուն մագնիսական դաշտի ազդեցութեան տակ կարող են մատակարարւել ուռուցքի գօտի, իսկ փոփոխական մագնիսական դաշտի ազդեցութեան տակ ի վիճակի են տաքանալ՝ առաջացնելով տեղային գերտաքացում եւ ոչնչացնելով քաղցկեղի բջիջները,- գրում է «Научная Россия»-ն: Միեւնոյն ժամանակ, խառը երկաթի օքսիդի նանոմասնիկները թունաւոր են ակտիւ թթւածնային տեսակների առաջացման պատճառով, եւ իրենց մագնիսական յատկութիւնների շնորհիւ դրանք հակւած են ագրեգացման. միմեանց ձգելով՝ դրանք աւելի խոշոր մասնիկներ են ստեղծում: Սակայն, կենսաբժշկութեան համար դրանց չափը չպէտք է գերազանցի 200 նիւտոն-մետրը։
Գիտնականներին յաջողւել է ստեղծել նանոմասնիկների համար ծածկոյթ, որը կանխում է դրանց ագրեգացիան եւ նւազեցնում թունաւորութիւնը։
Մագնիսական նանոմասնիկները կարող են կիրառւել տարբեր տեսակի ուռուցքների թերանոստիկայում («therapy» եւ «diagnostics» բառերից կազմւած հասկացութիւն, համատեղում է ախտորոշումը, թիրախային թերապիան եւ բուժման ազդեցութեան մոնիթորինգը-խմբ.), որոնց տեղայնացումը յարմար է մագնիսական դաշտի միջոցով ներարկման համար։ Օրինակ, սա արգանդի վզիկի քաղցկեղն է կամ հաստ աղիքի քաղցկեղը։ Այնուամենայնիւ, որոշակի մեթոդներ հնարաւորութիւն են տալիս մօտենալ գլիոմաների բուժմանը։ Հետազօտական խմբի սկզբնական նպատակն է պայքարել ուղեղի ուռուցքների դէմ։
Գիտնականները միաժամանակ տարբեր տեսակի գործողութիւնների մի քանի դեղամիջոցներ մէկ նանոմասնիկին կցելու եղանակներ են փնտրում։ Ներկայիս աշխատանքը վերաբերում է քիմիաթերապիայի եւ ցածր մոլեկուլային զանգւածի դեղամիջոցների համադրութեանը, ինչպէս նաեւ գենային թերապիային հակաիմաստային օլիգոնուկլեոտիդներով (oligonucleotide- քիմիական սինթեզի կամ աւելի երկար պոլինուկլեոտիդների կտրման միջոցով ստացւող ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի կարճ հատւած։ Օգտագործւում են որպէս զոնդեր կամ պրայմերներ՝ նուկլեինաթթւի կարճ հատւած -խմբ.)։
News.am