Այլ

Ալերգոլոգ. Աշխարհում ամէն երրորդ մարդը տառապում է այս կամ այն ալերգիկ հիւանդութեամբ.

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում աճել է ալերգիկ հիւանդութիւնների տարածւածութիւնը, Հայաստանն  էլ բացառութիւն չէ: Այս մասին NEWS.am Medecine-ի հետ զրոյցում ասաց Երեւան քաղաքի գլխաւոր ալերգոլոգ Կրիստինա Ջամալեանը՝ նշելով, որ դրա պատճառները տարբեր են, սակայն գլխաւոր պատճառը մթնոլորտի աղտոտւածութիւնն է:

«Աշխարհում ամէն երրորդ մարդը տառապում է այս կամ այն ալերգիկ հիւանդութեամբ. դա սարսափելի ցուցանիշ է: Ամենատարածւած ալերգիկ հիւանդութիւնը քթաբորբն է: Ամէն օր 15-20 հիւանդ ենք ունենում՝ շնչառական ուղիների ալերգիկ ախտահարումով»,-ասաց ալերգոլոգը:

«Օդի աղտոտւածութեան հետեւանքով յատկապէս տարածւում են քթաբորբը, ասթմատիկ բրոնխիտը, բրոնխիալ ասթման, ախտահարւում են ե՛ւ վերին, ե՛ւ ստորին շնչուղիները:  Ալերգիաները արտայայտւում են նաեւ մաշկային երեւոյթներով՝ ալերգիկ կոնտակտային մաշկաբորբի տեսքով:  Օդի ախտոտւածութիւնը նպաստում է բոլոր ալերգիկ հիւանդութիւնների տարածմանը: Գարնան եւ ամռան ամիսներին առաւել նկատելի է արտայայտւածութիւնը, բայց աշնանն ու ձմռանը դրանց տարածումը նոյնպէս հնարաւոր է»:

Կրիստինա Ջամալեանի խօսքով, արդիւնաբերական եւ շինարարական փոշին եւս ալերգիայի սրման գլխաւոր պատճառներից են:  Այդ պատճառով եւրոպական երկրներում խիստ սահամանափակումներ են դրւում սննդային եւ արդիւնաբերական ցանկացած ոլորտում, որովհետեւ քիմիական թափոնները, ամենուր իրականացւող շինարարութիւնն ազդում են օրգանիզմի վրայ:

«Խնդրի լուծման տարբերակներից մէկը արդիւնաբերական եւ շինարարական նորմերի վերանայումն է: Շինհրապարակները պէտք է փակւած լինեն, ինչի արդիւնքում փոշին հնարաւորինս քիչ կը տարածւի: Շատ դէպքերում արդիւնաբերական թափոնների արտանետումը  իրականացւում է բնութեան մէջ, պէտք է նաեւ այդ նորմերը վերանայւեն»,-ասաց նա: 

Related Articles

Back to top button