Հետազօտութիւն. Լսողութեան կորուստը կապւած է ներքին մազաբիջների սինապսի խտութեան հետ
Michigan Medicine’s Kresge Hearing գիտահետազօտական ինստիտուտում անցկացւած հետազօտութիւնը յանգեցրել է եզակի բացայայտման՝ մկների լսողութիւնն ընդհուպ ծայրայեղ նուրբ մակարդակի բարելաւելու ունակութեան աստիճան: Հետազօտութիւնը նաեւ հաստատել է այն վարկածը, որ մարդկանց լսողութեան թաքնւած կորուստը թերեւս առնչւում է ներքին մազաբջիջների սինապսների (նէյրոնների կամ նէյրոնների եւ գեղձային ու մկանային բջիջների միջեւ էլեկտրական ազդակների փոխանցման վայր) խտութեանը, գրում է PLOS պորտալը:
Ներքին ականջում նէյրոտրոֆիկ գործօնի նէյրոտրոֆին-3 (Ntf3) քանակի աւելացման վրայ հիմնւած մօտեցումը կիրառելով՝ հետազօտողներն ակուստիկ վնասւածքից յետոյ վերականգնել են մկների լսողութիւնը եւ զգալիօրէն բարելաւել միջին տարիքի մկների լսողութիւնը, գրում է Planet Today-ը: Սակայն սա առաջին հետազօտութիւնն է, որտեղ այս մօտեցումը յաջողութեամբ կիրառւել է առողջ երիտասարդ մկների վրայ, ինչը յանգեցրել է բնական հնարաւորութիւնները գերազանցող ծայրայեղ նուրբ լսողութեան:
Հետազօտական թիմը ղեկավարող դոկտոր Գաբրիէլ Կորֆասը նշել է. «Մենք պարզեցինք, որ ներքին մազաբջիջների եւ լսողական նէյրոնների միջեւ սինապսների աւելացումը լսողութեան զգալի բարելաւման է յանգեցնում: Լրացուցիչ սինապսներով կենդանիները բնականոն լսողական շեմեր ունեն, բայց նրանք ի վիճակի են գերբնական մակարդակով լսողական տեղեկատւութիւն մշակել»։
Հետազօտութիւնը նոր հեռանկարներ է բացում լսողութեան թաքնւած կորստի բուժման եւ մոլեկուլային մակարդակում լսողութեան բարելաւման հնարաւորութեան առումով: