Գիտնականները յայտնաբերել են մաշկի սպիտակուց, որը կարող է օգնել էկզեմայի եւ փսորիազի բուժմանը
Հետազօտողները յայտնաբերել են նախկինում անյայտ ազդանշանային ուղի, որը մասնակցում է փսորիազի եւ էկզեմայի զարգացմանը: Այն կարող է դառնալ հաւանական թիրախ դառնալ նոր դեղամիջոցների համար, որոնք նախատեսւած են դրանց բուժման համար:
Փսորիազը եւ էկզեման (ատոպիկ դերմատիտ) մաշկային բորբոքային հիւանդութիւններ են, որոնք դժւար է բուժել: Արդիւնաւէտ դեղամիջոցներ ստեղծելու համար անհրաժեշտ է յստակ իմանալ, թէ ինչպէս և ինչու են առաջանում այդ հիւանդութիւնները։
Ցինցինատիի մանկական հիւանդանոցի (ԱՄՆ) գենետիկայի եւ ասթմայի հետազօտութեան մասնագէտներն աւելի են մօտեցել մաշկի բորբոքային հիւանդութիւնների զարգացման մոլեկուլային մեխանիզմների ըմբռնմանը եւ յայտնաբերել են նոր ազդանշանային ուղի, որը մասնակցում է մաշկի պաշտպանիչ պատնէշի ստեղծմանը: Հետազօտութեան արդիւնքները ներկայացւած են Cell Reports ամսագրում։
Մաշկի հիմնական՝ պաշտպանիչ, գործառոյթն իրականացւում է բազմաթիւ ազդանշանային սպիտակուցների փոխազդեցութեան շնորհիւ: Կերատինոցիտների (մաշկի էպիդերմիսի հիմնական բջիջների) թաղանթների վրայ կայ CARD14 կոչւող սպիտակուց։ Գիտնականներին արդէն յայտնի էր, որ այն կապւած է NF-κB տրանսկրիպցիոն գործոնի հետ, որը մասնակցում է իմունային համակարգի կարգաւորմանը։ NF-κB-ի աշխատանքի խախտումը հանգեցնում է աուտոիմուն, բորբոքային կամ քաղցկեղային հիւանդութիւնների, այդ թւում՝ փսորիազի եւ էկզեմայի, եթէ CARD14-ը չափազանց կամ անբաւարար է ակտիւացնում NF-κB-ն:
Սակայն այս ազդանշանային ուղին մաշկի պաշտպանիչ պատնէշը պահպանելու միակ կարեւոր գործոնը չէր: Գիտնականները պարզել են, որ CARD14-ը կարող է կապւել նաեւ մէկ այլ՝ MYC տրանսկրիպցիոն գործոնի հետ: Այն կարեւոր դեր է խաղում մաշկի հոմեոստազի պահպանման գործում, խթանում է ցողունային բջիջների թարմացումը եւ նոր կերատինոցիտների ձեւաւորումը:
Ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ CARD14-ը ուղղակիօրէն փոխազդում է MYC-ի հետ: Սա հանգեցնում է դրա ակտիւացմանը, ինչը խթանում է նոր բջիջների ձեւաւորումը եւ ուժեղացնում է մաշկի մեխանիկական պաշտպանութիւնը:
Փսորիազով կամ էկզեմայով տառապող մարդկանց մօտ CARD14 սպիտակուցը սովորաբար արատաւոր է: Ենթադրւում է, որ եթէ այն բաւարար չէ, ապա զարգանում է էկզեմա, իսկ եթէ չափից շատ է, ապա փսորիազ: Նախկինում սա բացատրւում էր CARD14-ի և NF-κB-ի փոխազդեցութեամբ: Սակայն նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մաշկի պաշտպանիչ պատնէշը պահպանելու գործում ներգրաււած է երկու մեխանիզմ։
Նախ, CARD14-ի եւ NF-κB-ի փոխազդեցութիւնն ապահովում է մաշկի հակամանրէային պաշտպանութիւնը, քանի որ NF-κB-ն կարգաւորում է իմունային համակարգի աշխատանքը: Երկրորդ, CARD14-MYC ազդանշանային ուղին, էպիդերմիսի թարմացման հաշւին, ապահովում է մաշկի մեխանիկական պաշտպանութիւնը, ինչը նոյնպես կարեւոր է բորբոքային հիւանդութիւնների զարգացումը կանխելու համար:
Գիտնականները նաեւ նշել են, որ CARD14-MYC ազդանշանային ուղին կարող է ազդել ոչ միայն մաշկի առողջութեան, այլեւ ասթմայի կամ էոզինոֆիլային էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում) զարգացման վրայ, եթէ այդ սպիտակուցների փոխազդեցութիւնը խախտւած է շնչուղիների կամ կերակրափողի հիւսւածքներում։
Հետազօտութեան հեղինակներն այժմ զբաղւած են մանր մոլեկուլների որոնմամբ, որոնցով հնարաւոր կլինի կարգաւորել CARD14-ի և MYC-ի միջեւ ազդանշանը: Նրանց նպատակը նոր դեղամիջոցներ գտնելն է։ Փսորիազի եւ էկզեմայի զարգացմանը մասնակցող նախկինում անյայտ մեխանիզմի յայտնաբերումը նոր հնարաւորութիւններ է բացում այս հիւանդութիւնների բուժման թերապեւտիկ մօտեցումների որոնման եւ մշակման մէջ: