Հայաստան - ԱրցախՄիջազգայինՄշակութային

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը Այւազովսկու յուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ

«ԱԼԻՔ» – Օկուպացւած Ստեփանակերտում հայ ազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու յուշարձաը քանդելու մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի յօդւածի հեղինակ Մարինա Պերեւոզկինան այդ քայլին դիմած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ։ Հաղորդում է News.am-ը:

Նա յիշեցրել է, որ Հիտլերի իշխանութեան գալուց յետոյ նացիստները հրամայել են ապամոնտաժել ականաւոր գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Հերցի բրոնզէ կիսանդրին, որը տեղադրւած էր Կարլսրուէի համալսարանում, որտեղ գիտնականն իր գլխաւոր յայտնագործութիւնն էր արել՝ ապացուցել էր էլեկտրամագնիսական ալիքների գոյութիւնը։ Այդ ժամանակւանից ի պատիւ նրա՝ տատանումների յաճախականութեան միաւորը կոչւում է «հերց»։ Սակայն Հերցի ծագումը, նացիստների տեսանկիւնից, չէր համապատասխանում ռասայական մաքրութեան չափանիշներին. նրա հայրը հրեայ էր, թէեւ՝ մկրտւած որպէս քրիստոնեայ։

Երրորդ Ռէյխի իշխանութիւնները նոյնիսկ փորձել են վերանւանել յաճախականութեան միաւորը եւ այն կոչել Հելմհոլցի անունով, որը նոյնպէս ֆիզիկոս էր, բայց միեւնոյն ժամանակ՝ «իսկական արիացի»։ Սակայն այդ փորձերը զայրոյթով մերժւել են միջազգային հանրութեան կողմից։

Այւազովսկու յուշարձանը տեղադրւել էր 2021 թւականին՝ Արցախի ռուսական համայնքի եւ ՌԴ խաղաղապահ առաքելութեան մասնակցութեամբ Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում, ընդգծել է Պերեւոզկինան։

«Իւան (Այւազովսկու անւան ռուսերէն տարբերակը-ԽՄԲ.)՝ Այւազովսկին ծնւել է Ղրիմում (այն ժամանակ՝ Տաւրիական նահանգ)՝ սեւծովեան Թէոդոսիա նաւահանգստում, որտեղ եւ անցկացրել է կեանքի մեծ մասը։ Հայ Առաքելական եկեղեցու տեղի Սուրբ Սարգիս եկեղեցու մկրտութեան գրառումներում նա նշւած է Յովհաննէս Այւազեան անունով։ Ազգանունը լեհական ձեւով փոխել էր դեռեւս նրա հայրը՝ Գէորգ Այւազեանը, որը վաճառական էր եւ սերում էր 18-րդ դարում Գալիցիա տեղափոխւած արեւմտահայերից։ Այւազովսկին սովորել է Պետերբուրգում, ապրել Եւրոպայում, դարձել Կայսերական գեղարւեստի ակադեմիայի ակադեմիկոս եւ նշանակւել «ռուսաստանեան նաւատորմի պաշտօնական նկարիչ»։ Ստացել է համաշխարհային ճանաչում եւ սերտ կապեր է ունեցել Ռուսական կայսրութեան այն ժամանակւայ ռազմական եւ քաղաքական էլիտայի հետ։ Այսինքն՝ նա բառի բուն իմաստով ռուսաստանցի նկարիչ էր, եւ ոչ միայն։ Նրա ստեղծագործութիւնն ունի համաշխարհային նշանակութիւն։ Հայաստանի հետ նրան կապում էր միայն ծագումը՝ «արիւնը»։

Բայց ինչ-որ մէկի համար 21-րդ դարում էլ «արիւնն» է ամէն ինչ որոշում»,- գրում է յօդւածի հեղինակը։

Պերեւոզկինան ընդգծել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի քարտուղար Այխան Հաջիզադէն յուլիսի 31-ին հանդէս է եկել ֆանտաստիկ յայտարարութեամբ, որում ոչ միայն ընդգծւում է Այւազովսկու «հայկական ծագումը», այլեւ սպառնալիքներ են պարունակւում ինչպէս ՌԴ առաջատար լրատւական գործակալութիւններից մէկի, այնպէս էլ ընդհանուր առմամբ երկրի հասցէին։

Ստեփանակերտ անւանումը Խանքենդիի փոխարէն օգտագործելու համար գործակալութեանը սպառնում են Ադրբեջանում գործունէութեան դադարեցմամբ։ Իսկ Ռուսաստանին՝ որպէս երկիր, սպառնում են հաւասարեցնել «մշակութային ներկայացւածութեան անհաւասարութիւնը», այսինքն՝ Ադրբեջանում փակել ռուսալեզու թատրոնները, դպրոցներն ու պարբերականները, քանի որ Ռուսաստանում «չկան ադրբեջանական թատրոններ, դպրոցներ, թերթեր ու ամսագրեր»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ խոստանում է «սկսել Ռուսաստանի տարբեր տեղանուններն իրենց պատմական անուններով կոչել»։

«Այս հանձնարարականներին համապատասխան՝ ադրբեջանական լրատւամիջոցները, մասնաւորապէս Minval-ը, իրենց հրապարակումներում սկսել են Կալինինգրադն անւանել Քեոնիգսբերգ, Օրենբուրգը՝ Օրինբոր, իսկ Վոլգա գետը՝ Իտիլ։ Նրանք, երեւի, կարծում են, որ դա սրամիտ է։ Խնդիրն այն է, որ 1923 թւականին, երբ Խանքենդի փոքրիկ բնակավայրը վերանւանւեց Ստեփանակերտ՝ բոլշեւիկ Ստեփան Շահումեանի պատւին, Ադրբեջանի ղեկին նոյնպէս բոլշեւիկներ էին՝ Շահումեանի զինակիցները։ Մասնաւորապէս, Նարիման Նարիմանովը, որը, ինչպէս եւ Շահումեանը, Բաքւի կոմունայի անդամ էր, բայց խուսափել էր գնդակահարութիւնից, իսկ յետոյ դարձել էր Ադրբեջանական Խորհրդային Հանրապետութեան Ժողկոմխորհրդի նախագահ եւ գլխաւորում էր Անդրկովկասեան ֆեդերացիայի Միութենական խորհուրդը։ Դժւար թէ Խանքենդիի անւանափոխման որոշումը կայացւէր՝ հակառակ Բաքւի ընկերների կարծիքի։

Բացի այդ, Խանքենդի նշանակում է «Խանի գիւղ», իսկ ի՞նչ խաներ կարող են լինել սոցիալիստական հանրապետութիւնում։ Խաներն այստեղ տեղ չունեն, այդ պատճառով ուղիղ հարիւր տարի քաղաքը կոչւում էր Ստեփանակերտ, եւ բոլորը գոհ էին։ Իսկ 1978 թւականին Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եւ նրա ապագայ նախագահ Հէյդար Ալիեւն ասում էր, որ «հայ ժողովրդի մեծ զաւակ Ստեփանը նաեւ ադրբեջանական ժողովրդի, Անդրկովկասի ողջ ժողովրդի, ողջ բազմազգ ու համախմբւած խորհրդային ժողովրդի զաւակն է»։ Ժամանակակից Ադրբեջանի հիմնադիր հօր կարծիքին արժէր ականջալուր լինել»,- գրում է Պերեւոզկինան։

Related Articles

Back to top button