Այլ

Ստեղծւել է ձայնի միջոցով Ալցհէյմերի հիւանդութեան վաղ յայտնաբերման համակարգ

Հէֆէյի գիտութիւնների ակադեմիայի (Չինաստան) գիտնականները ներկայացրել են բազմախնդիր ուսուցման նոր համակարգ՝ DEMENTIA, Ալցհէյմերի հիւանդութեան վաղ յայտնաբերման եւ գնահատման համար: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են IEEE Journal of Biomedical and Health Informatics ամսագրում:

Հետազօտողները նշել են, որ հաշւի առնելով բնակչութեան ծերացումը՝ Ալցհէյմերի հիւանդութիւնը դառնում է աւելի հրատապ խնդիր, եւ վաղ ախտորոշումը առանցքային է պացիենտների վիճակի բարելաւման համար: Կոգնիտիւ ֆունկցիաների վատացման առաջին նշաններից մէկը խօսքի խանգարումն է:

Խօսքի աւտոմատացւած վերլուծութիւնը՝ որպէս ոչ ինւազիւ եւ մատչելի մեթոդ, ախտորոշման խոստումնալից ուղղութիւն է, սակայն առկայ մօտեցումները բախւում են տւեալների ճշգրտութեան եւ մեկնաբանելիութեան հետ կապւած խնդիրների:

Պրոֆեսոր Լի Հայի թիմը Հէֆէյի ֆիզիկական գիտութիւնների ինստիտուտից մշակել է DEMENTIA հարթակը, որն օգտագործում է հիբրիդային ուշադրութեան մեխանիզմ՝ խօսքը, տեքստը եւ փորձագիտական գիտելիքները համադրելու համար: Այս մօտեցումը զգալիօրէն բարելաւում է համակարգի ճշգրտութիւնը եւ կլինիկական կիրառելիութիւնը՝ թոյլ տալով աւելի արդիւնաւէտօրէն յայտնաբերել Ալցհէյմերի հիւանդութիւնը:

Հարթակի աշխատանքի հիմքում ընկած են մեծ լեզւական մոդելների առաջաւոր տեխնոլոգիաները, որոնք ֆիքսում են տւեալների բարդ փոխազդեցութիւնները, ինչը մեծացնում է ախտորոշման ճշգրտութիւնը եւ թոյլ է տալիս աւելի ճշգրիտ կանխատեսել կոգնիտիւ գործառոյթների վիճակը: Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ համակարգը աջակցում է կլինիկական որոշումների կայացմանը եւ կարող է յարմարւել տարբեր տւեալներին:

Գիտնականների խօսքով՝ DEMENTIA հարթակը զգալի ներուժ ունի բնակչութեան ծերացման հետ կապւած որոշ խնդիրներ լուծելու համար։ Հետազօտողները նշել են, որ մշակումը կարող է օգտագործւել կլինիկական պրակտիկայում որպէս կոգնիտիւ ֆունկցիայի վատացման մոնիթորինգի գործիք՝ լրացնելով աւանդական ախտորոշման մեթոդները:

News.am

Related Articles

Back to top button