Այլ

Պարերը լիարժէք փոխարինում են վազքին եւ մարզումներին

ԱՄՆ Հիւսիսարեւելեան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացութեան, որ պարը կարող է նոյնքան արդիւնաւէտ լինել ֆիզիկական առողջութեան համար, որքան վազքը եւ այլ մարզումները: Նոյնիսկ եթէ պարզապէս շարժւում էք երաժշտութեան ռիթմով կամ առանց դրա, ձեր մարմինը ստանում է ֆիզիկական ակտիւութեան անհրաժեշտ չափաբաժինը: Աշխատանքը հրապարակւել է PLOS ONE ամսագրում:

Հետազօտողներին վաղուց յայտնի է, որ պարը բարենպաստ ազդեցութիւն ունի սրտի առողջութեան, հաւասարակշռութեան, ճկունութեան եւ յուզական վիճակի բարեկեցութեան վրայ: Բայց այս թեմայի վերաբերեալ հետազօտութիւնների մեծ մասը նախկինում կենտրոնացած էր որոշակի պարային ոճերի վրայ, ինչպիսին են բալետը կամ հիփ-հոփը: Այժմ գիտնականները որոշել են ուսումնասիրել, թէ որքանով են արդիւնաւէտ ազատ շարժումները, որոնք իւրաքանչիւր մարդ կարող է կատարել:

«Մենք մասնակիցներին թոյլ տւեցինք պարել այնպէս, ինչպէս ցանկանում են, եւ չափեցինք նրանց սրտի զարկերը, թթւածնի սպառումը եւ վարժութիւնների մակարդակը»,- նշել է հետազօտութեան առաջատար հեղինակ Ասթոն Մակքալոուն:

Փորձին մասնակցել է 18-83 տարեկան 50 մարդ՝ տարբեր մակարդակների մարզումներով, բացարձակ փորձից մինչեւ 56 տարւայ պարային փորձ: Նրանց խնդրել են հինգ րոպէ շարժւել միջինից ակտիւ տեմպով, երաժշտութեամբ կամ առանց դրա:

Արդիւնքները ցոյց են տւել, որ նոյնիսկ առանց երաժշտութեան պարը բաւականաչափ երաշխիքներ է տալիս ԱՄՆ առողջապահութեան նախարարութեան ուղեցոյցներին համապատասխանելու համար. պարն օգտագործում է նոյն քանակութեամբ էներգիա, ինչ միւս սրտային վարժութիւնները՝ օգնելով հասնել շաբաթական 150 րոպէ չափաւոր կամ 75 րոպէ եռանդուն ակտիւութեան: Միեւնոյն ժամանակ, երաժշտութիւնն ուժեղացնում է էֆեկտը։ Մարդիկ աւելի եռանդով են շարժւում, եթէ պարում են իրենց սիրելի մեղեդիների ներքոյ:

Հետազօտողները շեշտում են, որ պարը հասանելի է բոլորին. դրանով կարելի է զբաղւել ակումբում, տանը, նոյնիսկ աթոռին նստած։ Միակ բանը, որ կարեւոր է հաշւի առնել, անվտանգ տեղաշարժերի համար ազատ տարածութեան առկայութիւնն է:

«Պարտադիր չէ տնից դուրս գալ կամ մարզասրահ գնալ՝ պարելու օգուտները քաղելու համար»,- աւելացրել է Մակքալոուն։

Թէեւ պարերը մարզավիճակը պահպանելու հիանալի միջոց են, հետազօտողները յիշեցնում են, որ ուժային մարզումները, ինչպիսին են կշռաքարով մարզումները, նոյնպէս կարեւոր են առողջութեան համար: Որոշ պարային ոճեր, ինչպիսին է բրէյքդանսը, ներառում են ուժային մարզումների տարրեր, սակայն այս ոլորտում աւելի շատ ուսումնասիրութիւններ են անհրաժեշտ:

News.am

Related Articles

Back to top button