Դաշնակցական ԲեմՀայ Դատ

Մուրադ Փափազեան. «Աշխարհում գէթ մէկ հայ չկայ, որ կասկածի տակ կը դնի Ցեղասպանութիւնը՝ բացառութեամբ Փաշինեանի ու իր գործընկերների»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը Alpha News-ի հետ զրոյցում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի սկանդալային յայտարարութիւնները:

Յիշեցնենք, որ յունւարի 24-ին Շւէյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինեանը կասկածի տակ էր դրել Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան փաստը։

«Փաշինեանը գրեթէ 7 տարի ճիգեր է գործադրում տկարացնելու հայկական կողմին: Սա անհասկանալի է եւ պէտք է ասել, որ ինքը դա անում է փայլուն ձեւով՝ Հայաստանը, Սփիւռքը տկարացնելով այնպէս, ինչպէս արեց Արցախի դէպքում»,- ասել է Փափազեանն ու յիշեցրել, որ որոշ ժամանակ առաջ էլ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարեանն էր այդպիսի յայտարարութիւններ արել՝ կասկածի տակ առնելով 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգութիւնը:

«Յիշու՞մ էք՝ մի որոշ ժամանակ առաջ Անդրանիկ Քոչարեանը յայտարարեց, որ «մենք պէտք է հաշւենք զոհերի թիւը, կարող է 1,5 միլիոնից աւելի շատ է կամ քիչ»: Սա նշան էր, որ հարցականի տակ են դնում Հայոց Ցեղասպանութիւնը: Սա համաձայնեցւած քաղաքականութիւն է Էրդողանի հետ, ինչպէս Արցախի հարցն էր համաձայնեցւած Ալիեւի հետ»,- ընդգծել է ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Նա այս ամէն ինչին յաւելել է նաեւ Սահմանադրութեան ու Անկախութեան հռչակագրի հարցերը, որոնց փոփոխութեան մասին խօսում են միայն Ալիեւը, Էրդողանը, ապա նրանց յաջորդում է Փաշինեանը: Փափազեանի խօսքով՝ ամբողջ աշխարհում բացի Փաշինեանից ուրիշ հայ չկայ, որ կասկածի տակ կարող է դնել Հայոց Ցեղասպանութիւնը:

«Այս ընդհանուր յայտարարութիւններին կարող ենք աւելացնել նաեւ Սահմանադրութեան հարցը: Փաշինեանն ուզում է փոփոխութիւններ մտցնել Սահմանադրութեան մէջ: Երբ Փաշինեանը հարցականի տակ է դնում ու քննադատում Անկախութեան հռչակագիրը, երբ տեսնում ենք, որ Փաշինեանը չի պաշտպանում Հայաստանի սահմանները՝ 2021-ից ի վեր, Հայաստանի ինքնիշխան տարածքից ունենք օկուպացւած տարածքներ ու երբ տեսնում ենք, որ Փաշինեանը փորձում է տկարացնել հայկական Սփիւռքը, եզրակացնում ենք, որ հէնց դա է իր առաքելութիւնը: Աշխարհում գէթ մէկ հայ չկայ, որ հարցականի տակ կը դնի Ցեղասպանութիւնը, չկայ, չէք կարող գտնել այդպիսի մէկին՝ բացառութեամբ Փաշինեանի ու իր գործընկերների»,- եզրափակել է Մուրադ Փափազեանը:

Related Articles

Back to top button