ՆԱԽԱԳԱՀ ՓԵԶԵՇՔԻԱՆԸ ԵՒ ՊԵՏԱԿԱՆԱՄԷՏՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹԻՒՆԸ…
Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից
1. Իրանի նախագահական ընտրութիւններում աւելի քան 30 միլիոն քւէարկողի նժարը թեքւեց յօգուտ Փեզեշքիանի, ով իր անմիջական մրցակից Սաիդ Ջալիլիից շուրջ 3 միլիոն առաւել քւէ ստացաւ (յարաբերակցութիւնը մօտաւոր թւերով՝ 16/13 միլիոն, յօգուտ Փեզեշքիանի)։
2. Իրանի նորընտիր 9-րդ նախագահի ընտրութեամբ, ահա, կազմւելու է նոր՝ 14-րդ կառավարութիւնը, այսպէս ասած՝ բարեփոխական հոսանքի թեքումներ ունեցող պրն. Փեզեշքիանի գլխաւորութեամբ։ Ընդհանրապէս Իրանի 45-ամեայ Իսլ. համակարգի պատմութեան ընթացքում ընտրւած որեւիցէ նախագահ քաղաքական առումով չի առաջադրւել որեւէ կուսակցութեան կողմից, ինչն շատ ուրիշ երկրների պարագայում ընկալելի է որպէս օրինաչափութիւն։ Իրանի քաղաքական դաշտի ներկապնակում, սակայն, մշտապէս կուսակցական դրւածքի աւանդոյթը ոչ միայն կայացած, այլ նոյնիսկ ընդունելի չի համարւել հասարակայնութեան լայն խաւերի կողմից, որն նաեւ ունի իր պատմական հիմնաւորումները։ Այդուհանդերձ, Փեզեշքիանը ընկալւում է որպէս բարեփոխական հոսանքի ներկայացուցիչ, դեռ այն ժամանակւանից, երբ Խաթամիի կառավարութիւնում աշխատել է որպէս առողջապահութեան նախարար։
3. Պարզ է՝ այս ընտրութիւններում եւս, նա տւեալ հոսանքին յատուկ ա՜յն բառապաշարով ու կարգախօսքերով է հանդէս եկել, որոնք մշտապէս բարձրաձայնել է նոյնպէս Իսլ. մեջլիսում իր 5 նստաշրջան անընդմէջ պատգամաւորութեան ընթացքում։ Դէ, հիմա պէտք է սպասել ու տեսնել, թէ ժամանակին ընդդիմադիր Փեզեշքիանն որպէս օրէնսդիրի անդամ, այժմ որպէս գործադիրի գլխաւոր պատասխանատու, ինչքանով է յաջողելու իր պատկանած հոսանքի կարգախօսքերը կենսագործել…։
4. Իրանում կրօնապետական համակարգի իւրայատկութիւնը այնպիսի նրբերանգներով է օժտւած, որոնց անտեսումը չի ներւելու, առանց բացառութեան, որեւէ պահպանողական կամ բարեփոխական, աջ-ձախ թէ կենտրոն հոսանքի գործչի։ Եւ իրաւամբ՝ ինչպէս անցեալ չորսուկէս տասնամեայ փորձն է ապացուցում՝ համակարգի առանցքային օրինաչափութիւններից դոյզն իսկ շեղումը՝ ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական, թէ արտաքին քաղաքական ու անվտանգային ասպարէզներում, չի թոյլատրւելու նոյնիսկ բարձրաստիճան պատասխանատուի։
5. Այս օրինաչափութիւնից էլ զերծ չի կարող լինել պրն. Փեզեշքիանը։ Ուստի իր պոպուլիստական առաջադրանքների կենսագործման երաշխիքը կայանալու է նրանում, որ հետապնդւելիք մարտավարական քայլերը համահունչ լինեն ընդհանուր՝ պետական համակարգի ռազմավարական ու նպատակային առաջադրանքներին ու օրինաչափութիւններին։
6. Այսպէս, ուրեմն, նորընտիր նախագահն ծանրակշիռ պարտաւորութեան տակ է՝ համբերատար ժողովրդական ու հասարակական լայն խաւերի հիմնական պահանջը հանդիսացող սոցեալ-տնտեսական արդարութիւնը զօրեղ հիմքերի վրայ դնելու առումով։ Վերջին տարիների սանձարձակ կոռուպցիան արմատախիլ անելը, ինչպէս ինքն որպէս նախընտրական կարգախօսք մատուցում էր ժողովրդին, երեւի լինելու է իր ներքին ճակատի հիմնական մարտահրաւէրը։ Այս խնդրում նա մեծագոյն ջանքեր պէտք է ի գործ դնի եռեակ ուժերի՝ գործադիր, օրէնսդիր ու դատական ատեանների համադիր քայլերի յաջողութիւնը ապահովելու համար։ Այս մարտահրաւէրը յաղթահարելը, արդիւնաւորելու է ներքին ճակատում միւս վիթխարի բնագաւառներում (կրթական, առողջապահական, գործազրկութեան, երիտասարդութեան հարցերի եւ այլն…) համարժէք օրէնքների բանեցմամբ՝ համապատասխան մարտահրաւէրների նպատակային դիմագրաւմամբ։ Ներքին ճակատում յաջողութիւնների գրաւականը, ըստ պրն. Փեզեշքիանի, մասնագէտ ու բանիմաց ուժերի եւ կադրերի ներգրաւումն է՝ համապատասխան ոլորտներում։
7. Գալով արտաքին ճակատի կամ արտաքին քաղաքականութեան կրկնակի ծանրակշիռ հանգամանքներին, պէտք է ասել, որ նորընտիր նախագահի դերակատարութիւնն անխուսափելիօրէն համադրւում եւ ինչու ոչ՝ ուղղորդւում է գերագոյն առաջնորդի՝ այաթ. Խամենէիի գլխաւորութեամբ։ Այս համատեքստում դարձեալ մարտավարական հիմունքներն ու գործունէութիւնները վերապահւած լինելով նախագահական ինստիտուտին ու տւեալ նախարարութեանը, բայցեւայնպէս՝ յար եւ նման նախորդ տասնամեակների՝ ռազմավարական-նպատակային կողմնորոշումները գտնւում են գերագոյն առաջնորդի («Վելայաթէ ֆաղիհ»)-ի ինստիտուտի տիրոյթում. լինի դա միջուկային թղթածրարը, թէ՛ ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների կարգաւորումն ու շրջանային-միջազգային տարատեսակ դիւանագիտական ու քաղաքական առաջնահերթութիւնները։
8. Իրանի Իսլ. Հանրապետութեան գոյատեւման գրաւականները մշտապէս ու աներկբայօրէն կայացել են կրօնապետական համատեքստում իսկ՝ ազգային ու պետական շահերի գիտակցմամբ։ Պետականամէտութիւնն, արդէն աւելի քան 2500-ամեայ աւանդոյթ ու հիմնասիւն է համարւում բարձր քաղաքակրթութեամբ օժտւած իրանական ժողովրդի գիտակցութեան մէջ, որն ասոցացւած է արդէն իր կրօնական հաւատամքի հետ։
Նոյն քաղաքակրթութիւնն էլ, բնականաբար, բացառում է ըստ ամենայնի էթնիկական կամ այս ու այն հոսանքի գերագնահատման հանգամանքը, յատկապէս, երբ Իրանական երկրի մեծագոյն հարստութիւնն ու ռեսուրսն է համարւում բազմամշակութային եւ բազմալեզւային թէեւ տեսակարար, բայց հաւաքական ու ամբողջական պետականութեան եւ հայրենիքի պահպանումն ու հզօրացումը։
Իրանահայն էլ, որպէս հինաւուրց ու անբաժան մասնիկը նոյն հաւաքականութեան, լիայոյս է, որ նորընտիր նախագահն իրեն քւէարկած ու չքւէարկած իրանցու պետական ու համընդհանուր շահերին համահունչ՝ ի զօրու կը լինի նոր յաղթանակներ արձանագրել՝ պաշտօնավարման ծանրակշիռ պատասխանատւութեան ժամանակաշրջանում։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու