Դաշնակցական ԲեմՀայ ԴատՀայաստան - ԱրցախՔաղաքական
Սահմանազատման կանոնակարգը հիմքեր է ստեղծում հետագայ միակողմանի զիջումների համար
ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
Հայաստանի կառավարութիւնը Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ)՝ Սահմանադրութեանը վերջինիս համապատասխանութիւնը որոշելու համար։
Անհրաժեշտ է ընդգծել․
- Որպէս պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք յայտարարւած 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը չի նկարագրում ԱՊՀ-ին անդամակցող երկրների սահմանները, չի պարունակում Խորհրդային նախկին հանրապետութիւնների վարչական սահմաններին վերաբերող որեւէ յղում: Իբրեւ փաստարկ բերւող այն հանգամանքը, որ սոյն հռչակագրով կողմերը ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը, էական չէ, քանի որ այս սկզբունքն ամրագրւած է թէ՛ ՄԱԿ կանոնադրութիւնում, թէ՛ ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում եւ այլ միջազգային հիմնարար իրաւական փաստաթղթերում, որոնց կողմ են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը: Սակայն այս պարտաւորութեան ստանձնումը որեւէ կերպ չի կաշկանդել Ադրբեջանին ներխուժել Հայաստանի Հանրապետութեան տարածք: Հետեւաբար, Ալմա Աթայի հռչակագրի յիշատակումը որեւէ կերպ չի զսպում ադրբեջանական ագրեսիան: Առաւել եւս, երբ կանոնակարգը նախատեսում է ապագայում հիմնարար սկզբունքի փոփոխականութեան հնարաւորութիւն:
- Կանոնակարգում առկայ են ձեւակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար։ Մասնաւորապէս՝ սահմանի հատւածական սահմանազատումը, վէճերի լուծման կարգի բացակայութիւնը եւ այլն։
- ՀՀ իշխանութիւնները պնդում են, որ սահմանազատման հիմք է ծառայում ԽՍՀՄ ԶՈՒ գլխաւոր շտաբի 1976-78 թթ․ կազմւած եւ 1979 թ․ հերթապահութեան անցած քարտէզը, որով ուրւագծւում էին ԽՍՀՄ միութենական հանրապետութիւնների վարչական այն սահմանները, որոնք հանդիսացել են «Խորհրդային Միութեան փլուզման պահի դրութեամբ գոյութիւն ունեցող իրաւաբանօրէն հիմնաւորւած միջհանրապետական սահման»։ Սակայն Կանոնակարգի տեքստում այդ քարտէզին որեւէ յղում չկայ։
Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն արձանագրում է․
- Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ միջպետական սահմանի սահմանազատման համար ելակէտային սահմանը, այսինքն՝ այն աշխարհագրական ուրւագիծը (սահմանը), որը ներպարփակում է Հայաստանի Հանրապետութեան տարածքը, պէտք է յստակ սահմանւած եւ նկարագրւած լինի ՀՀ օրէնսդրութեամբ։ Սահմանազատման արդիւնքում այդ ուրւագծի փոփոխութիւնը ենթակայ է հաստատման հանրաքւէի միջոցով։ Հակառակ դէպքում Կանոնակարգը ենթակայ է հանրաքւէով հաստատման:
- Սահմանազատման հիմնարար սկզբունքները պէտք է գործեն սահմանի իւրաքանչիւր հատւածի համար։ Այլապէս՝ սահմանի իւրաքանչիւր հատւածում Ադրբեջանը կարող է պարտադրել այնպիսի կամայական «հիմքեր», որոնք բացառապէս կը ծառայեն ադրբեջանական շահերին։
- Սահմանազատման ժամանակ պէտք է գործի «ոչինչ համաձայնեցւած չէ, եթէ ամէն ինչ համաձայնեցւած չէ սկզբունքը»։ Այսինքն՝ որեւէ հատւածի սահմանազատում չի կարող վերջնական համարւել, քանի դեռ չի նկարագրւել ամբողջ սահմանը:
- Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնութիւնները որպէս պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու նպատակով՝ յստակ պէտք է նշւի, թէ ինչպէս են կարգաւորւելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վէճերը։
- Կանոնակարգն անտեսում է Ադրբեջանի շահերից չբխող միջազգային լաւագոյն փորձը, անտեսւում են այն իրաւական հիմքերը, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետութեան տարածքային շահերը: Կանոնակարգը հիմքեր է ստեղծում հետագայ միակողմանի զիջումների համար:
Առ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հակասահմանադրական է համարում նման փաստթղթի գոյութիւնը, եւ հետեւաբար այն ենթակայ չէ Ազգային ժողովի կողմից ընդունման:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
24.09.2024թ.