Չեմ պատրաստւում գործիք դառնալ որեւէ մէկի ձեռքում
Լուսինէ Թովմասեանը լքում է Հ1-ը

Հեռուստահաղորդավարուհի Լուսինէ Թովմասեանը ինստագրամեան իր էջում գրում է.
«Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցութիւնս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութեան հետ եւ լուծել գործող պայմանագիրս։
Հեռուստաընկերութեան ղեկավարը յանձնարարեց ինձ փոխարինել մէկ այլ հաղորդավարով այն հաղորդման մէջ, որի առաջին թողարկումն արդէն նկարահանւած էր։ Պատճառը՝ աշխարհի ամենայայտնի դասական երաժիշտներից մէկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրաւիրւած պետական միջոցներով, ինչպէս նաեւ Սերգէյ Սմբատեանի հետ իմ իրականացրած հարցազրոյցը, որը նախատեսւում էր հրապարակւել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որեւէ կէտ չկայ։
Ակնյայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական յարաբերութիւնների շրջանակից եւ պայմանաւորւած էր անձնական փոխյարաբերութիւններով։
Այսպիսով՝ չեմ պատրաստւում գործիք դառնալ որեւէ մէկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։
Յաւելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Յովհաննէս Մովսիսեանը անձամբ է ինձ յայտնել հէնց այս պատճառաբանութիւնը։
Յատկանշական է, կամ գուցէ պարադոքսալ, որ համերգը նկարահանւել է հէնց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութեան պատւէրով եւ ստեղծագործական անձնակազմով։
Ես միշտ զերծ եմ մնացել խաղատներ ու վնասակար սովորութիւններ գովազդելուց, մրցակցային դաշտում գտնւող այլ հեռուստաընկերութիւնների հետ համագործակցելուց, քաղաքական որեւէ գործընթացի մասնակցելուց, եւ դա եղել է իմ անձնական որոշումը։ Փոխարէնը՝ միշտ սիրով ընդունել եմ այն մասնագիտական առաջարկները, որոնք մշակութային են եւ ինձ համար հետաքրքիր։ Իմ այս իրաւունքը սահմանափակելն անընդունելի եմ համարում։
Շնորհակալութիւն Առաջին Ալիքում աշխատող իմ գործընկերներին՝ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցութեան համար։ Յոյս ունեմ՝ մի օր կը հանդիպենք արդար աշխատանքային մթնոլորտում։
Առաջին Ալիքը շարունակելու է մնալ իմ տունը, եւ թէեւ այս պահին հեռանում եմ, բայց տունդարձի ճամփան չեմ մոռանալու։ Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ միւսներին՝ ներում՝ յուսալով, որ լաւ չեն հասկանում, թէ ինչ են անում»։



