ԻրանՔաղաքական

Արաղչի. «Մենք չենք պատերազմ ցանկացողը, ԱՄՆ-ն է, որ  վստահելի չէ»

«ԱԼԻՔ» – «Ալ-Ջազիրա»-ին տւած հարցազրոյցում ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում եւ խնդիրների լուծման միակ ճանապարհը տեսնում է դիւանագիտութեան մէջ, միեւնոյն ժամանակ շեշտելով, որ ԱՄՆ-ն երբեւէ չի եղել վստահելի կողմ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ երեկոյեան հրապարակւած հարցազրոյցում, անդրադառնալով 12-օրեայ պատերազմի հարցին, Արաղչին նշել է, որ Իսրայէլի կողմից հնարաւոր նոր յարձակման մասին լուրերը հիմնականում հոգեբանական պատերազմի բաղադրիչ են՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտ ստեղծել երկրում։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Իրանը չի անտեսում պատերազմի հնարաւորութիւնը եւ լիովին պատրաստ է դրան․ «ԶՈՒ-ն եւ ժողովուրդը պատրաստ են պաշտպանել երկիրը ցանկացած պայմաններում»,- նշել է ԱԳ նախարարը։

«Մենք պատերազմ չենք ցանկանում: Մեր ուզածը խնդիրների լուծումն է՝ դիւանագիտական ճանապարհով»,- ասել է նախարարը՝ աւելացնելով, որ ռմբակոծումներով կարելի է ոչնչացնել շէնքեր եւ սարքաւորումներ, սակայն անհնար է ոչնչացնել գիտութիւնը, տեխնոլոգիական փորձը եւ, յատկապէս, ժողովրդի կամքը։

Արաղչին յիշեցրել է, որ տարիներ շարունակ Իրանի նկատմամբ կիրառւած պատժամիջոցները չեն լուծել որեւէ խնդիր, եւ գոյութիւն ունի միայն մէկ իրական ելք՝ բանակցային ու դիւանագիտական պատուհանը։

ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների վերաբերեալ նա նշել է. «Մենք երբեք Ամերիկային չենք վստահել որպէս ազնիւ բանակցողի։ ԱՄՆ-ն որեւէ հարցում ազնիւ չի եղել, եւ կարծում եմ՝ ոչ ոք չի կարող նրան վստահել, սակայն դա չի կարող խոչընդոտել դիւանագիտութեան ընտրութեանը»։

Եզրափակելով՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանի դիրքն ու հզօրութիւնը կախւած են իր ժողովրդից եւ կոչ է արել ԱՄՆ-ին յարգել Իրանի ժողովրդին ու այն համակարգը, որը ժողովուրդի ընտրութեան արդիւնք է։

Related Articles

Back to top button