ԱտրպատականՀամայնքՀայ Դատ

Կրկնւո՞ւմ է պատմութիւնը

Թշնամու երկարաշունչ համբերութիւնը պոռթկաց աւելի քան հարիւր տարիներ անց, երբ մեր հայրենիքի մի անբաժանելի մասի բնիկ ժողովուրդը, իր դարաւոր հողից վտա­րանդի եղաւ: Ճիշտ է, սոյն աքսորը անմարդա­բնակ անապատներ չքշեց արցախահայութ­եանը, սակայն մարեց հայրենի ծուխն ծխանի, չորացաւ դաշտն ու այգին, սեւ մուրը քսւեց ինքնիշխան պետութեան ճակատին, կապկպեց դաստակները ինքնավար մարզի հրամանագ­րերը ստորագրող ձեռքերի եւ գերեվարեց ղե­կավարները հպարտ լեռնցիների:

Այո՛, կրկնւում է պատմութիւնը…

Դեր Զորի անապատներում դեռեւս չի՛ լերդացել արիւնը մէկուկէս միլիոնին, եւ մինչեւ այսօր քրդերի լակոտները պարկերով վաճառ­քի են դնում իրենց կողմից յայտնաբերւած ա­ճիւնները մեր նախնիների, հրապուրելով հայ ուխտաւորներին, որոնք ծնրադրելու են գնում Դեր Զորի անապատը… իսկ այսօր՝ հաւաքելու ենք բռնագրաւեալ տարածքներում սրբապղծւող գերեզմանատներից արեւի լոյսին հանւող աճիւնները մեր նախնեաց, ջարդւած ու մանրւած խաչքարերի մասունքների հետ միասին…: Ո՞վ է հաւաքելու դրանք. բոլորը ոտքի կոխան են դառնում, որովհետեւ անգութ է պատմութիւնը հա­յի նկատմամբ:

Այո՛, կրկնւում է պատմութիւնը…

Այնպէս ինչպէս հարիւր տարիներ առաջ լուռ մնաց աշխարհը, յատկապէս ինք իրեն քաղաքակիրթ համարող երկրներով, նոյնպէս եւ այսօր, զարգացած դա­րում, մարդկային իրաւանց երկրպագու աշխարհամասերով, բացարձակ լռութիւն է պահպանում մարդկութիւնը, վկայ հանդիսանալով պատմութեան կրկնութեան: Հա­յոց Ցեղասպանութեան ականատես դարձած պետութիւնները, որոնք ձեռնածալ դի­տում, իսկ լաւագոյն դէպքում լուսանկարում եւ տեսագրում էին 1915 թւի կո­տո­րածները, նոր օրերին նոյն սառնասրտութեամբ հեռուստաալիքների պաս­տառ­­նե­րից հետեւեցին կա­տարւածին, հարկ եղած դէպքում անջատելով հեռուս­տա­ցոյ­ցը, կամ փոխելով ալի­քը…:

Այո՛, կրկնւում է պատմութիւնը…

Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած եւ ընդունած երկրների ցուցաբերած անտարբերութիւնը եւս, կրկնողութիւնն է պատմութեան: Առաջինի ընդունումը եւ իբրեւ ցեղասպանութիւն հաստատումը, ըստ ընդունւած միջազգային բանաձեւե­րի, կանխելու էր դրա կրկնողութիւնը յառաջիկայ պատմութեան ընթացքում. սա­կայն այդպէս չեղաւ եւ քաղաքակիրթ աշխարհի կատարած հաշիւները սխալ դուրս եկան: Համայն աշ­խարհի լռակեցութեան մասնակից դարձան եւ այն երկրները, ո­րոնք ընդունել էին Հայոց Ցեղասպանութիւնը…: Ուրեմն, ինչո՞ւ այսքան աշխա­տանք, Հայ Դատի հե­տապնդման այսքան երկար ու հոգեհան ուղի, տքնաջան գործ, երբ անվստահելի ու քաղաքական պոռնկութիւն ցուցաբերող պետութիւն­ներով ենք շրջապատւած:

Այո՛, կրկնւում է պատմութիւնը…

Վերի եւ ցածի արտերի «ցորենների» տարբերութիւնը միշտ ընդգծւում է ան­արդար ու սուտ աշխարհի ղեկավարութեան կողմից: Ամիսների վրայ երկարող կո­տորածը Գազայում, որտեղ հազարաւոր անմեղ երեխաներ են ջարդւում օրական դրութեամբ, չի հետաքրքրում քաղաքակիրթ երկրների բնակիչներին, որոնք իրենց հիւանդ շան կամ կատւի առողջութեամբ շատ աւելի են մտահոգ եւ հետեւում դրա բժշկութեան փուլերին, քան տառապող երկրներում գետնաքարշ եղող երեխաների իրավիճակին: Նոյն անձերը յանկարծ դուրս են գալիս իրենց գրասենեակներից եւ մարդկային իրաւանց պաշտպանի շքեղ ու պերճապաճոյճ տարազաւորումով հրա­պարակների վրայ ճառեր են արտասանում…:

Այո՛, կրկնւում է պատմութիւնը…

Դաժան, բայց՝ իրաւ, կրկնւում է մեր պատմութիւնը: 1915-ի աքսորական հայ ժողովուրդը Սիրիայի փոշոտ քաղաքներում եւ Լիբանանի գեղածիծաղ ափերում վերընձիւղւեց, մահից կեանք անցաւ սեփական ճիգով, իր բոսոր արեան միախառ­նելով ճակատի քրտին­քը: «Աշխատասէր հայերը» փառքի տիտղոսին արժանացան մեր նախնիք արաբ ժողովրդի կողմից, հաւասարապէս մուսուլմաններից եւ քրիս­տոնեաներից ընդունելով աշխատասիրութեան փառքի պսակը: Մահից կեանք անց­նելու վարժութիւնը 1915 թւին ձեռք բերած մեր ժողովուրդը, նոյն միջոցը կիրառեց նաեւ 21-րդ դարում, ապտակ իջեցնելով ինք իրեն քաղաքակիրթ համարող աշ­խար­­հի անիրաւ պե­տութիւնների երեսին:

Այո՛, կրկնւում է պատմութիւնը…

Թշնամին չի՛ հանգստացել: Ինչպէս առածը ասում է, «սատանան չի՛ քնում»: Նա ո՛չ մի առիթ բաց չի՛ թողնելու, պատմութեան կրկնողութիւնը ապահովելու, ո­րով­հետեւ նա չի յագեցել հայի արիւնից: Կարեւորը այն է, որ մենք պատրա՞ստ ենք դիմակայելու թշնամուն: Նրա ոյժի հետ չափւելու միակ կերպը, մեր միասնականու­թիւնն է: Ահա մարտահրաւէրը հայի առջեւ ծառացած:

Յարգա՜նք համայն նահատակաց եւ գիտակցութի՜ւն հայորդեաց:

 

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

 

24 Ապրիլ, 2024

Տօն Սրբոց Նահատակացն Ազգիս Հայոց

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Related Articles

Back to top button