ՀամայնքՆոր Ջուղա

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ Սպահանի նահանգապետի այցը Սպահանի հայոց թեմի առաջնորդարան եւ հայոց ազգային դպրոցներ

Չորեքշաբթի՝ դեկտեմերի 25-ի առաւօտեան, Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադն ու իրեն ընկերակցող պատւիրակութիւնը ներկայ գտնւեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն, ուր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի միջոցով հոգեհանգստեան կարգ իրականացւեց՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի առջեւ: Կարգին ներկայ էին նաեւ՝ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետերը՝ Նոէլ Մինասեանը, Վարուժ Մինասեանը եւ Զաւէն Սիմոնեանը, ինչպէս նաեւ այլ ազգայիններ եւ հայ նահատակների ընտանիքները:

Պատւիրակութեան մաս էին կազմում՝ Սպահանի քաղաքապետ պրն. Ղասեմզադէն, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսուչ պրն. Սէյէդիննիան, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսուչ պրն. Անսարիփուրը, նահանգում արտաքին գործոց նախարարութեան ներկայացուցչութեան տնօրէն պրն. Դոլաթեարը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Քարգարը եւ պետական բարձրաստիճան այլ պաշտօնատարներ՝ նահանգապետարանից, կրթադաստիարակչութեան եւ Իսլամական մշակոյթի ու առաջնորդութեան գերատեսչութիւններից:

Այնուհետեւ բարձրաստիճան պաշտօնատարներն այցելեցին նաեւ կինոռեժիսոր Զաւէն Ղուկասեանի շիրիմին, որից յետոյ  Ամանորի առթիւ քաղաքավարական այցելութեամբ ներկայ գտնւեցին Ս. Ամենափրկիչ վանքում, ուր Ծաղկեայ դահլիճի մուտքի մօտ հիւրերին դիմաւորեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը:

Դահլիճում պետական հիւրերի եւ թեմիս ազգային մարմինների ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման ընթացքում նախ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորանքի խօսք ասաց պրն. Ջամալինեժադին՝ Սպահանի նահանգապետ նշանակւելու կապակցութեամբ, ապա բոլոր այցելուներին մաղթեց նորանոր յաջողութիւններ եւ յոյս յայտնեց, որ ինչպէս միշտ աշխատանքները կիրականացւեն համագործակցութեան բարձր զգացումի ներքոյ:

Սրբազան Հայրն աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ առաւել չափով ուժ եւ տոկունութիւն շնորհի Իրանի պետական պաշտօնատարներին, որպէսզի հակառակ թշնամիների սադրիչ գործողութիւններին, ինչպէս միշտ լաւագոյնը կարողանան իրագործել յանուն երկրի ու ժողովրդի վերելքի ու զարգացման: 

Նահանգապետն էլ իր հերթին շեշտելով, որ Սպահանի ինքնութեան մի բաժինը հէնց տեղի հայ համայնքն է, որն իր անժխտելի դերակատարութիւնն է ունեցել քաղաքի զարգացման գործում, յոյս յայտնեց, որ առկայ ազգային միասնութեան շնորհիւ, բոլոր մակարդակներում տնօրէնութիւնները լծւեն նահանգի բարգաւաճման գործին, իսկ հայ համայնքը բազմաթիւ բնագաւառներում, ի մասնաւորի զբօսաշրջութեան զարգացման ոլորտում իր առանցքային դերակատարութեանը զուգահեռ, ակտիւ համագործակցութիւն ցուցաբերի նաեւ խելացի բանականութեան եւ վերականգնւող  էներգիայի ասպարէզներում լայնածաւալ աշխատանքների իրականացման գործերում:

Շարունակութեան մէջ տօնական մաղթանքներ եւ շնորհաւորանքներ, ինչպէս նաեւ ջերմ զրոյցներ հնչեցին ներկաների կողմից:

Այստեղ առաջնորդարանի կողմից բոլոր հիւրերին նւիրւեցին յուշանւէրներ, իսկ նահանգապետը փոխադարձաբար յուշանւէր յանձնեց Առաջնորդ Սրբազան Հօրը:

Այնուհետեւ ազգային մարմինների պատւիրակութեան ուղեկցութեամբ նահանգապետն ու պետական միւս պաշտօնատարներն այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ, որտեղ այցելուներին դիմաւորեցին դպրոցների տնօրէնները: Նահանգապետն այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական դպրոցի երկու դասարաններ, ուր տօնական մաղթանքներ փոխանցեց աշակերտներին եւ յուշանւէրներ յանձնեց նրանց, ապա հիւրերին բարիգալստեան խօսք ասաց «Արմէն» տարրական դպրոցի տնօրէն Արսինէ Դաւթեանը, իսկ պրն. Ջամալինեժադը յուշանւէր յանձնեց բոլոր տնօրէններին եւ  Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանին:

Նահանգապետի այցելութիւնն աւարտւեց հայոց ազգ. կրթահամալիրի բակում խմբական լուսանկարմամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button