Քաղաքական

Ալիեւները Լոնդոնում հարիւրաւոր միլիոն դոլարներ արժողութեամբ բազմաթիւ շէնքերի սեփականատէր են

Կազմակերպւած յանցաւորութեան եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թւականին նախագահ Իլհամ Ալիեւին ընտրել էր իր առաջին «Տարւայ մարդ մրցանակակիրը, որը շնորհւում է այն անհատին կամ հաստատութեանը, որն ամենաշատն է նպաստել կազմակերպւած յանցաւոր գործունէութեան եւ կոռուպցիայի առաջխաղացմանն աշխարհում»:

OCCRP-ը հետաքննող լրագրողների համաշխարհային ցանց է, որն աւելի քան մէկ տասնամեակ բացայայտում է Ալիեւի ընտանիքի եւ նրա մերձաւորների կողմից պետական միջոցների իւրացումը՝ արտասահմանում անշարժ գոյք գնելու համար:

Թէեւ կան բազմաթիւ խմբեր, որոնք ահազանգում են Ադրբեջանի կողմից լրագրողների, ընդդիմութեան անդամների եւ իրաւապաշտպանների բանտարկութեան մասին, սակայն OCCRP-ն այն հազւագիւտ խմբերից է, որը փաստագրել է Ալիեւների կլանի կողմից Լոնդոնի սրտում թանկարժէք անշարժ գոյքի գաղտնի ձեռքբերումները: Այս կալւածքներից շատերը թաքնւած են արտասահմանեան օֆշորային կազմակերպութիւնների յետեւում, ինչը դժւարացնում է գոյքի իսկական սեփականատերերի յայտնաբերումը:

Սակայն, 2022 թւականին բրիտանական կառավարութեան ընդունած նոր օրէնքներն օգնում են բացայայտել այդ անշարժ գոյքերից մի քանիսի սեփականատէրերին: «Լոնդոնեան շքեղ կալւածքները, որոնք կապւած են Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ, թաքնւած են օֆշորային կազմակեպութեան յետեւում» վերնագրով յօդւածում OCCRP-ից Ջէյմզ Օ’Բրայէնն այս ամիս տեղեկացրել է, որ Ալիեւների ընտանիքը «հարիւրաւոր միլիոն դոլարներ արժողութեամբ բրիտանական անշարժ գոյք է ձեռք բերել»։ Յօդւածում ասւում է. «Նոր հասանելի տւեալները ցոյց են տալիս, որ Ալիեւի դուստրերը Լոնդոնում վեց շքեղ բնակարանների սեփականատեր են։ Սակայն ընտանիքի կողմից 160 միլիոն դոլարով ձեռք բերւած 10 [այլ] գոյքի ներկայիս սեփականատերը մնում է անյայտ, քանի որ փոխանցումները կատարւել են օֆշորային կազմակերպութեան կողմից։ Ներկայումս այդ կազմակերպութեան կառոյցներն ազատւած են հանրային վերահսկողութիւնից»:

OCCRP-ն յայտնել է, որ Ալիեւները Լոնդոնում ունեն «Հիւրանոցային շէնք՝ Բրիտանական թանգարանի մօտ, պենտհաուսներ՝ Հայդ Պարկից ընդամէնը մի քանի քայլ հեռաւորութեան վրայ, առանձնատուն՝ Հեմփսթեդ Հիթի կանաչ տարածքների տեսարանով եւ այլն: 2021 թւականին OCCRP-ը բացայայտել է, որ 700 միլիոն դոլար արժողութեամբ լոնդոնեան անշարժ գոյքի հաւաքածուն ձեռք է բերւել Ադրբեջանի երկարամեայ բռնակալ նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի եւ մերձաւորների կողմից: Երկու տասնամեակների անվիճելի քաղաքական իշխանութիւնը վերածելով հսկայական հարստութեան՝ այս էլիտար խումբը որոշել էր հարստութիւնը ծախսել ժողովրդավարական աշխարհի ֆինանսական  կենտրոններից մէկում: Նրանց ձեռք բերած գոյքը տասնեակ գաղտնի օֆշորային ընկերութիւնների սեփականութիւնն էր՝ թաքցւած հասարակութեան վերահսկողութիւնից: Միայն Pandora Papers-ի՝ յետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից ձեռք բերւած գաղտնի օֆշորային փաստաթղթերի արտահոսքի շնորհիւ, լրագրողները կարողացան դրանք կապել Ալիեւների հետ»:

OCCRP-ն տեղեկացրել է, որ «համագործակցել է Մեծ Բրիտանիայի Transparency International կազմակերպութեան հակակոռուպցիոն քարոզչական խմբի հետազօտողների հետ՝ վերանայելու Լոնդոնի 23 գոյքը, որոնք մեր նախկին հետաքննութիւնը կապում էր Ալիեւների հետ»: Նրանք պարզել են, որ «նախագահ Ալիեւի դուստրերը՝ Լէյլա եւ Արզու Ալիեւաները, անձամբ ունեն վեց շքեղ բնակարան Հայդ Պարկի անմիջական հարեւանութեամբ։ Սակայն [Օտարերկրեայ կազմակերպութիւնների գրանցամատեանում] չի նշւում, թէ ում է ի վերջոյ պատկանում 10 անշարժ գոյքը, որն Ալիեւներն ու նրանց մերձաւորները ձեռք են բերել 160 միլիոն դոլարով. առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու թաունհաուս, բազմաթիւ բնակարաններ եւ պենտհաուսներ, ինչպէս նաեւ վեց յարկանի շէնք Կենտրոնական Լոնդոնում։ Այն միայն բացայայտում է, որ դրանք պատկանում են Մեն կղզում գրանցւած կազմակերպութեանը:

Ալիեւի գրասենեակը «չի պատասխանել [OCCRP-ի] հարցումներին, սակայն նախագահ Ալիեւը նախկինում իր հարստութիւնը վերագրել էր բիզնեսում ունեցած յաջողութիւններին»:

OCCRP-ը յայտնել է, որ 2021 թ. Ալիեւը իր նախագահական կայքում «ընդունել է, որ ինքը «աղքատ մարդ չէր», երբ դարձաւ նախագահ, սակայն ասել է, որ դա պայմանաւորւած է իր բիզնեսի ձեռքբերումներով։ (Ադրբեջանի անկախացումից յետոյ առաջին ղեկավարի որդին՝ Ալիեւը, զբաղեցրել է Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան փոխնախագահի պաշտօնը՝ նախքան 2003 թւականին նախագահի պաշտօնում իր հօրը փոխարինելը): «Ի տարբերութիւն Արեւմուտքի որոշ այլ մարդկանց, որոնք իրենց ողջ հարստութիւնը նւիրաբերում են իրենց կատուներին ու շներին, Իտալիայում եւ Ադրբեջանում մենք կարեւորում ենք ընտանեկան արժէքները», ասաց նա այն ժամանակ: «Ուստի, ես իմ ամբողջ բիզնեսը փոխանցել եմ երեխաներիս»։

2015 թւականին OCCRP-ը յայտնել էր, որ «Լէյլա Ալիեւան՝ Ադրբեջանի նախագահի այն ժամանակ 29-ամեայ աւագ դուստրը, բրիտանական ընկերութեան տնօրէններից մէկն էր, որը կառավարում էր աւելի քան 33 միլիոն դոլար արժողութեամբ [հինգ յարկանի շքեղ] շէնքը»։

Թէեւ կազմակերպութիւնը թաքցնում է Լոնդոնի 10 բարձրակարգ գոյքի սեփականատիրոջը, դրանցից իննը «Օտարերկրեայ կազմակերպութիւնների գրանցամատեանում նշւած է նոյն անձի անունով, որն ունի «զգալի ազդեցութիւն կամ վերահսկողութիւն» օֆշորային ընկերութիւնների վրայ, որոնց սեփականատէրն է՝ Միր Փաշաեւը …․նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ զարմիկը։ 54-ամեայ բանկիրը սերտօրէն կապւած է Ալիեւների ընտանեկան բիզնես շահերի հետ։ Նա խոշոր վարկատու «Փաշա բանկի» խորհրդի նախագահն է, որը պատկանում է նախագահի դուստրերին՝ Լէյլային եւ Արզուին, եւ նրանց ամբողջ «Փաշա հոլդինգ» բիզնես կոնգլոմերատի տնօրէնների խորհրդի փոխնախագահը, որը ներառում է բանկային, ապահովագրական եւ շինարարական ոլորտների շահերը»: OCCRP-ն յայտնել է, որ «2014 թւականի հոկտեմբերին նա [Փաշաեւը] Լէյլա Ալիեւայից ստանձնել է այն ընկերութեան տնօրէնութիւնը, որը կառավարում է նրա առանձնատունը Լոնդոնի «Սփիքերս Քորներում»»:

Նախագահ Ալիեւի մշտական սպառնալիքները՝ յարձակւելու Հայաստանի վրայ, եթէ վարչապետ Նիկոլ Փաշինեանը չհամաձայնի գնալ զիջումների, նպատակ ունեն շեղել ուշադրութիւնը Ալիեւի կողմից մարդու իրաւունքների խախտումներից եւ Ադրբեջանի պետական միջոցների իւրացումից, ինչը նրա քաղաքացիներին զրկում է երկրի միլիարդաւոր դոլարների նաւթի ու գազի եկամուտներից։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button