Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պաթոլոգիկ արցախատեացը

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

Ստի, կեղծիքի, տառապանքի, մահւան, դժբախտութեան, հայրենազրկման խորհրդանիշը 2024 թ. դեկտեմբերի 23-ին հանդէս է եկել հետեւեալ յայտարարութեամբ. «1994 թւականից ի վեր, այսինքն հրադադարից յետոյ, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակութիւն բանակցային գործընթացը չի ունեցել:»:

Մէջբերումից ակնյայտ է դառնում, որ մէջբերման հեղինակն էլեմենտար պատկերացում չունի հակամարտութեան բովանդակութիւնը կազմող հասկացութիւնների մասին, հակառակ պարագայում ձեռնպահ Կը մնար «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» ձեւակերպումից: 

Անժխտելի փաստեր են, որ՝

  • Լեռնային Արցախը երբեւէ, որեւէ կարգավիճակով չի գտնւել «Ադրբեջան» անունով անկախ պետութեան կազմում:
  • 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան յեղափոխական կոմիտէի որոշմամբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան մաս համարւած եւ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921 թ. յունիսի 12-ին ընդունած դեկրետի համաձայն Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի կովկասեան բիւրոյի՝ տարածքային հարցեր լուծելու իրաւունք չունեցող երրորդ երկրի կուսակցական մարմնի չքննարկւած եւ քւէարկութեան չդրւած, այսինքն՝ ըստ էութեան չընդունւած, անօրինական որոշմամբ, 1921 թ. յուլիսի 5-ին բռնակցւել է Խորհրդային Ադրբեջանին՝ առանց հաշւի առնելու Արցախի հայութեան կամքը։

Չնայած այս անառարկելի փաստերին, մէջբերման հեղինակի գիտակցութեան մէջ արմատացած է այն անհիմն դիրքորոշումը, ըստ որի՝ Լեռնային Արցախը հանդիսացել է Ադրբեջանի մաս, հետեւաբար 1994 թւականի մայիսի 12-ին հրադադարի եռակողմ համաձայնագրի ուժի մէջ մտնելուց յետոյ հակամարտութեան կարգաւորման նպատակով սկսւած բանակցային գործընթացի նպատակն է եղել Լեռնային Արցախը «վերադարձնել» (չակերտները – Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանի կազմ:

Պէտք է նշել, որ Լեռնային Արցախն Ադրբեջանի մաս համարելու մասին հայրենազրկման խորհրդանիշի ապազգային կարծիքն ունի առնւազն 25 տարիների վաղեմութիւն: Դեռեւս 1999 թ. ապրիլի 16-ին «Օրագիր» թերթի խմբագրի կարգավիճակում պաթոլոգիկ արցախատեացը, մասնաւորաբար, յայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետեւաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարւել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են:»:

Ինչ վերաբերում է ստախօսի վերը մէջբերւած յայտարարութեան այն հատւածին, ըստ որի՝ բանակցային գործընթացն ընթացել է, իբրեւ թէ, Լեռնային Արցախն Ադրբեջանի կազմ «վերադարձնելու» (չակերտները – Ս. Հ.-Ջ.) տրամաբանութեամբ, ապա հարկ է նշել հետեւեալը:

2007 թ. նոյեմբերի 29-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում իր աշխատանքներն է սկսել եւ աւարտել ԵԱՀԿ նախարարների խորհուրդը: Նախքան նախարարների խորհրդի աշխատանքների մեկնարկը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Բեռնար Քուշները եւ Սերգէյ Լաւրովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանեանին ու Էլմար Մամեդիարովին են յանձնել Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցելու համար: Փաստաթուղթն առաւել յայտնի է «Մադրիդեան սկզբունքներ» անունով:

Հակամարտութեան կարգաւորման պատմութեան ընթացքում առաջին անգամ նշւած փաստաթղթում ամրագրւել են 1975 թ. օգոստոսի 1-ին ընդունւած ԵԱՀԿ Հելսինկեան եզրափակիչ ակտում արձանագրւած միջազգային իրաւունքի տասը հիմնարար սկզբունքներից երեքը, որոնց հիման վրայ պէտք է կարգաւորւէր Ադրբեջան-Արցախ հակամարտութիւնը, դրանք են՝

  • ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում,
  • ժողովուրդների իրաւահաւասարութիւն եւ ինքնորոշման իրաւունք,
  • պետութիւնների տարածքային ամբողջականութիւն:

Դէմ լինելով «Մադրիդեան սկզբունքներ»-ին՝ սակայն ճշմարտութեան առջեւ չմեղանչելու համար հարկ եմ համարում նշել հետեւեալը:

«Մադրիդեան սկզբունքներ»-ը հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան կողմից հակամարտութեան կողմերին ներկայացւած առաջին առաջարկութիւնն է, որտեղ ինքնորոշում ասելով նկատի էր առնւում նախկին ԼՂԻՄ-ի տարածքի ինքնորոշում նաեւ Ադրբեջանի կազմից դուրս: Նախորդ բոլոր առաջարկութիւնների դէպքում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարւել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս:

Պատահական չպէտք է համարել միջնորդների մօտեցման մէջ նման արմատական փոփոխութեան ի յայտ գալը: Բանն այն է, որ դեռեւս 2005 թ. յունւարի 25-ին Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովն ընդունել է բանաձեւ Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ, որտեղ անուղղակիօրէն խօսւում է ինքնորոշման իրաւունքի մասին:

Փաստաթղթի 2-րդ կէտում, մանաւորապէս, արձանագրւած է հետեւեալը. «Վեհաժողովը վերահաստատում է, որ տարածաշրջանային տարածքի անկախութիւնը եւ պետութիւնից անջատումը կարող է ձեռք բերւել միայն օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնւած է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցութեան վրայ, այլ ոչ թէ զինւած հակամարտութեան հետեւանքով, որը տանում է դէպի էթնիկ վտարման եւ նման տարածքի դէ ֆակտօ միացման մէկ այլ պետութեան։»: 

Մէջբերւած հատւածում առկայ «տարածքի անկախութիւնը եւ պետութիւնից անջատումը կարող է ձեռք բերւել միայն օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնւած է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցութեան վրայ» ձեւակերպումն անուղղակիօրէն վկայում է ինքնորոշման իրաւունքի իրացման հնարաւորութեան մասին:

2005 թ. սեպտեմբերի 21-ին Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէի ընդունած փաստաթղթում, արդէն, ուղղակիօրէն վկայակոչւում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը: Փաստաթղթի 2-րդ կէտում, մասնաւորապէս, արձանագրւած է հետեւեալը. «Այն գոհունակութեամբ նշում է Պրահայի գործընթացի շրջանակներում այս հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ ուղիղ երկխօսութեան շարունակութիւնը եւ միջազգային իրաւունքի լիակատար յարգանքը (մասնաւորապէս «Հելսինկեան եզրափակիչ ակտի» (1975 թ.) 4-րդ եւ 8-րդ սկզբունքները. պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը): Այն վերահաստատում է իր լիակատար աջակցութիւնը այս երկխօսութեան յաջողութեանը եւ, այս առումով, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին։»:  

Մինչեւ 2018 թւականի մայիս ամիսն Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ «Մադրիդեան սկզբունքներ»-ին յաջորդած բոլոր փաստաթղթերում ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապէս նշւել է, որ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքների համաձայն: Խօսքն, անշուշտ, վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքներին:

Նման փաստաթղթերից է Մոսկւայի կամ Մայենդորֆեան հռչակագիրը: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները մերձմոսկովեան Մայենդորֆ ամրոցում համատեղ ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը, մասնաւորապէս`

  • «Յայտարարում են, որ կը նպաստեն Հարաւային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան քաղաքական կարգաւորման ճանապարհով, միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունւած որոշումների ու փաստաթղթերի հիման վրայ
  • Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակութիւնը` հաշւի առնելով նրանց 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագայ քննարկումները քաղաքական կարգաւորման հիմնական սկզբունքների հետագայ մշակման նպատակով:»:

Ադրբեջան-Արցախ հակամարտութիւնը Հելսինկեան եզրափակիչ ակտում արձանագրւած տասը սկզբունքներից երեքի հիման վրայ կարգաւորելու օգտին հանդէս են եկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափի անդամ երկրների ղեկավարները:

Այսպէս, 2009 թ. յուլիսի 10-ին Իտալիայի Լակւիլա քաղաքում հրաւիրւած մեծ ութնեակի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որտեղ արձանագրել են, որ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների հաւասար իրաւունքների եւ ինքնորոշման սկզբունքների համաձայն:

Այս ամէնի հետ միաժամանակ կարծում եմ, որ «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» 1933 թ. դեկտեմբերի 26-ին ընդունւած Մոնտեւիդեոյի կոնւենցիայով սահմանւած պետութեանը ներկայացւող բոլոր չափորոշիչներին լիարժէքօրէն բաւարարող Արցախի Հանրապետութիւնը բռնապետական, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած մարդը, ով այդպիսով առնւազն կոպտօրէն խախտել է՝

  • Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրը,
  • Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը,
  • Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի 1992 թ. յուլիսի 8-ի որոշումը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշւած կը լինի Ադրբեջանի կազմում», պէտք է անխուսափելիօրէն ենթարկւի քրէական պատասխանատւութեան:

Related Articles

Back to top button