
45 տարի առաջ այս օրը՝ 1980 թւական սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Իրան-Իրաք 8-ամեայ պարտադրեալ պատերազմը:
Պատերազմ, որը պատմութեան մէջ դարձաւ բացառիկ ապացոյցն այն մասին, թէ ինչպիսի անմնացորդ նւիրում եւ արիութիւն են կարող ցուցաբերել նրանք, ովքեր պայքարում են յանուն հայրենիքի:
Ողջ պատերազմի ընթացքում հաւատքի ու հայրենիքի առանցքի շուրջ համախմբւած իրանական ժողովուրդը ոչ միայն չընկրկեց թշնամու եւ նրա թիկունքում կանգնած մեծապետական ուժերի դէմ, այլեւ ցուցաբերեց այնպիսի հերոսական դիմադրութիւն, որը լուսաւորող փարոս դարձաւ ապագայ սերունդների համար, հայրենիքի տարածքային ամբողջականութիւնը, նրա ինքնիշխանութիւնը եւ ազգային արժանապատւութիւնը պաշտպանելու դժւարին ուղում:
Յաճախ անհաւասար մարտերում, Իրանի զինւած ուժերն ու աշխարհազօրայինները ցուցաբերեցին աներեւակայելի խիզախութիւն՝ կերտելով այնպիսի հերոսական դրւագներ, որոնք իրանական ժողովրդի պատմական յիշողութեան մէջ առյաւէտ դաջւեցին որպէս հայրենի հողին անսակարկ նւիրւածութեան եւ հաւատքի խորհրդանշեր:
Պատերազմի տարիների վառ օրինակներն ու սխրագործութիւններն այսօր էլ համախմբում եւ ոգեշնչում են մեր ժողովուրդին՝ յիշեցնելով, որ որեւէ մարտահրաւէր՝ լինի այն արտաքին թէ ներքին, չի կարող ծնկի բերել մեզ, երբ միանում, մէկ բռունցք ենք դառնում: Վկան, սիոնիստական թշնամու դէմ 12-օրեայ պատերազմը, որի իւրքանչիւր դրւագը համեմատութեան զուգահեռներ էր գծում 8-ամեայ պարտադրեալ պատերազմի սխրանքների հետ:
Իրանի պատմութեան հազարամեակների ընթացքը փաստում է, որ իրանական ժողովուրդը երբեւէ չի՛ ենթարկւելու արտաքին ճնշումներին, չի՛ ընկրկելու թշնամու դէմ, չի՛ վարանելու պաշտպանել հայրենիքը՝ անգամ սեփական կեանքի գնով:
Այսօր, պատերազմի մեկնարկից 45 տարի անց, մենք յարգանքով ենք յիշում յայտնի ու անյայտ բոլոր հերոսներին, ովքեր 8 տարի շարունակ մարտնչեցին իրենց հողի, հաւատքի եւ ազգային արժանապատւութեան համար:
Վստահ ենք, որ իրանական ժողովուրդը կը շարունակի մնալ հզօր ու անխոնջ՝ պատրաստ ամէն տեսակի զոհողութեան՝ յանուն իրանական հայրենիքի պաշտպանութեան:
ԽՄԲ.