Այլ

Գիտնականները նշել են կեանքի տեւողութիւնը 5 տարով երկարացնելու միջոց

Եթէ բոլոր ամերիկացիներն աւելի ակտիւ լինէին, կը կարողանային իրենց կեանքի տեւողութիւնն աւելացնել միջինը 5 տարով։ Այսպիսի եզրահանգման են եկել նոր հետազօտութեան հեղինակները։

Լաւ յայտնի է, որ մշտապէս սպորտով զբաղւող մարդիկ աւելի քիչ են ենթակայ սրտի հիւանդութիւններ, դիաբետ, տկարամտութիւն եւ բազմաթիւ այլ առողջական խնդիրներ ունենալուն։

Բայց նոր ուսումնասիրութիւնը, որը հրապարակւել է British Journal of Sports Medicine ամսագրում, ընդգծում է ֆիզիկական ակտիւութեան դերը մեր երկարակեցութեան հարցում։

Հետազօտութեան շրջանակում գիտնականները չափահաս ամերիկացիներին (40 եւ աւելի բարձր տարիքի) բաժանել են չորս խմբի՝ կախւած ֆիզիկական ակտիւութեան մակարդակից 2003-2006 թթ., իսկ յետոյ հետեւել են նրանց առողջական վիճակին մի քանի տարի,- գրել է Euronews-ը։

Այդ շրջանում առաւել ակտիւ մարդիկ 73 տոկոսով աւելի քիչ են ենթակայ եղել մահւան՝ ցանկացած պատճառից, քան ոչ այնքան ակտիւները։

«Եթէ կայ ինչ-որ բան, որ կարելի է անել՝ մահւան վտանգը աւելի քան 2 անգամ նւազեցնելու համար, ապա դա ֆիզիկական ակտիւութիւնն է, որը հսկայական ուժ ունի»,- ասել է հետազօտութեան առաջատար հեղինակ, Գրիֆիթի համալսարանի (Աւստրալիա) պրոֆեսոր Լեներթ Վեերմանը։

Ամենաակտիւները զբաղւել են սպորտով օրական երկու ժամ 40 րոպէ։ Նրանց հասնելու համար ոչ այնքան ակտիւները պէտք է իրենց ամենօրեայ օրակարգին աւելացնեն մօտ 2 ժամւայ քայլք։

Բայց եթէ նրանք դա անեն, ապա կը կարողանան միջինը 10,9 տարով աւելի երկար ապրել, վկայում են հաշւարկները։ Ամենաակտիւների համար դա նշանակում է լրացուցիչ 6,3 ժամւայ կեանք քայլքի իւրաքանչիւր ժամի դիմաց։

Յատկանշական է, որ մէկժամեայ զբօսանքը կունենայ մեծ նշանակութիւն ամենաակտիւների համար, ասում է Վեերմանը։

Ֆիզիկական ակտիւութեան մակարդակի բարձրացումը թոյլ կը տար աւելացնել կեանքի միջին տեւողութիւնն ԱՄՆ-ում մինչեւ 83,7 տարի 2017թ. 78,6-ի համեմատ։

Հետազօտողների խօսքով՝ ստացւած արդիւնքներն ընդգծում են ֆիզիկական վարժութիւնների կարեւորութիւնը առողջութեան համար։

Եթէ քաղաքներն աւելի հարմար կառուցւեն զբօսանքների եւ հեծանւով երթեւեկելու համար, «մենք կը կարողանանք ոչ միայն աւելացնել կեանքի տեւողութիւնը, այլեւ նւազեցնել առողջապահութեան համակարգի եւ շրջակայ միջավայրի բեռնւածութիւնը»,- համոզւած է Վեերմանը։

Related Articles

Back to top button