Լոլիկի հիւթն օգնում է յաղթահարել հիպերտոնիան
Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հիւթի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլեւ օգնում է վերահսկել արեան ճնշումը։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Vocational Nursing Science ամսագրում: Հիպերտոնիան կամ արեան բարձր ճնշումը շարունակում է մնալ առողջապահութեան գլխաւոր խնդիրներից մէկը, որն անդրադառնում է միլիոնաւոր մարդկանց վրայ ամբողջ աշխարհում եւ ամէն տարի հարիւր հազարաւոր մահերի պատճառ դառնում: Ճնշման բարձրացումը վնասում է անօթների պատերը՝ նպաստելով դրանց հաստացմանը, կարծրացմանը եւ աթերոսկլերոզային փոփոխութիւններին։ Սա մեծացնում է կեանքին սպառնացող վիճակների վտանգը, ինչպիսիք են սրտի կաթւածը եւ ինսուլտը:
Գիտափորձին, որը նախատեսւած էր արեան ճնշումն իջեցնելու գործում լոլիկի հիւթի արդիւնաւէտութիւնը գնահատելու համար, մասնակցել է հիպերտոնիայով հիւանդ տարեց կամաւորը, որն իր վիճակը վերահսկելու համար ոչ մի մեթոդ չէր օգտագործում: Հիւանդը երեք օր շարունակ օրական երկու անգամ լոլիկի հիւթ է խմել։ Արդիւնքները ցոյց են տւել, որ այս պարզ միջամտութիւնը օգնել է նւազեցնել արեան ճնշումը 160/100 մմ ս․ս-ից. մինչեւ 150/90 մմ ս․ս․:
Գիտնականների կարծիքով, A, B, C վիտամիններով, կալիումով եւ այլ օգտակար նիւթերով հարուստ լոլիկը դրսեւորել է իր դրական ազդեցութիւնը օրգանիզմի վրայ համալիր ազդեցութեան շնորհիւ։ Կալիումը պահպանում է օրգանիզմի հեղուկների օսմոտիկ ճնշումը, մասնակցում է ջրային եւ հիմնաթթւային հաւասարակշռութեան կարգաւորմանը եւ կարգաւորում սրտի մկանների կծկման եւ թուլացման ցիկլերը։ Վիտամին C-ն աչքի է ընկնում արիւնը նոսրացնելու ունակութեամբ, իսկ վիտամին B-ն օգնում է ապահովել սրտի արեան մատակարարումը։
Մասնագէտները նշում են, որ լոլիկի հիւթի կանոնաւոր օգտագործումը կարող է կարեւոր լրացում լինել հիպերտոնիայի աւանդական բուժմանը, որը միլիոնաւոր մարդկանց կեանքի որակը բարելաւելու մատչելի եւ բնական միջոց է ներկայացնում:
News.am