Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այս իշխանութիւնը մանդատ չունի Ադրբեջանի պահանջով Սահմանադրութիւն փոխելու

Մանդատները վերցնել-չվերցնելու, առհասարակ ընդդիմութեան հետագայ աշխատանքի գլխաւոր խնդիրն այն է, թէ ի՞նչ մարտավարութիւն ենք որդեգրում, առաջիկայում ի՞նչ է ծրագրւում։ Այս հարցի շուրջ բաւական եռանդուն, բաց եւ անկեղծ քննարկում է տեղի ունենում ե՛ւ մեր միաւորների ներսում, ե՛ւ ընդդիմադիր տարբեր քաղաքական միաւորների միջեւ։ Մենք չենք համակերպւելու այս իրավիճակի հետ, հինգ տարի չենք նստելու եւ սպասելու յաջորդ ընտրութիւններին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Այս իշխանութիւնը լեգիտիմ չէ եւ չի ստացել մեր ժողովրդի մեծամասնութեան քւէն, մանդատ չունի Ադրբեջանի պահանջով Սահմանադրութիւն փոխելու, անկլաւներ յանձնելու կամ նոր զիջումներ անելու։ Բայց ակնյայտ է, որ իշխանութիւնը փորձում է ապօրինութիւնների, բռնութիւնների, բռնաճնշումների միջոցով ամրապնդել իր իշխանութիւնը, ցոյց տալ, թէ իբր ժողովրդի կողմից լեգիտիմութիւն ունի՝ նման քայլերի եւ գործողութիւնների գնալու։ Առանց ժողովրդական յուժկու շարժման՝ հնարաւոր չէ խնդիրը լուծել։ Թէ դա երբ պէտք է տեղի ունենայ, ինչ մեխանիզմներով, ինչ ծրագրով, քայլերի ինչ հերթականութեամբ՝ քննարկումների արդիւնքում կը գանք համաձայնութեան»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մենք պէտք է պարզ խօսենք մեր ընտրողների հետ եւ լծւենք աշխատանքի։ Դա պէտք է լինի մարդկանց կամքն արտայայտելու ճանապարհով, որովհետեւ խախտւած են մեր ժողովրդի իրաւունքները։ Շատ կարեւոր է ընդդիմութեան միասնական օրակարգը՝ անկախ նրանից, թէ որ քաղաքական ուժն ինչ ձեւաչափով է մասնակցել ընտրութիւններին։ Ողջունում ենք Սամուէլ Կարապետեանի նախաձեռնութիւնը, եւ պէտք է մշակենք ընդդիմութեան համագործակցութեան ֆունկցիոնալ օրակարգ»,- նշեց Սաղաթէլեանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ինչ վերաբերում է մանդատներ վերցնել-չվերցնելուն, ընդդիմութիւնը կանգնած է բաւական ծանր եւ դժւարին խնդրի առջեւ.

«Կան ե՛ւ մանդատները վերցնելու, ե՛ւ չվերցնելու կողմնակիցներ հէնց մեր ընտրողների, նաեւ մեր կուսակցութեան շարքերում, եւ այդ երկու տեսակէտներն էլ ապրելու իրաւունք ունեն։ Բայց մանդատ վերցնելու տրամաբանութիւնը, եթէ գնանք այդ ճանապարհով, լինելու է այն, որ ինչպիսի փողոցային պայքար ու ժողովրդական ընդվզում էլ լինի, դրա վերջին ակորդը, իրաւական փաթեթաւորումը տեղի է ունենալու խորհրդարանում։ Հետեւաբար՝ այդ ժամանակ մանդատներն անհրաժեշտ են»:

«Միայն խորհրդարանական գործիքակազմով մենք փոփոխութեան հասնել չենք կարող, հետեւաբար՝ եթէ մենք վերցնենք մանդատները, դա պէտք է լինի ե՛ւ փողոց, ե՛ւ խորհրդարան, հակառակ պարագայում իմաստ չկայ մանդատ վերցնելու։ Միայն խորհրդարանական մանդատով յաջողութեան հասնելու հնարաւորութիւն չկայ։ Մանդատ վերցնելը ենթադրում է նաեւ պատասխանատւութիւն։ 550 հազար մարդ քւէ է տւել, եւ պէտք է գնալ ու այդ պահանջներով պայքարը շարունակել, այլ ոչ թէ խուսափել այդ պատասխանատւութիւնից։ Խորհրդարանի լեգիտիմութեան հարցը պայմանաւորւած է ոչ թէ մեր գնալ-չգնալով, այլ իրենց կեղծած ընտրութիւններով»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը։

Related Articles

Back to top button