Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սէյրան Օհանեան. «Ադրբեջանը չէր կարող հասնել յաջողութիւնների, եթէ տարիների բանակցային ամբողջ ներուժը չմսխւէր. Արցախիի հարցը մեզ համար փակ չէ»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը սեպտեմբեի 27-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, որ Արցախի թեման իրենց համար փակւած չէ եւ նշել երեք հիմնական պատճառ։

«Առաջինը՝ Ադրբեջանը իր յանցաւոր գործողութիւններով ոչ թէ աւարտել, այլ աւելի է սրել հակամարտութիւնը եւ այս ցեղասպանութեան համար պէտք է պատասխանատւութիւն կրի միջազգային հարթակներում։

Երկրորդը՝ Արցախի սուբիեկտայնութիւնը պէտք է պահպանւի, եւ նրա ինստիտուտներն ու իշխանութիւնները պէտք է շարունակեն աշխատել Արցախի ժողովրդի ճակատագրի, սոցիալ-տնտեսական վիճակի եւ հաւաքական վերադարձի համար անվտանգ պայմանների ստեղծման ուղղութեամբ։

Երրորդը՝ եթէ այս երկու հանգամանքներն ուժի մէջ են, ապա բանակցութիւնները այլընտրանք չունեն»,- ընդգծել է Օհանեանը։

Նա դժգոհել է, որ ՀՀ իշխանութիւնները Ադրբեջանի ղեկավարութեան հետ միասին լուծարեցին Մինսկի խումբը: «Դա եւս մէկ անգամ ապացուցեց, որ իրենց գործողութիւններով նպատակ ունեն փակել Արցախի էջը»,- ասել է պատգամաւորը։

Օհանեանի խօսքով՝ Ադրբեջանը օգտւեց ՀՀ իշխանութիւնների «իրարամերժ գործողութիւններից եւ ոչ ադեկւատ յայտարարութիւններից» ու խախտեց տարիների ընթացքում բանակցութիւններով ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները՝ սանձազերծելով պատերազմ։

«Ուժի միջոցով Ադրբեջանը հասաւ յաջողութիւնների Արցախում, յետոյ ներխուժեց ՀՀ սահմաններ եւ մինչեւ այսօր շուրջ 200 քառ. կմ տարածք պահում է իր վերահսկողութեան տակ։ 2023-ին էլ, այսպէս կոչւած, հակաահաբեկչական գործողութիւնների անւան տակ հայաթափեց Արցախը՝ իրականացնելով ցեղասպանութիւն արցախցիների նկատմամբ»,- ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը, լինելով հիմնական յանցագործ, չէր կարող հասնել այս արդիւնքների, եթէ տարիների բանակցային ամբողջ ներուժը չմսխւէր եւ բանակցութիւնները չդադարեցւէին։

Related Articles

Back to top button