
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ
Հայութեան պատմութիւնը լի է ճգնաժամերով եւ աւերածութեան դրւագները նոյնպէս չեն պակասում: Հայոց Ցեղասպանութիւն, տարածաշրջանային շարունակւող վէճեր եւ այլն: Հայերը շարունակել են գոյատեւել, քանի որ մեր պատմական գիտակցութիւնը, մշակութային արժէքներն ու ազգային ինքնութիւնը ոգեշնչման աղբիւր է եղել:
Մինչդեռ, պատմութեան ընթացքում մարդիկ յաճախ են կանգնել հարցի առջեւ թէ՝ ինչն է իրենց կեանքի իմաստը: Հարց, որը յուզել է գիտնականներին, փիլիսոփաներին, հոգեբաններին ու մինչեւիսկ պարզ, սովորական քաղաքացիներին իրենց առօրեայ կեանքում:
Համաշխարհային երկու հանրայայտ տեսութիւն, որոնք են՝ իկիգայը ճապոնական փիլիսոփայութիւնից եւ աւստրական Լոգոթերապիան, որի հիմնադիրն է Վիկտոր Ֆրանկլը, փաստում են, որ կեանքում իմաստ գտնելու հարցը կարեւոր է եւ նոյնքան խորը։
Ֆրանկլի կարծիքով, հոգեբանական խնդիրները յաճախ առաջանում են այն պատճառով, որ անհատը չի կարողանում գտնել իր կեանքի նշանակութիւնը. նրա առաջ քաշած լոգոթերապիան օգնում է մարդկանց բացայայտել եւ հասնել անձնական կեանքի իմաստին: Տւեալ մեթոդը խրախուսում է ընդունել դժւարութիւններն ու գտնել դրանց մէջ սովորելու, աճելու, նպատակ ու ձգտում։
Հեկտոր Գարսիայի եւ Ֆրանչեսկօ Միրալէսի՝ «Իքիգայ. ճապոնական կենսափիլիսոփայութիւնը երջանիկ եւ երկարատեւ կեանքի համար» գրքում պնդում են, որ կեանքում յաջողութեան հասնելու համար հարկաւոր է գտնել մի կէտ, որտեղ առկայ են կարեւոր տարրեր: Ի՞նչ ես սիրում, իսկապէս սիրով կատարում, ինչ կարող ե՞ս անել լաւ որպէս պրոֆեսիա, եւ այն ինչն է, որտեղ դուք յաջողում էք: Ու, իհարկէ, այն ինչն է հարկաւոր աշխարհին որպէս ձեր մատուցած առաքելութիւն, որն օգտակար է եւ անհրաժեշտ ձեր շրջապատի եւ հասարակութեան համար, եւ վերջինը, բառացիօրէն, վոկացիա, որը նշանակում է կոչում: Այն, ենթադրում է, որ մարդն ունի մի ներքին յուշում կամ պարտաւորութիւն, զբաղւելու այն գործունէութեամբ, որը բաւարարում է ինչպէս իր պահանջները, այնպէս էլ հասարակութեան ցանկութիւնները։
Այս տարրերը միաւորւում են իկիգայի կենտրոնում, որը հանդիսանում է կեանքի իրական նշանակութիւնը։ Սա, նաեւ այն մասին է, որ երբ մարդ գտնում է այդ տարրերի համադրութիւնը, այդ ժամանակ պէտք է ապրի լիարժէք ու ներդաշնակ կեանք։ Եթէ մարդը չունի որեւէ սերտ կապւածութիւն այս տարրերի հետ, ապա ապրուստը սկսում է կորցնել իմաստը։ Այս երկու տեսութիւններն էլ օգնում են մարդկանց առողջ ու հոգեբանօրէն կայուն մնալ որովհետեւ այն ամրապնդում է մարդու մէջ ապրելու պատճառի փնտրտուքն ու դրա հզօրութիւնը։
Ճապոնական իկիգայը ուղորդում է մարդուն նաեւ դէպի պարզ ու ներդաշնակ կեանք ապրելու մօտեցում, երբ ամէն օրը դառնում է մի նոր նպատակ։ Թէեւ, լոգոթերապիան, ցոյց է տալիս, որ նոյնիսկ ամենավիճայարոյց պահերին մենք կարող ենք պահպանել ներքին խաղաղութիւնը, հասկանալով, որ մեր կեանքը չունի միայն ֆիզիկական նպատակ, այլ նաեւ՝ հոգեւոր։
Կարծում եմ՝ երկու փիլիսոփայութիւնները կարող են լինել օգտակար մեր ժամանակներում եւս, երբ մարդիկ բախւում ենք կեանքում բարդ հարցերի։
Աւելին, թէ ինչ տեսք կունենայ մեր ապագան կախւած է հարցին, թէ ինչպիսի իմաստ մենք կը գտնենք մեր առօրեայում եւ ինչպէս ճապոնական իքիգայը եւ Ֆրանկլի լոգոթերապիան, հայութիւնը միշտ գտել է այդ նշանակութիւնը տառապանքների գնով: Երբ չկայ հեռանկարային ապագայ, մի կողմից տւայտանքներին իմաստ տալը, միւս կողմից փոքր ուրախութիւններում ապրելու պատճառ գտնելը հայ ժողովուրդին գոյատեւելու նոր հնարաւորութիւն է տւել նաեւ Սփիւռքում։
Իրականում, այս գաղափարները եւ մեր ժողովրդի պատմութեան միաւորող հիմնական տարրը գոյութեան եւ իմաստի հզօրութիւնն է։ Այն տարբեր է լինում ըստ անհատի կամ ժողովրդի պատմական ու մշակութային առանձնայատկութիւնների, բայց վերջում բոլորն էլ առաջարկում են մի բան. կեանքը կունենայ իմաստ, եթէ մենք որոշենք որոնել ու ընտրել այն։
Աւելի մեծ համապատկերում պարզ է դառնում, որ հայութիւնն երբեք չի կորցրել այդ ուժը, այն օգնել է շարունակել առաջ շարժւել, նոյնիսկ ամենադաժան ու տառապալի պայմաններում: