Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստւածածնի ծննդեան տօնը

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Կոյս Աստւածամայր Մարիամի ծննդեան տօնը։
Սուրբ Աստւածածնի ծնունդը նկարագրւած չէ Աստւածաշունչ մատեանում, այն մեզ փոխանցւել է Եկեղեցու սրբազան աւանդութեամբ: Կոյսի ծնողները` Յովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխայ չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եւ մի օր, երբ Աննան իջնում է պարտէզ՝ աղօթելու, յանկարծ յայտնւում է Տիրոջ հրեշտակը եւ աւետում, որ զաւակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:
Աննան գոհութիւն է յայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղօթքներն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զաւակին Աստծուն նւիրել: Նոյն այս տեսիլքը երեւում է նաեւ Յովակիմին` յայտնելով բարի լուրը: Ս. Կոյսի հայրը նոյնպէս փառք է տալիս Բարձրեալին այդ մեծ շնորհին արժանանալու համար: Աննան յղիանում է, ունենում մի աղջիկ, ում անւանում են Մարիամ, այսինքն` լուսաւորեալ: Նա էր այն ընտրեալն, ում Աստւած իր առաքինութիւնների ու արժանիքների շնորհիւ պատւեց լինել Աստծոյ մայրը:
Հայ Եկեղեցին Աստւածամօր ծննդեան տօնը հաստատուն կերպով տօնում է սեպտեմբերի 8-ին: