Հասարակական

Աղանդաւորութիւն՝ ազգային-հոգեւոր միասնութեան սպառնալիք

ԼՈՐԵԹԱ ՂԵՒՈՆԴԵԱՆ

 

Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ուսմունքով աղանդ (աղանդաւորութիւն) է համարւում այն կրօնական խումբը կամ շարժումը, որը շեղւում է աւանդական քրիստոնէական հաւատքից:

Ստուգաբանութիւն. Հնդեւրոպական՝ «թափառել, մոլորւել» արմատից:

Հայերէն՝ աղաւաղ (աղեւաղ), յունարէն՝ սխալմունք, մոլորութիւն եւ լատիներէն՝ մտածողութեան ձեւ, ուսմունք եւ ուղղութիւն:

Գոյական. Հերձւած, յարանւանութիւն, հերետիկոսութիւն: Տւեալ եկեղեցու դաւանանքից շեղւող կրօնական ուսմունք, թիւր վարդապետութիւն:

Աղբիւր՝ Հայերէն բացատրական բառարան:

***

Մերօրեայ աղանդները, ծագել են արեւմտեան երկրներում, հիմնականում Միացեալ Նահանգներում եւ Արեւելք են թափանցել՝ 19-րդ դարի երկրորդ կէսին եւ 20-րդ դարի սկզբին:

Այն, ինչ հալածանքների եւ արիւնահեղութեան գնով չյաջողւեց իրականացնել կայսրերին, այլահաւատ թագաւորներին ու այլ հալածիչներին, փորձում են իրականացնել որոշ աղանդներ՝ իրենց հետեւորդներին մոլորեցնելով:

Աղանդները հիմնադրւել են ոչ թէ առաքեալների, այլ աւելի յաճախ կրօնական մոլեռանդների կամ հոգեկան անառողջ վիճակ ունեցող կասկածելի անձերի կողմից, որոնց մասին դժբախտաբար չգիտեն միամիտ հետեւորդները:

Աղանդների քարոզչութիւնն առաւել ազդեցիկ է լինում խոցելի խաւերի, յուսահատւած, սոցիալական մեկուսացւած մարդկանց եւ հետեւողական հոգեւոր կրթութիւն չունեցողների շրջանում:

 

➢ Աղանդները մերժում կամ աղաւաղում են ՀԱԵ-ի կողմից ընդունւած դաւանաբանական ճշմարտութիւնները՝ Ս. Երրորդութիւնը, Ս. Խորհուրդները (մկրտութիւն, հաղորդութիւն եւ այլն) եւ հիմնւած հաւատքը՝ Սուրբ Գրքի ու նաեւ Սուրբ Աւանդութեան վրայ: Աղանդները յաճախ ընդունում են միայն Աստւածաշունչը՝ իրենց կամայական մեկնաբանութեամբ («միայն Գիրք»-ի սկզբունք):

➢ Աղանդներին յաճախ բնորոշ է. խիստ վերահսկողութիւն անդամների կեանքի նկատմամբ, բացառիկութեան զգացում («միայն մենք ենք փրկւելու») եւ խզում ընտանիքից կամ ազգային-եկեղեցական ինքնութիւնից:

➢ Աղանդային գաղափարների քարոզը մշակութային շահագործութիւն է, որն անուղղակի ազդում է հաւատքի ընկալման վրայ, սերմանելով շփոթ ու բաժանութիւն եւ օտարացում առաքելական եկեղեցուց՝ անվստահութիւն եւ նոյնիսկ ատելութիւն ներշնչելով նրա հանդէպ:

***

Աղանդները «կեղծ հայրենասիրութեամբ» յորդորում են մարտի դաշտ չգնալ, զէնք չվերցնել, ասելով՝ զէնք վերցնելը մեղք է:

Հայրենասիրութիւն է, երբ հայրենիքին վտանգ է սպառնում, պէտք է զէնք վերցնել ու պայքարել թշնամու դէմ: Հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործը անխտիր է ժողովրդի բոլոր խաւերի համար:

Հայ Առաքելական Եկեղեցու երկհազարամեայ պատմութիւնը լի է բազմաթիւ սրբերի հերոսաբար նահատակութեան դրւագներով՝ յանուն հաւատքի եւ ազգային ինքնութեան, ինչպէս Վարդանանց պատերազմը, որով ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ գոյատեւեց իր իսկ անունով, սեփական արժանաւորութեամբ՝ անկախ եւ ինքնուրոյն:

Ցաւալի է, երբ աղանդներին հետեւում են հայորդիներ, որոնց նախնիները Աւարայրից յետոյ եւս պայքարել են ճշմարիտ հաւատի եւ հայրենիքի համար: Այդպիսինները նսեմացնում են մեր նախնիների փառքն ու վաստակը:

Ներկայիս, ապօրինի եւ ոչ լեգիդիմ միջոցառումներն ու կարգադրութիւնները սերմանում են ինքնակոչ աղանդաւորական մտածելակերպն ու գործելաոճը եւ քաջալերում աղանդաւորների սանձարձակութիւնը՝ էապէս հարւածելով հոգեւորազգային միասնականութեան:

Հայ Առաքելական Եկեղեցին, միաժամանակ՝ որպէս կրօնական եւ ազգային կառոյց, փոթորկալից եւ ալեկոծ դարաւոր Հայոց Պատմութեան ընթացքում, թէ՝ հայրենիքում եւ թէ՝ սփիւռքում, անշահախնդիր ու տքնաջան ներդրումներով, յանուն հայ ազգի յարատեւութեան՝ պահպանել է աւանդութիւնը եւ բեղմնաւորել է մշակոյթը, գիր ու գրականութիւնը, արւեստն ու արհեստը:

Լինենք զգօն եւ պաշտպանենք հայի գոյութեան ամրակուռ բերդը՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ:

Յունիս, 2026 Թեհրան

Related Articles

Back to top button