Երբ տրամադրւածութիւնը փոխարինում է տրամաբանութեանը
Ընտրութեան եւ վախի արանքում ժողովուրդը ո՞րն է ընտրում՝ ապագա՞ն, թէ՞ անվտանգութեան պատրանքը

ՀԱՏԻՍ
Ամէն ընտրութիւնից առաջ հանրութիւնը կարծես կրկին կանգնում է իր հոգեբանական հայելու առջեւ։ Սոցիոլոգները վաղուց են արձանագրել՝ հասարակութիւնը կենդանի օրգանիզմ է. այն կարող է կազդուրւել, վէրքերն ամոքել, յիշողութիւն ձեւաւորել, նոյնիսկ ինքնապաշտպանական բնազդ մշակել։ Բայց կան ժամանակներ, երբ այդ օրգանիզմը ոչ թէ վերականգնւում է, այլ սովորում է ապրել սեփական ցաւի հետ՝ այն վերածելով քաղաքական բնազդի։
Յատկապէս պատերազմ տեսած, պարտութիւն ապրած կամ երկար անորոշութեան մէջ գտնւող հասարակութիւններում ընտրութիւնները հազւադէպ են լինում միայն գաղափարների մրցակցութիւն: Այդպիսի պահերին քաղաքացու ընտրութիւնը ոչ այնքան ծրագրերն են, որքան՝ վախի կառավարման միջոցը։ Ոչ այնքան ապագան է կարեւորը, որքան գոյատեւման տարբերակը։
Այստեղ է, որ հասարակական տրամաբանութեան մէջ յաճախ բաց է առաջանում։ Իսկ այն կարող է լցւել ոչ թէ փաստարկով, այլ տրամադրւածութեամբ։
Հանրութիւնն սկսում է առաջնորդւել ոչ այն հարցով, թէ «ո՞ր ճանապարհն է աւելի ճիշտ», այլ՝ «ո՞ր ճանապարհն է պակաս վտանգաւոր»։ Կայունութեան պատրանքը սկսում է արժեւորւել աւելի բարձր, քան որակական փոփոխութեան հնարաւորութիւնը։ Քաղաքական ընտրութիւնը դառնում է հոգեբանական պաշտպանութեան մեխանիզմ։
Սա նոր երեւոյթ չէ։ Յետխորհրդային տարածքի գրականութիւնն ու յուշագրութիւնները բազմիցս են դիպչել այդ կէտին։ Յատկապէս նախկին Հարաւսլաւիայից անկախացած պետութիւնների մասին գրականութիւնը՝ Սերբիայի, Խորւաթիայի, Բոսնիայի յետպատերազմեան փորձառութիւնները, ցոյց են տալիս, թէ ինչպէս պատերազմը կարող է քաղաքացուն հասցնել մէկ պարզ ցանկութեան՝ ընդամէնը ապրելու։
Նոյն համատեքստում գրող-հրապարակախօս Սլաւենկա Դրակուլիչը յաճախ շեշտադրում է անհատի ապրելու իրաւունքը, այն հիմքի վրայ, որ ազգամիջեան պատերազմների մէջ սովորական մարդը յաճախ դառնում է անելիք չունեցող կողմ, իսկ նրա հիմնական երազանքը՝ փախչել աշխարհագրութիւնից, որտեղ ինքնութիւնը վերածւել է գոյատեւման բեռի։
Հայաստանի պարագայում հարցն աւելի բարդ է
Այստեղ անվտանգութեան խնդիրը երբեմն ներկայացւում է որպէս ինքնութեան զիջման դիմաց վճարւող գին։ Քաղաքական հռետորաբանութեան մէջ շրջանառու դարձած հակադրութիւնները՝ խաղաղութիւն կամ անվտանգութիւն, պետութիւն կամ ինքնութիւն, ապրել կամ պայքարել, հասարակութեանը մղում են՝ դրանց միջեւ ընտրութեանը, որն իրականում ընտրութիւն չէ։
Այդ պատճառով էլ հեգնանքով կրկնւող արտայայտութիւնը՝ «հողը տւինք, որ կեանքը փրկենք, այնինչ կեանքն են տալիս հողը փրկելու համար», այլեւս բառախաղ չէ։ Այն խոր յուսախաբութիւն ապրած հասարակութեան քաղաքական հոգեվիճակի նկարագիր է։ Զգուշացում, քան կարգախօս։
Ի վերջոյ, ժողովուրդը ընտրութիւններից ի՞նչ է ուզում, եթէ ոչ անվտանգութիւն
Սակայն խնդիրը սկսւում է այն ժամանակ, երբ անվտանգութեան պահանջը դառնում է միակ չափանիշը, իսկ քաղաքական դիսկուրսը՝ տրամադրութիւնների կառավարման միջոց։ Այդ դէպքում հանրային բանավէճը աստիճանաբար հեռանում է տրամաբանութիւնից։ Քաղաքական ուժերը սկսում են աշխատել ոչ թէ հանրային գիտակցութեան, այլ հոգեբանական հոգնածութեան վրայ։ Վարկանիշը փոխարինում է փաստարկին, վախը՝ ծրագրին, իսկ խոստումները՝ իրականութեանը։
Այդ ֆոնին նաեւ «արժէքների» լեզուն է քաղաքականացւում։ Այն, ինչ տարբեր հասարակութիւններում պատմական ու մշակութային ճանապարհով է ձեւաւորւել, նորանկախ ու անվտանգային ճգնաժամ ունեցող երկրներում երբեմն արժէքները ներկայացւում են որպէս արագ ներմուծման ենթակայ քաղաքական փաթեթ։ Արդիւնքում հասարակութիւնը ոչ թէ վերափոխման, այլ օտարացման զգացողութիւն է ապրում։
Մարդու իրաւունքների գաղափարը, անշուշտ, չի կարող վիճարկւել։ Բայց այն բոլորովին այլ իմաստ է ստանում, երբ մարդը յայտնւում է խորթ միջավայրում եւ ստիպւած է յարմարւել նոր կարգին։ Այդ պարագայում ինքնութեան ճկունութիւնը գոյատեւման միջոց է։
Սակայն աւելի բարդն այն է, երբ մարդն սկսում է խորթ զգալ սեփական տանը։
Այդտեղ այլեւս աշխարհագրութիւն փոխելու կարիք չկայ։ Բաւական է, որ հասարակական միջավայրն սկսի աստիճանաբար կտրւել իր պատմական ինքնանկարից, իսկ քաղաքացիական լեզուն՝ վերածւի նոր դիմակների մրցոյթի։ Այդ ժամանակ քաղաքականութիւնը դադարում է լինել համոզման տարածք եւ վերածւում է ժեստերի՝ «դատարկ, բայց բարձր աղմուկ ունեցող թմբուկի»։
Թերեւս մեր ժամանակի գլխաւոր հարցը սա է. հասարակութիւնը դեռ ընտրո՞ւմ է՝ մտածելով, թէ՞ միայն արձագանքում է իր վախերին։
Որովհետեւ երբ տրամաբանութեան տեղը զբաղեցնում է տրամադրւածութիւնը, ընտրութիւնները դադարում են ապագայ կառուցելու գործիք լինելուց։ Դրանք դառնում են ընդամէնը ներկան ատամներով պահելու փորձ։



