Ինչպէ՞ս են ոմանք աճում, իսկ ոմանք՝ տեղում դոփում
Աճի ռազմավարութիւնը՝ որոշումից մինչեւ իրականացում

ԱՐԹԻՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Որոշումների կայացման մասին մեր նախորդ յօդւածներում անդրադարձել ենք GROW, SWOT, Cost–Benefit եւ Impact–Effort չորս մոդելներին եւ պարզել, որ ինչպէս կարելի է դրանց համադրմամբ աւելի յստակ ու գիտակցւած որոշումներ կայացնել։
Այս անգամ կը խօսենք անձնական եւ մասնագիտական աճի ռազմավարութեան մասին։
Ի՞նչ է «աճի ռազմավարութիւնը»
Պարզ ասած՝ աճի ռազմավարութիւնը ներկայ վիճակից դէպի ցանկալի հեռանկարով ապագայ հասնելու մտածւած ուղին է, որի ընթացքում ընտրում ենք լաւագոյն տարբերակները եւ սահմանում գործողութիւնների առաջնահերթութիւնները։
Այն տարբերւում է սովորական ծրագրերից։
Սովորական ծրագիրը հիմնականում պատասխանում է՝
«Ի՞նչ պէտք է անեմ եւ ե՞րբ անել դա» հարցին:
Ռազմավարութիւնը տալիս է աւելի խորքային հարցերի պատասխաններ՝
«Ինչո՞ւ եմ ընտրում այս ճանապարհը», «Ի՞նչ տարբերակներ ունեմ», «Ինչո՞ւ եմ ընտրում հէնց այս մէկը»։ Իսկ եթէ պայմանները փոխւեն՝ «Ինչպէ՞ս եմ վերանայելու իմ ճանապարհը»։
Այսինքն՝ ռազմավարութիւնը նախ որոշում է ուղղութիւնն ու նպատակը, իսկ պլանաւորումը՝ դրանց հասնելու յստակ քայլերը։
Ինչո՞ւ են շատերը տեղում դոփում
Անհրաժեշտ ջանքեր գործադրելով հանդերձ՝ մարդիկ, կազմակերպութիւններն ու բիզնեսները յաճախ չեն առաջադիմում, քանի որ՝
– չունեն յստակ նպատակ,
– ճիշտ չեն գնահատում իրենց ներկայ պայմանները,
– չեն դիտարկում առկայ բոլոր հնարաւորութիւնները,
– չեն տարբերակում առաջնահերթ գործողութիւնները,
– չեն վերանայում իրենց ուղին, երբ պայմանները փոխւում են։
Աճի ռազմավարութիւնը հէնց այս բացերն է լրացնում։

Չորս հիմնական բաղադրիչ
Գործնական աճի ռազմավարութիւնը կարելի է կառուցել չորս քայլով.
- Նպատակ եւ տեսլական
Ինձ առաջիկայ 6-12 ամիսներին որտեղ եմ պատկերացնում։ Նպատակը պէտք է լինի ե՛ւ ոգեշնչող, ե՛ւ չափելի։
- Ներկայ իրավիճակի վերլուծութիւն
Որտե՞ղ եմ կանգնած այսօր։ Այստեղ կարելի է օգտագործել SWOT-ի եւ GROW-ի (տես նախորդ համարը) համապատասխան գործիքները։
- Հնարաւորութիւնների եւ ուղղութեան ընտրութիւն
Ի՞նչ ճանապարհներ կան եւ ո՞րն է առաւել նպատակայարմար։ Տարբերակները կարելի է համադրել Cost–Benefit (Շահաւէտ ելք ու մուտքի) վերլուծութեան միջոցով։
- Գործողութիւնների առաջնահերթութիւն
Ի՞նչ պէտք է անել, ի՞նչ հերթականութեամբ եւ ի՞նչ առաջնահերթութեամբ։ Այստեղ օգտակար են GROW-ի Will եւ Impact–Effort (տես նախորդ յօդւածը) գործիքները։
Այսպիսով, նախորդ յօդւածներում ուսումնասիրւած չորս մոդելները միասին դառնում են աճի ռազմավարութեան հիմքը։
Գործնական օրինակ. ուսուցիչը ցանկանում է փոխել իր մասնագիտական ուղին
Պատկերացնենք պետական դպրոցում 8 տարւայ աշխատանքային փորձ ունեցող ուսուցչին, որը զգում է, որ մասնագիտական առումով կանգ է առել։ Նա ունի կայուն, բայց սահմանափակ եկամուտ եւ ցանկանում է հասկանալ՝ շարունակե՞լ նոյն աշխատանքը, անցնե՞լ ղեկավար պաշտօնի, մասնաւոր դասաւանդմա՞ն, թէ՞ առցանց կրթութեան ոլորտ։
Քայլ 1. GROW
Նպատակ (Goal)
12 ամսւայ ընթացքում հասնել աւելի բարձր եկամուտի, մասնագիտական աճի եւ աշխատանքի ու անձնական կեանքի աւելի լաւ պայմանների։
Ներկայ իրավիճակ (Reality)
8 տարւայ դասաւանդման փորձ, լաւ հաղորդակցւելու եւ ուսուցման հմտութիւններ, սակայն առցանց աշխատանքի, մարքեթինգի եւ անձնական բրենդաւորման սահմանափակ փորձ։
Տարբերակներ (Options)
– մնալ պետական դպրոցում եւ ձգտել աւելի բարձր պաշտօնների,
– կրճատել ուսուցման ժամերը եւ սկսել մասնաւոր դասեր տալ,
– ստեղծել առցանց կրթական բովանդակութիւն եւ դասընթացներ,
– համատեղել մասնաւոր դասաւանդումն ու առցանց դասընթացները,
– տեղափոխւել մասնաւոր դպրոց։
Յաջորդ քայլը (Will)
Առաջիկայ երկու շաբաթում խօսել մասնաւոր կրթութեան անցած երկու ուսուցիչների հետ, մէկ ամսում ստեղծել եւ փորձարկել փոքր առցանց դասընթաց, իսկ երեք ամսից գնահատել արդիւնքները։
Քայլ 2․ SWOT վերլուծութիւն
Ուժեղ կողմերը՝
8 տարւայ աշխատանքային փորձ, լաւ հաղորդակցական հմտութիւններ, նիւթը պարզ ներկայացնելու կարողութիւն։
Թոյլ կողմերը՝
Մարքեթինգի, վաճառքի եւ առցանց բովանդակութեան ստեղծման սահմանափակ փորձ, վախ՝ փոփոխութեան ռիսկերի նկատմամբ։
Հնարաւորութիւններ՝
Առցանց կրթութեան աճող շուկայ, սոցիալական ցանցեր, կրթական հարթակներ, մասնաւոր դպրոցների պահանջարկ։
Սպառնալիքներ՝
Բարձր մրցակցութիւն, սկզբնական շրջանում անկայուն եկամուտ, միջավայրի դիմադրութիւն, ենթակառուցւածքային սահմանափակումներ։
Այս վերլուծութիւնը կարող է ապացուցել, որ նշւած ուսուցիչն ունի մասնագիտական ամուր հմտութիւններ, սակայն նրան պէտք է ձեռք բերել մարքեթինգի եւ առցանց բովանդակութիւն ստեղծելու հմտութիւնները։
Քայլ 3․ Cost–Benefit
Նախընտրելի տարբերակը՝
Անցնել պետական դպրոցում դասաժամերի կրճատման քայլի, եւ մասնաւոր դասերի եւ փոքր առցանց դասընթացի համատեղում։
Ծախսերը՝
Ժամանակ եւ էներգիա, նոր հմտութիւններ սովորելու անհրաժեշտութիւն, սկզբնական շրջանում հնարաւոր եկամտի նւազում եւ փոփոխութեան հետ կապւած հոգեբանական ցնցում։
Օգուտները՝
Ապագայում աւելի բարձր եկամուտ, մասնագիտական աճ, աշխատանքային աւելի մեծ ճկունութիւն եւ սեփական կրթական արտադրանքի ստեղծում, որը կարող է երկարաժամկէտ եկամուտ ապահովել։
Եթէ առաջին 3-6 ամիսների ընթացքում ռիսկերը ճիշտ կառավարւեն, երկարաժամկէտ օգուտները կարող են գերազանցել կարճաժամկէտ ծախսերը։
Քայլ 4. Գործողութիւնների ծրագիր
1- 2-րդ ամիս՝ խորհրդակցել փորձառու ուսուցիչների հետ եւ ստեղծել փորձնական դասընթաց։
2- 3-րդ ամիս՝ դասընթացը փորձարկել փոքր խմբի հետ եւ չափել տպաւորութիւնները։
3- 6-րդ ամիսներ՝ կատարելագործել դասընթացը, սկսել պարզ մարքեթինգ եւ համագործակցել կրթական հարթակների հետ։
4- 12-րդ ամիսներ՝ աստիճանաբար աւելացնել մասնաւոր դասերի քանակն ու առցանց դասընթացի վաճառքը եւ, յաջողութեան դէպքում, նւազեցնել պետական դպրոցում դասաւանդման ժամերը։
Այս չորս բաղադրիչները միասին ձեւաւորում են յստակ, ուսումնասիրւած եւ իրագործելի աճի ռազմավարութիւնը։
Այժմ՝ ձեր հերթն է
Վերցնել որեւէ իրական որոշում՝ մասնագիտական, անձնական կամ ֆինանսական, եւ այն վերլուծել GROW, SWOT, Cost-Benefit եւ Impact-Effort մոդելներով։
Այնուհետեւ այդ վերլուծութիւնը վերածել 6-12 ամսւայ աճի ռազմավարութեան՝ սահմանելով՝
- աճի նպատակը,
- ներկայ իրավիճակը,
- հնարաւոր տարբերակներն ու ընտրւած ուղղութիւնը,
- հիմնական գործողութիւններն ու դրանց առաջնահերթութիւնը։
Յաջորդ համարում կարող ենք այս ամէնը վերածել գործնական «Աճի ռազմավարութեան» աշխատանքային թերթիկի, որը կարելի է լրացնել սեփական որոշման կամ ծրագրի համար։



