Հայաստան - ԱրցախՄշակութային

Երեւանի ապագայ Ակադեմիական քաղաքի տարածքում 15 հազար տարւայ հնութեան բնակավայր է յայտնաբերւել

Երեւանի Սիլիկեան թաղամասում, որտեղ նախատեսւում է կառուցել Ակադեմիական քաղաքը, հնագիտական պեղումների ընթացքում յայտնաբերւել է շուրջ 15 հազար տարւայ հնութիւն ունեցող բացօթեայ բնակավայր։

Հնավայրը դեռեւս 1980-ականներին յայտնաբերել էր հնագէտ Յակոբ Սիմոնեանը, իսկ լայնածաւալ ուսումնասիրութիւնները վերսկսւել են 2025 թւականին։ Այս փուլում հնագէտները հետազօտում են բլրի հարաւային լանջն ու ստորոտը։

Մօտ 500 քմ տարածքում յայտնաբերւել է շուրջ 42 կլոր յատակագծով սենեակ եւ կառոյց՝ 2-ից 5 մետր տրամագծով։ Դրանց մի մասն ունի կաւածեփ յատակներ։ Պեղումների կարեւորագոյն գտածոներից է նաեւ հասարակական նշանակութեան խոշոր կառոյցը, որի տրամագիծը գերազանցում է 17 մետրը։ Կառոյցի տարածքում պահպանւել է միջին եւ խոշոր քարերից կազմւած աղեղնաձեւ շարվածք, իսկ ներսում եւս յայտնաբերւել է կաւածեփ յատակ։

Հնագէտ Կարէն Երիցեանի տեղեկացմամբ՝ ներկայում բացւող մշակութային շերտերի տարիքը նախնական գնահատմամբ կարող է հասնել շուրջ 15 հազար տարւայ։

Հնավայրի առանձնայատկութիւնը, սակայն, միայն դրա հնութիւնը չէ։ Այդ ժամանակաշրջանի յայտնի բազմաթիւ հնավայրեր հիմնականում կապւած են քարանձաւների եւ քարանձաւային համալիրների հետ, մինչդեռ Սիլիկեանում յայտնաբերւածը բացօթեայ բնակավայր է։ Հետազօտողների գնահատմամբ՝ այն եզակի նշանակութիւն ունի Հայաստանի եւ տարածաշրջանի համար եւ կարող է նոր տեղեկութիւններ հաղորդել այս տարածքի վաղ բնակեցման մասին։

Հնագէտները նաեւ առաջարկում են հնավայրը դարձնել ապագայ Ակադեմիական քաղաքի գիտական ու կրթական միջավայրի բաղադրիչներից մէկը՝ պահպանելով այն եւ հետագայում այստեղ հնագիտական ուսումնասիրութիւններ իրականացնելով։ Նրանց կարծիքով՝ շուրջ 15 հազար տարւայ պատմութիւն ունեցող բնակավայրը կարող է դառնալ Ակադեմիական քաղաքի առանձնայատկութիւններից մէկը եւ անգամ՝ նրա բրենդի մաս։

Պեղումները շարունակւում են, եւ բնակավայրի ճշգրիտ տարիքի, չափերի ու նշանակութեան վերաբերեալ վերջնական եզրակացութիւնները դեռեւս կը կատարւեն հետագայ ուսումնասիրութիւնների արդիւնքով։

Related Articles

Back to top button