«Էթթելաաթ» օրաթերթը դարձաւ 100 տարեկան

Հարիւր տարի առաջ՝ 1926 թւականի յուլիսին, երբ «Էթթելաաթ»-ի առաջին համարը հասաւ ընթերցողին, քչերն էին պատկերացնում, որ այն կը դառնայ Իրանի ամենաերկարակեաց եւ ազդեցիկ օրաթերթերից մէկը։ Առաջին համարի էջում հրապարակւած հիմնադիր Աբբաս Մասուդիի խմբագրականը ոչ միայն ներկայացնում էր նորաստեղծ թերթի առաքելութիւնը, այլեւ արտայայտում էր այն համոզմունքը, որ անկախ լրատւութիւնը եւ հանրային վստահութիւնը մամուլի ամենամեծ կապիտալն են՝ սկզբունքներ, որոնք մէկ դար անց էլ շարունակում են մնալ մասնագիտական լրագրութեան հիմնասիւները։

Թերթի հիմնադիր, պատասխանատու խմբագիր Աբբաս Մասուդին իր խմբագրականով ներկայացնում էր նորաստեղծ օրաթերթի առաքելութիւնն ու նպատակները։ Մասուդին անդրադարձել է այն ժամանակաշրջանի մամուլի վիճակին, հասարակութեան իրազեկւածութեան խնդիրներին եւ ընդգծում, որ «Էթթելաաթ»-ը կոչւած է լուսաբանելու թէ՛ Իրանի ներքին կեանքը, թէ՛ միջազգային կարեւոր իրադարձութիւնները։
Խմբագրականում նա նաեւ յիշատակել է միջազգային ճանաչում ունեցող լրատւական գործակալութիւնների՝ Reuters, Havas եւ Anadolu-ի օրինակը՝ շեշտելով, որ դրանք եւս փոքր նախաձեռնութիւններից են վերածւել հեղինակաւոր կառոյցների՝ հանրային վստահութեան եւ պետական աջակցութեան շնորհիւ։
Աւարտելով իր խօսքը՝ Մասուդին հայրենակիցներին կոչ է անում աջակցել նորաստեղծ այս ազգային լրատւական հաստատութեանը, որի գլխաւոր կապիտալը, նրա բնորոշմամբ, հասարակութեան վստահութիւնն էր։



