ՌՄԲԱԿՈԾՒԱԾ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ԵՒ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ ԽՈՑԱԾ ԲԵԿՈՐՆԵՐԸ
«ԱԼԻՔ»-ի յատուկ ռեպորտաժը մայրաքաղաքի բնակելի թաղամասերի եւ ազգային կառոյցների վրայ Իսրայէլի յարձակման եւ փրկւածների հետ հարցազրոյցների մասին

ՀԱՏԻՍ
Յունիսի 14-ի լուսադեմին, Իսրայէլը գրոհեց Թեհրանի, Սպահանի, Համադանի, Խորամաբադի, Բորուջերդի, Թաւրիզի, Փիրանշահրի, Քերմանշահի, Իլամի եւ Արաքի տարբեր շրջանների ուղղութեամբ: Ռազմական նշանակութեամբ կէտերից բացի, Իսրայէլի ռազմաօդային ուժերը թիրախաւորեցին նաեւ տարբեր քաղաքներում բնակելի թաղամասերը: Թիրախաւորւած բնակարաններում ապրում էին ԻՅՊԿ մի շարք հրամանատարներ եւ միջուկային գիտնականներ: Նրանց սպանութիւններից բացի, բազմաթիւ քաղաքացիական անձինք նոյնպէս զոհւեցին ռմբակոծման հետեւանքով: Յարձակման առաւօտն արդէն բենզալցակայաններում կիլոմետրանոց հերթեր են գոյանում: Քաղաքը պատրաստւում է դատարկւել կարծես:
«ԱԼԻՔ»-ի հարեւանութեամբ գտնւող ռմբակոծւած շէնքերը
Պատերազմի երրորդ օրւայ կէսօրից յետոյ, օրաթերթիս խմբագրութեան աշխատանքային ժամի աւարտից մէկ ժամ անց, «ԱԼԻՔ»-ի հարեւանութեան գտնւող շէնքում երեք անընդմէջ պայթիւն է որոտում: Երեք հրթիռ մէկը միւսի հետեւից պայթում ու աւիրում են 8-յարականի կառավարական շէնքը: Ամբողջովին աւիրւում է նաեւ կողքի երեք յարկանի առանձնատունը:
Պայթիւնից փողոցը յայտնւում է սեւ փոշու տակ: Ջարդւած ու փշրւած ապակէ կարկուտ է տեղում փողոցում: Պայթիւնների ալիքը «ԱԼԻՔ»-ի բակում առաքիչների մեկնմանն սպասող տպարանի աշխատակցին շպրտում է գետին:
Անունը Ֆիւջ է: Ֆիւջն այս մասին պատմելով նշում է. «Ուշքի չեկած փողոց վազեցի: Փողոցն ամբողջովին փոշու եւ ծուխի տակ էր յայտնւել: Մօտերքից երեխայի ճիչ լսեցի: Լսողութիւնս ու աչքերս լարեցի ու տեսայ փոքրիկ աղջնակին, որ ականջները բռնած լաց էր լինում, մի քանի մետր հեռաւորութեան վրայ մայրը նրա անունն էր կանչում: Ոնց որ մէկը միւսին կորցրած լինէին: Հազիւ բռնեցի երեխայի ձեռքը, հանգստացրի, որ մօր ձայն տալով դէպի բակ ուղեցեցի: Դուրս ելայ տեսնեմ որ շէնքն են խփել: Չստերով էի: Տպարանում այդպէս հանգիստ է: Տեսայ երկրորդ ու երրորդ յարկերում երեւացող դիակները: Երկու այլ անցորդների հետ ներս մտանք: Վիրաւորների ձայնը լսւում էր: Երեքով միասին աւերակների տակից երեք վիրաւոր դուրս հանեցինք: Ամէնուր դիակներ էին թափւած: Պետական հիմնարկ էր, ու աշխատանքային ժամը դեռ չէր աւարտւել ոնց որ…»:
Նոյն տարածքում մի կին էր մնացել փլատակների տակ, իսկ այնտեղ գտնւելու ընթացքում այնքան խառն էր ամէն բան, որ նրան աւարի տակից դուրս հանելը չտեսայ։ Բացի այդ, մեր կողքին կար մի ընտանիք, որտեղ ամուսինները մնացել էին փլատակների տակ, իսկ տատիկն ու թոռները դրսում էին։ Մէկ այլ տղամարդ, որին հարւածել էր պայթիւնի ալիքը, նոյնպես դուրս էր բերւել փլատակների տակից. նա այնքան վախեցած էր, որ դստերը վանում էր՝ ասելով, որ իր աչքերով է տեսել մահը։
Ինքնամոռաց Ֆիւջին ընկերները դուրս են հանում աւերակների միջից: Շէնքը դեռ ցնցւում ու պատերը մէկը միւսին հետեւելով աւար են դառնում դիակների գլխին: «ԱԼԻՔ»-ի ներքին վարիչ՝ Արգիշտի Թովմասեանը հազիւ է նրան համոզում, որ կարողացածն արել է լաւ կանի տուն գնայ: Ֆիւջի լեզուն ժամեր անց կապ է գալիս ու սկսումն է կակազել… այդպէս մինչեւ պատերազմի աւարտի յաջորդ շաբաթ:
Խփւած շէնքը երկու փողոցից մուտք ունեցող շինութիւն է: «ԱԼԻՔ»-ի մէկ այլ աշխատակից՝ Վահէ Մովսիսեանը շէնքի միւս ճակատից էր մօտեցել դէպքի վայրին: Վահէն պատմում է, որ աւարների արանքից ներս սողալով ականջը սրեթլ է, որ վիրաւորների կամ ողջ մնացածների ձայնը լսել: «Լսեցի, որեւէ դռան կամ երկաթէ մակերեսի հարւածի ձայնը լսեցի: Պահեստանման մի սենեակից էր: Շէնքի ծանրութեան տակ դռան փողկը տձեւ էր դարձել ու դուռը լռւել էր արանքում: Ձայն տւեցի մի քանիսն էլ եկան: Թեւ-թեւի մի կերպ դուռը ծռել ու դուրս ենք հանել փակւածներին… «ու մէկ էլ որոնողական խմբերը եկան ու մեզ հանեցին դուրս»: Ամէն անգամ պատմելիս նոյն ժպիտն է բնազդաբար գծւում Վահէի դէմքին: Խօսքը կուլ չտալու կամ թախիծը զսպելու համար երեւի…
Հրթիռակոծւած շէնքի հարեւանութեամբ գտնւող տների բնակիչները լիովին տարհանւեցին։ Պայթիւնից անմիջապէս յետոյ նրանք դուրս են նետւել իրենց տներից՝ տան հագուկապով: Հազիւ հասցրել են վերցնել բջջային հեռախօսներն ու կիսաբոբիկ վազել ջարդւած ապակիների վրայով: Ոտքերն արիւնոտ են, դէմքներին սարսափի գոյնը։ Չգիտեն՝ կարո՞ղ են վերադառնալ տուն, որն արդէն ծածկւած է հողով ու փոշիով, կամ նոյնիսկ բացւած ճեղքով՝ հարեւան տան պատերի միջեւ։ Նրանց ընկերներն ու ծանօթները յայտնւել են արդէն: Օգնութիւն ու ապաստան են առաջարկում նրանց։
«Արարատ» մարզաւանի կրած վէրքը
Մարզաւանի հարեւանութեամբ գտնւող մի շարք պետական ու ոստիկանական կենտրոններ, միաժամանակ ռմբակոծման ենթարկւեցին պատերազմի 11-րդ օրը: Իսկ պատերազմի երկրորդ գիշերը, ոստիկանական ուժերը հաւաքել ու տարել էին մարզաւանի աֆղան այգեգործներին: Ստիպւած մարզաւանի Վարիչ մարմինն ու Կենտրոնական վարչութիւնն իրենք են անցնում գործի՝ կանաչապատ տարածքները ջրելու խնդիրը հերթափոխով իրականացնելու համար: Յարձակման օրը Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ մարզաւանի Վարիչ մարմնի անդամներից մի քանիսն իրենց ընտանիքներով նոյն ոռոգման աշխատանքներով էին զբաղւած երբ լսւում է առաջին ռումբի պայթիւնի ձայնը: «Երեխաները Մատուռի շրջափակում էին: Պատրաստւում էինք սրճել, երբ լսեցինք կործանիչների ձայնը, վայրկեան չանցած ծուխը երեւաց, ու մէկ էլ պայթիւնի ալիքի հետ թափով բոլորը յետ գնացին:
Անմիջապէս երեխաներին մեքենայ նստեցրինք ու տուն ուղարկեցինք: Մենք էլ շարժւեցինք ծուխի ձայնի ուղղութեամբ ծանօթանալու հնարաւոր վնասի չափերին»,- պատմում է Արման Դրորը:
«Արարատ»-ի ընթրիքների բաժնից հաւաքած բեկորնրն աւելի քան 10 կգ կը կշռւի: «Նոյնիսկ թենիսի դաշտից ենք բեկորներ հաւաքել»,- ասում է Լուդւիկ Նազարեանը:
Վանաքի Սուրբ Մինաս եկեղեցին
Վանաքի Սուրբ Մինաս եկեղեցին եւս իր կոտրւած պատուհանով է յիշելու բան ունի այս դէպքերի մասին: Եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախագահ Դերիկ Թեքդեանը մինչեւ մեր եկեղեցի հասնելը նշեց որ եկեղեցին բարեբախտաբար անվնաս է մնացել: Սակայն բակի սենեակներից մէկի պատուհանը ջարդւել եւ դուրս են թափւել ապակու կտորները: Վանաքի այս պայթիւնների ալիքից Սուրբ Մինաս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից մէկի տան սպսաքն ու ջահն (լուստրը) է առաստաղից պոկւել ու ընկել սեղանին:
Սէյէդ-Խանդանում բնակւող հայ ընտանիքի տան աւերակները
Թեհրանի վրայ Իսրայէլի յարձակումների վերջին գիշերն էր, երբ նախորդ շաբաթ Թեհրանից դէպի Կասպիական ծով հեռացած Արսէնի ընտանիքը տուն է վերադառնում, որ ճամբրուկները հաւաքեն ու Հայաստան տեղափոխաւեն: Արսէնն այնտեղ ծանօթներ ունի, եւ որոշում է որոշ ժամանակ ընտանիքին հեռու պահել պատերազմի արհաւիրքից:
Յայտնւում ես դէպքի վայրում: Անցնում ես ոստիկանութեան ամրացրած դեղին ժապաւէնի տակով ու բարձրանում Թեհրանի հին տներին յատուկ աստիճաներով:
Արսէնենց տան բակը նայող բնակարանն է այդ գիշեր յարձակման թիրախ դառնում: Պայթիւնի պահին Արսէնի աղջնակն իր սենեակում հազիւ ինտերնետ գտած իր ընկերուհիների հետ էր կիսւում տպւորութիւններով: «Միանգամից ոնց որ քեզ անկողնուցդ դուրս շպրտեն: Նետւելս ու պատուհանի ապակիների ջարդւելը մէկ եղաւ: Դուրս եկայ սենեակից՝ տեսնեմ տատս արեան մէջ կորած մերոնց գրկում է: Բոլորով միասին տեղափոխւեցինք հիւանդանոց»,- պատմում է փոքրիկ Նարէն:
Արսէնին ու Գրետային մի անգամ էլ տան աւերւած կահոյքը դուրս հանելուց ենք հանդիպել: Հին նկարները, ալբոմները, Նարէի սենեակի պատին փակցւած գնահատագրերը, գետնին ընկած փափլիկ արջուկները, պատին գծւած՝ Նարէի սիրած մարզաձեւի՝ վոլէյբոլի գնդակ, եւ վերջապէս գրասեղանի պատին փակցւած ուսումնական տարին փակող քննութիւնների ծրագիրը: Թերթիկում երեւում են յանձած առարկաների խզբզած տողերի ներքեւում մաքուր մնացած տողեր կան…
Գրետան հարցերին պատասխանելիս երբեք ինքնատիրապետումը չի կորցնում: Չգիտես դէպքն է սեղմել մարդու եւ ամրացրել, թէ ինչ… նստում ենք սեղանի շուրջ, որտեղ նրանք երեկոյեան սրճել են միասին ու հեռուստացոյց դիտել: Սենեակը դէպի Շարիաթի բացւող պատուհանով պատշգամբ ունի: Ամուսիններով նստում ու մէկը միւսի սիգարէտը կպցնելով ծուխը ներս տալիս ու խորը հոգոց են հանում… Կահոյքը, պահարանները, առաստաղը, ամէն ինչ աւերակների են վերածւել. խոհանոցում կոյտ-կոյտ էին ճարճատւած կաթսաները, բոլոր ափսեները կոտրւած են, ու ամէն բան այնքան համանւագ է, որ կարծես այս խոհանոցն ու այդ օրերին ամայացած քաղաքը միշտ էլ այսպիսին են եղել…
Արսէնը պատմեց, որ այս տունը յայտնի է նաեւ ժամանակին Թեհրանի յայտնի լուսանկլարչատներից մէկի՝ Լեւոն լուսանկարչատան՝ Գրետայի հօր լուսանկարչատան համբաւով: «Տեսնում ես, մի կայծակի տեւողութեամբ դէպքը կարող է մի ամբողջ պատմութիւն փոշու տակ առնել»,- ասում է Արսէնն ու փոշու տակ կորած գիտառն է վերցնում, խնդրում եմ մի բան նւագի: «Ինքս էլ եմ լարից ընկած, ուր մնաց էս փայտի կտորը»,- ասում Արսէնը:
Այդպէս ամէն բան պատմութիւն ներկայացնող լուսանկարչատան պէս կարող է մի վայրկեան դառնալ փայտի կտոր: Սա կարող ես տեսնել Արսէնի աչքերի մէջ նայելով: Նոյնն է ասում, բայց այս անգամ բառերով, տանը մասունքի պէս պահւող Էջմիածին մայրավանքի մակետի մասին, որը 50 տարի առաջ նրան է նւիրել իր հանգուցեալ հօրեղբայրը: «Քարից է պատրաստւած, մէկը մէկին չափով ու հաշււած: Սա էլ չդիմացաւ ու աւիրւեց»,-ասում է Արսէնն ու վիրակապը բացւող ձեռքը մակետի կողմն ուղղում:
Արսէնը, Գրետան, Նարէն եւ 72-ամեայ Անահիտ տոտան այժմ ժամանակաւորապէս բնակւում են Թեմական խորհրդի տրամադրած վայրում: Գրետան յոյս ունի ամէն բան շուտ աւարտւի եւ հնարաւորութիւն կը ստանայ վերակառուցել իր օջախը նոյն վայրում:
Շարիաթիի ուսանողական հանրակացարանը
Փոքրիկ Նարէի տան կողքի փողոցում ուսանողական ոչ մեծ մի հանրակացարան կար: Պայթիւնից մի քանի ժամ առաջ Մահթաբ անունով ուսանողուհին քնած էր իր անկողնում, ով լուսադէմին բազմաթիւ վերքերով ու կոտրւածքներով արթնանում է փողոցի ասֆալտին փռւած:
Պայթիւնի ալիքը նրան դուրս էր շպրտել սպիներով: Այդ պահին Մեհդի անունով երիտասարդը ով նոյնպէս մոտոսիկլետից գլխիվայր գլորւել էր գետին՝ պայթիւնի ալիքից, տեսնում է արեան մէջ կորած Մահթաբին: Նա նրան նստեցնում է մոտոցիկլետի վրայ, ու քշում քաղցկեղով հիւանդ մօր տուն, որ վիրակապ դնեն վերքերին:
Մայրը կապում է վերքերը, հագցնում, ապա զանգում շտապօգնութեան ծառայութիւն։ Ոստիկանութիւնը գալիս է ու Մահթաբին տեղափոխում հիւանդանոց:
Տները, որոնք գտնւում էին հրթիռային հարւածներից մի քանի տասնեակ մետր հեռաւորութեան վրայ, նոյնպէս սարսափելի տեսք ունէին: Աւերւած, մարդկանց ունեցւածքը հողակոյտի վերածւած, իսկ հարազատների կորուստը արդէն մոռացութեան էր տալիս միւս բոլոր արհաւիրքները:
Ոմանք իրենց աչքերով են տեսել պայթիւնի ալիքը, որին յաջորդել են պատուհաններից ծածանւող վարագոյրների մահւան պարը, պատուհաններից դուրս շպրտւող ջարդուխուրդ եղած ապակիները, եւ ապակիներից վիրաւորում ստացած անցորդները, որոնք մի քանի ժամ մոռացել էին թէ ինչից են այդ վերքերը:
Սա այն հարեւանների իրավիճակն է, որոնց տներն ու գրասենեակները գտնւում են պայթիւնի վայրից շուրջ 50-100 մետր հեռաւորութեան վրայ: Իսկ այն տները, ովքեր աւելի մօտ էին եւ ուղիղ գտնւում էին հարւածն ընդունած շէնքի դիմացը, կանգնած մեռածների են նման, դեռ քարը քարի վրայ մնացած աւերակների…
Նկարել չի թոյլատրւում
Պատերազմի առաջին օրը, պարտաճանաչ լուսանկարչի օրինակով, դուրս ես գալիս առաքելութիւնդ իրականացնելու: Մօտենում ես Նարմաք քաղաքամասում առաջին յարձակման արդունքում աւիրւած շէնքին: Կողքից մի երկու մրգահիւթ ու գաթա ես վերցրել, որ պէտք եղած ժամանակ հիւրասիրես հանդիպակածդ տուժած մարդուն:
Փոշոտ շորերով մի ընտանիքի ես մօտենում: Նրանց ես փոխանցում գաթան ու մրգահիւթը, եւ ինքնաբերաբար հարցնում. «Ի՞նչ է ձեզ պէտք»: Պատասխանում են. «Մեզ ոչինչ պէտք չէ: Դրսից ճաշ ենք պատւիրել երեխաների համար: Կերել ենք մեր սեփական ուտելիքը: Էնպէս, որ եթէ լուսանկարելու ես եկել, ուտելիքով սիրտ մի շահիր: Մենք դրան կարօտ չենք»:
Գլուխդ վերցնում ու հեռանում ես: Այստեղ իւրաքանչիւր վայրկեանն ու պահը, կեանքի դաս կարող է լինել քեզ հեամար: Ամէն մէկը, մի տասը օր խիղճդ քերող դաս… Կողքից էլ նկատում են քեզ քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր պարզւում է անվտանգութեան ուժերից են: Բարեհամբիւր մօտեցմամաբ ստուգում են թղթերդ ու յիշեցնում, որ նկարել չի թոյլատրում, իսկ նկարլելու դէպքում՝ արդէն հարց ու պատասխանն այստեղ չէ, որ իրականացւելու է: Սովորաբար ժպտում ես նման դէպքերում, բայց այսօր ծիծաղդ չի գալիս…
Այսօր, երբ օրեր են անցնում այդ 12-օրեայից, սովորական դարձած այդ պատերազմական տեսարանի մօտով անցնելիս, ոմանք լուսանկարում ու տեսանկարահանում են, ոմանց աչքերն էլ մի քանի րոպէ սառում են շէնքի վերին յարկերի տեսարանին նայելուց, որոնց պատերն ու պատուհանները քանդւել են ու մրոտւած մնում են տեղում։