ԹեհրանՀամայնքՀասարակական

«Քուչէ Հոլանդ»

Մէկ աղէտի պատմութիւն

ՀԱՏԻՍ

 

1962 թւական, 9 սեպտեմբերի …կէսգիշերւայ ժամը 23-ին, Ներքին գիւղի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերի ղօղանջը՝ զանգակատան գետին տապալւելու պատճառով էր: Ղարաղան գիւղական շրջանի բնակիչների ոտքի տակ գետինը բացւեց: Ցնցումները տեւեցին այնքան ժամանակ, քանի աւարի ու փոշու տակ չէր թաղւել մարդկային կեանքեր… գիւղացու եղած չեղածն էլ իր հետ տանելով:

Հայկական Ներքին գիւղն ամենաշատ զոհեր ունեցող աւանների շարքում էր… 

Երկրաշարժի հետեւանքով հիմնովին փլատակի է վերածւում հայկական Ներքին գիւղը: Միւս հակական գիւղերում էլ աւերածութեան հետքեր կան: Ներքին գիւղը միայն հայերով էր բնակեցւած: Գիւղի բնակիչների զգալի մասը զոհւում է, հիմնականում կանայք ու երեխաներ: Մահից փրկւում են նրանք, ովքեր գիշերային ջրի բաժին ունէին ու հերթափոխի են դուրս եկել: Վերին գիւղում եւս աւերածութիւն է գրանցւել, որտեղ փլատակների տակ են մնացել հայ գիւղացիներից շատերը:

Այժմ Ղարաղանի թւով 9 հայկական գիւղերի եկեղեցիներից կանգուն է միայն Սուրբ Սարգիս եկեղեցին:

Այս մասին պատմում են աղէտի գօտուց Հոլանդ նրբանցք փոխադրւած հայերը, ում հետ զրոյցի ես բռնւել Սասուն քաղաքամասի Սուրբ Թարգմանչաց եկեղեցու բակում:

Իսկ այն մասին, թէ երկրաշարժն ինչքանով է ազդել երկրաշարժից քիչ վնասներ կրած Ղարաղանի միւս գիւղերի եկեղեցիների անէացման հարցում, մէկ այլ առիթի թեմա է:

Հայկական գիւղերի տուժածների մասին ստոյգ թւեր պարզել չյաջողւեց ցաւօք, այնուամենայնիւ, ինչպէս զրուցակիցս է ասում, նոյնիսկ եթէ մէկ զոհ կայ, ապա դա եւս շատ է: «Հարցրէ՛ք ընտանիքներին: Նրանց համար այլեւս հարիւրն ու հազարը չափանիշ չէ, երբ իրենց տանիքից պոկւած հրեշտակ կայ»… Երկրաշարժը խլել էր աւելի քան 20,000 մարդկային կեանք, աւերելով աւելի քան 100 գիւղեր:

Ինչքան էլ, որ փորձելու լինես սեւեռւել «Քուչէ Հոլանդ»-ի վրայ ու շրջանցել երկրաշարժի թեման, անհնար է, յատկապէս, երբ գիտես չէր լինելու մէկը, եթէ տեղի ունեցած չլինէր միւսը:

Զարքէշ թաղամասի նեղ ու քով-քովի պատուհաններով տներն իրենց սրտում պահած փողոցներից ու նրբանցքներից անցնելով կը հասնէք նրբանցքի, որի մուտքի ցուցանակին փորագրւած է Հոլանդ անունը։ Փոքր ժամանակ խաղալիս լսել էինք Հոլանդի երեխաների մասին, այդպէս էլ գիտէինք որ հոլանդացիներ են: Տղայական խաղերի ժամանակ ծագած վէճերի ու վիկինգների կռւի վերածւած ծեծկռտուքներից պարզ էր դառնում, որ այնքան էլ անկապ չէր մեր այդ հոլանդացիներ ձեւակերպումը:

Միատարր տներով նրբանցք, որի անւանակոչման պատմութիւնը կապւած է 1962 թւականի Բուին Զահրաում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետ։ 

LIFE ամսագրի 36-ամեայ լուսանկարիչ Փօլ Շացերն այն մարդկանցից էր, ով Իրան էր եկել Բոյին Զահրայի երկրաշարժը լուսաբանելու: Նրա նկարները, որոնք տպագրւել են LIFE-ի 1962 թւականի սեպտեմբերի 21-ի համարում՝ երկրաշարժից 10 օր անց, որոնք աղէտի մասին պատմող ամենախօսուն յիշողութիւններից են։

LIFE-ի այս թողարկումը անգնահատելի դեր է ունեցել միջազգային հանրութեան ուշադրութիւնն այս կողմ սեւեռելու հարցում:

LIFE-ից ազդւած Հոլանդիայի թագուհի Իւլիանան եւ թագաժառանգն անմիջապէս օգնութեան ձեռք են մեկնում երկրաշարժից տուժածներին եւ Իրան այցելած արեւմտեան երկրների պաշտօնեաններից առաջիններից էին, ովքեր այցելում են աղէտի գօտի:

Թագուհի Իւլիանան, արքայազն Բեռնարը եւ արքայադուստր Բեատրիսը Նիդեռլանդների ամենաբարձրաստիճան թագաւորական պաշտօնեաներն էին, ովքեր 1963 թւականի սեպտեմբերի 11-ին՝ մէկ տարի աղէտից անց, Իրանի պաշտօնական հրաւէրով մի քանի օրով հիւրընկալւում են Փահլաւի ընտանիքին։

Այցի ընթացքում Նիդեռլանդների թագուհին, իր պատւին կազմակերպւած յատուկ միջոցառումներին մասնակցելուց բացի, սեփական պնդմամբ, այցելում է աղէտի գօտի տեղեկանալու երկրաշարժից տուժածներին տրամադրւող օգնութիւնների մասին: Նրա այցի առաջին արդիւնքներից էր կառուցւած մանկատունը: Նա ազդւած լինելով տուժածների ծանր վիճակով, նախաձեռնում է հոլանդացիների հաշւին վերակառուցել աղէտի գօտիի գիւղերից քանիսը:

Ժամանակին արեւմտեան մամաուլում Հոլանդիայի թագուհու այցը լուսանկարներով ներկայացրել է Ջ.Վ. Վորֆը: Նա ուղեկցում էր թագաւորական ընտանիքի պատւիրակութեանը Բոյին Զահրա կատարած այցի ընթացքում:

Վորֆի լուսանկարները հետաքրքիր են, յատկապէս այն առումով, որ ցոյց են տալիս երկրաշարժից մէկ տարի անց՝ տուժածներին օգնութիւն տրամադրելու գործընթացը:

Միաժամանակ, Նիդեռլանդների թագուհու հրամանով, մայրաքաղաքում գնւեց հողամաս երկրաշարժից տուժած հայերի համար, եւ նոյն տարածքում գտնւող երեք նրբանցքներում կառուցւեց 70 բնակելի տուն, որոնցից մէկն անւանւել է Հոլանդական նրբանցք՝ Հոլանդիայի թագուհու եւ իր երկրի կառավարութեան պատւին։

Մայրաքաղաքի այս հատւածն ընտրւել է այն պատճառով, որ այդ տարիներին, Մաջիդիէի եւ Նարմաքի շրջաններում էին հաստատւել գիւղերից քաղաքաք տեղափոխւած հայեր, շրջանն ու թաղամասը դարձնելով հայաբնակ:

«Հոլանդ» նրբանցքից բացի, կառուցւել են եւս երկու նրբանցքներ՝ «Զառին» եւ «Մադրասէ արամանէ» (Հայկական դպրոց) անուններով, եւ այժմ բոլոր երեք նրբանցքներն էլ գոյութիւն ունեն նոյն անուններով՝ Զարքէշի սրտում։

 Այժմ, շուրջ 5 տասնամեակ անցնելուց յետոյ, «Քուչէ Հոլանդ»-ի տներից մի քանիսի ճակատային տեսքը աստիճանաբար փոխւել է, փողոցում բնակութիւն են հաստատել նաեւ պարսկախօս հարեւաններ, բայց այն դեռեւս պահպանում է իր նախկին մթնոլորտը՝ նրբանցքի վերջում կառուցւած եկեղեցու հետ միասին։ «Քուչէ Հոլանդ»-ի դէպքում ո՛չ անւանափոխել կարելի է, ո՛չ էլ պատմութեան ուրացում: Այն իր սրտում խաղացող սերունդներին կեանք պարգեւող յուշահամալիրի իրական դերում է: 

Related Articles

Back to top button